
ՀՀ պաշտպանության նախարարությունը իրավական նախագծերի e-draft.am առցանց հարթակում հանրային քննարկման է ներկայացրել «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ընդլայնել ռազմական ոստիկանության լիազորությունները։
Ըստ նախագծի՝ առաջարկվում է ռազմական ոստիկանության լիազորությունների շրջանակ բերել հեռախոսային և թվային հաղորդակցության վերահսկումը։
Ինչ է սա նշանակում
Ռազմական ոստիկանությանը ևս իրավունք կվերապահվի իրականացնել «Թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառումը՝ նույն ընդհանուր պահանջներով, որոնք արդեն գործում են ոստիկանության, քրեակատարողական ծառայության և Հակակոռուպցիոն կոմիտեի համար։
Ռազմական ոստիկանությանը կթույլատրվի օրենքով սահմանված կարգով ստեղծել իրականում գոյություն չունեցող, կեղծ կազմակերպություններ՝ օպերատիվ գործունեության գաղտնիության ապահովման համար, ինչպես նաև իրավունք կստանա օգտագործել Ազգային անվտանգության մարմինների պատրաստած քողարկող փաստաթղթերը։
Ինչպե՞ս է նախագիծը հիմնավորում ՀՀ Պաշտպանության նախարարությունը
Ըստ նախարարության՝ Ռազմական ոստիկանությանը (ՌՈ) հեռախոսային և թվային հաղորդակցության վերահսկումը լիազորելը կնպաստի մեր երկրում ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտմանը։ ՊՆ-ից նշում են, որ ներկա գործիքակազմը բավարար չէ թմրամիջոցների ու զենք-զինամթերքի ապօրինի շրջանառությունը, զինվորական ունեցվածքի հափշտակությունները և պաշտոնատար անձանց հանցագործությունները ժամանակին կանխելու համար։
Բացի այս, հեռախոսային և թվային հաղորդակցության վերահսկումը թույլ կտա ռազմական ոստիկանությանը կանխարգելել Զինված ուժերում արտակարգ դեպքերը։ Որպես նոր գործիքների կիրառման օրինակ է բերվում զինված ուժերում ինքնասպանության հասցնելու, շորթման դեպքերը, ոչ կանոնադրական հարաբերություններն ու քրեական ենթամշակույթի դրսևորումները բացահայտելու անհրաժեշտությունը։ Նախագծի հեղինակները կարծում են, որ վերահսկելով հեռախոսային և թվային հաղորդակցությունը ՀՀ զինված ուժերում՝ ռազմական ոստիկանությունն ավելի օպերատիվ կգործի և կկարողանա կանխել վերոհիշյալ դեպքերը։
Ի՞նչ ռիսկեր են տեսնում փորձագետները
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Արթուր Պապյանը «Քաղաքացու Ձայն»-ին ասում է՝ գնալով մտահոգիչ է դառնում մեր երկրում ուժային կառույցներին տոտալ վերահսկողական գործառույթներ տալը․ «Առհասարակ տենդենցը բավական մտահոգիչ է։ Խնդիրը միայն ռազմական ոստիկանությունը չի։ Խնդիրն այն է, որ երևի մոտավորապես 2021 թ․ից մենք տեսնում ենք, որ նորանոր ուժային կառույցներ ստանում է լիազորություն՝ հեռախոսային և թվային հաղորդակցությունը վերահսկելու։ Նախկինում միայն Ազգային անվտանգության ծառայությունն էր, որ ուներ նման լիազորություն, հետո ոստիկանությունը ստացավ գործիքակազմ և այդպիսի լիազորություն, հետո, եթե չեմ սխալվում ֆինանսական՝ ՊԵԿ-ի վերահսկողական ծառայությունը, այսինքն՝ մենք տեսնում ենք ընդհանուր տենդենց մեր երկրում, որ ուժային կառույցներին հետևողականորեն ավելի ու ավելի շատ լիազորություններ են տալիս գաղտնալսելու և սա մենք նաև տեսանք այս տարվա ընտրությունների կոնտեքստում, երբ գաղտնալսումներ են կազմակերպում»։
Արթուր Պապյանի դիտարկմամբ՝ անգամ եթե այդ գաղտնալսումները հրապարակվում են, հասկանալի չի, արդյոք դրանք հիմնավորված են։ Նա հիշատակեց նաև ՀՀ 2-րդ նախագահի՝ օդանավակայանի սրահում արված լուսանկարները, որոնք ԱԱԾ-ն էր հրապարակել։ Այստեղ գործ ունենք «տոտալ վերահսկողության» հետ և այդ տվյալների հասանելիություն այնպիսի լրատվամիջոցներին կամ արտահոսքեր, որոնք լուրջ խախտում են պարունակում անձնական կյանքի գաղտնիության տեսակետից։
Անձնական տվյալների պաշտպանության գործակալության նախկին պետ, փորձագետ Գևորգ Հայրապետյանը, մինչդեռ, օրենքի նախագծում անձնական տվյալների հետ կապված դեռևսծ ռիսկեր չի տեսնում։ «Քաղաքացու Ձայն»-ի հետ զրույցում Գևորգ Հայրապետյանը հստակեցնում է․ «Արդեն գործող այլ իրավապահ մարմինների ցանկին ավելանում է ռազմական ոստիկանությունը և այս կոնտեքստում օրենքի նախագծում չկա այնպիսի դրույթ կամ ձևակերպում, որը մտահոգության ակնհայտ տեղիք կտար անձնական տվյալների կամ մարդկանց այլ ինտերնետ ազատությունների կամ մասնավոր կյանքի անձեռնմխելիության։ 2 առանձին խմբով նշել են՝ «կոնկրետ հանցագործությունների խմբերը, որոնց բացահայտման, կանխման կամ նախականխման կամ խափանման համար» ռազմական ոստիկանությունը այս նոր լիազությունը կարող է օգտագործել։ Այս պահին, առնվազն, անձնական տվյալների միջամտության անհամաչափ ռիսկի մտահոգություն նախագծի տեքստում չկա»։
«Արդյո՞ք սա նշանակում է, որ հետագայում նման լիազորությունը ոչ իրավաչափ կերպով կարող է անդրադառնալ մարդկանց տվյալների պաշտպանության իրավունքին» հարցին Գևորգ Հայրապետյանը բացասաբար արձագանքեց։
Ասաց՝ միջոցառման ընթացքում հավաքված ու իրավապահ մարմնի մոտ պահպանված տվյալների անվտանգությունը՝ կազմակերպչական տեխնիկական մասով այնքան խնդրահարույց չէ, որքան օրենքի հետագա կիրառման մեխանիզմները։ Արժի, որ հետագայում ուշադրության արժանանա օրինակ, թե ռազմական ոստիկանությունն ինչպես է կիրառում իր վերահսկողական գործառույթի շրջանակում իր տրամադրության տակ հայտնված անձնական տվյալները։
