
Front Line Defenders-ը հայտարարություն է տարածել բնապահպան, փաստաբան Նազելի Վարդանյանի դեմ շարունակվող դատական հետամնդումների վերաբերյալ։
Հայտարարության մեջ մասնավորապես ասված է․ «2026 թ. հոկտեմբերի 29-ին Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանում շարունակվեց դատավարությունը՝ ընդդեմ կին բնապահպան իրավապաշտպան Նազելի Վարդանյանի։ Գործը հարուցվել է 2026 թ. փետրվարին՝ հանքարդյունաբերական «Լիդիան Արմենիա» (Lydian Armenia) ընկերության կողմից, որը պնդում է, թե տեղի է ունեցել զրպարտություն։ Մասնավորապես, հայցը վերաբերում է բնապահպան իրավապաշտպանի կողմից առցանց լրատվամիջոցին տրված հարցազրույցին, որում նա մտահոգություն էր հայտնել Ամուլսարի ոսկու և արծաթի հանքավայրի վերաբացման և շահագործման՝ շրջակա միջավայրի վրա ունեցած ազդեցության վերաբերյալ։ Հաջորդ դատական նիստը նշանակված է 2026 թ. դեկտեմբերի 3-ին։
Նազելի Վարդանյանը հայ իրավապաշտպան է և շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտում գործող երկարամյա իրավապաշտպան։ Նա ղեկավարում է «Հայաստանի անտառներ» (Armenian Forests) հասարակական կազմակերպությունը, որը զբաղվում է Հայաստանի անտառների պահպանությամբ՝ խթանելով անտառների վերականգնումը, իրականացնելով շահերի պաշտպանություն, կրթական ծրագրեր և ներգրավելով համայնքներին։ Նա երկար տարիներ ակտիվորեն զբաղվել է Ամուլսարի ոսկու հանքավայրի, ինչպես նաև դրա՝ շրջակա միջավայրի, սոցիալական ոլորտի և մարդու իրավունքների վրա ունեցած ազդեցությունների հետ կապված իրավական և հանրային պաշտպանության գործունեությամբ։
2026 թվականի հոկտեմբերի 29-ին տեղի ունեցած դատական լսումը «Lydian Armenia» ընկերության կողմից շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտի իրավապաշտպանի նկատմամբ իրականացվող դատական հետապնդման շարունակությունն է։ 2026 թվականի փետրվարի 26-ին ընկերությունը հայտարարեց Նազելի Վարդանյանի դեմ դատական գործընթաց սկսելու մասին՝ որպես ուղղակի հետևանք նրա այն հարցազրույցի, որը հրապարակվել էր «Panorama.am» լրատվամիջոցում 2026 թվականի հունվարի 20-ին։ Այդ հարցազրույցում նա մտահոգություն էր հայտնել Ամուլսարի հանքարդյունաբերական նախագծի՝ շրջակա միջավայրի վրա ունեցած երկարաժամկետ ազդեցության վերաբերյալ։ «Lydian Armenia»-ն իր հայտարարության մեջ պնդել է, թե իրավապաշտպանի արած մեկնաբանությունները «կարծես թե միտումնավոր ուղղված են եղել «Lydian Armenia»-ի գործարար համբավին վնաս հասցնելուն և Ամուլսարի նախագիծը վարկաբեկելուն»։ Դատական հայցով պահանջվել է, որ Նազելի Վարդանյանը հետ վերցնի իր հայտարարությունը և հանքարդյունաբերական ընկերությանը վճարի 6,000,000 ՀՀ դրամ (մոտավորապես 13,000 եվրո)՝ որպես վնասի փոխհատուցում։
Շատ իրավապաշտպաններ մտահոգություններ են հայտնել Ամուլսարի ոսկու հանքի շրջակա միջավայրի վրա ազդեցության, այդ թվում՝ ջրային ռեսուրսների և կենսաբազմազանության համար հնարավոր ռիսկերի վերաբերյալ։
Հանքը պաշտոնապես սկսել է գործել 2026 թվականի հոկտեմբերի 10-ին։ 2026 թվականի հոկտեմբերի 12-ին հայկական քաղաքացիական հասարակության կազմակերպությունները հրապարակային հայտարարություն են տարածել՝ վիճարկելով վերաբացումը։ Նրանք կոչ են արել լրացուցիչ շրջակա միջավայրի գնահատում և հանքարդյունաբերական գործունեությունը թույլատրող որոշման վերանայում։
Մարդու իրավունքների պաշտպանները լուրջ մտահոգություններ են հայտնել «Լիդիան Արմենիա» ընկերության բաժնետոմսերի 12.5%-ը Հայաստանի կառավարությանը «նվիրաբերելու» վերաբերյալ։ Սա կարող է մեկնաբանվել որպես «պետության կողմից ընկերության գործունեության օրինականացում»։ «Լիդիան Արմենիա»-ի հայտարարությունը Նազելի Վարդանյանի դեմ դատական հայց ներկայացնելու մասին նմանատիպ կարծիք է արտահայտել՝ ենթադրելով, որ «կին շրջակա միջավայրի իրավապաշտպանի» մեկնաբանությունները վնասակար են ոչ միայն ընկերությանը, այլև «Հայաստանի քաղաքացիների օրինական շահերին», քանի որ հանքարդյունաբերական նախագիծը համարվում է «Հայաստանի Հանրապետության համար զգալի տնտեսական նշանակություն ունեցող»։
Սա առաջին դեպքը չէ, երբ «Լիդիան Արմենիա»-ն (Lydian Armenia) թիրախավորում է բնապահպանական իրավունքների պաշտպաններին։ «Կանաչ Հայաստան» (Green Armenia) բնապահպանական կազմակերպությունը փաստագրել է, որ 2018-2020 թվականների ընթացքում ընկերությունը ներկայացրել է առնվազն 19 «հանրային մասնակցության դեմ ուղղված ռազմավարական հայց» (SLAPP)։ Ընկերության սեփական հայտարարության համաձայն՝ 2020 թվականին այն հայց է ներկայացրել Նազելի Վարդանյանի դեմ, որը, սակայն, արդյունք չի տվել։ Այս գործը հասել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որը վերջերս հրապարակված հաղորդագրության մեջ նշել է, որ տեղի է ունեցել նրա՝ արտահայտվելու ազատության իրավունքի խախտում՝ հակասելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածին։
2025 թվականի դեկտեմբերից ի վեր «Լիդիան Արմենիա»-ն թիրախավորում է մեկ այլ կին իրավապաշտպանի՝ Թեհմինե Ենոքյանին՝ սոցիալական ցանցերում նրա կատարած հրապարակման համար։ Այդ հրապարակման մեջ փաստագրված էր, թե ինչ վնաս է հասցրել Ամուլսարի հանքի շինարարությունը ջրամատակարարման խողովակաշարերին։ Նազելի Վարդանյանի դեմ ներկայացված հայցի նմանությամբ՝ ընկերությունը պահանջում է վնասի փոխհատուցում և հրապարակային հերքում։
«Front Line Defenders»-ը խորը մտահոգություն է հայտնում բնապահպանական իրավունքների պաշտպան Նազելի Վարդանյանի նկատմամբ շարունակվող դատական հետապնդումների կապակցությամբ։ Կազմակերպությունը գտնում է, որ իրավապաշտպանը թիրախավորվել է մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված իր օրինական և խաղաղ գործունեության համար, այդ թվում՝ հանքարդյունաբերական գործունեության հետևանքով շրջակա միջավայրին և մարդու իրավունքներին սպառնացող վտանգների վերաբերյալ հիմնավոր մտահոգություններ բարձրաձայնելու ջանքերի պատճառով։
«Front Line Defenders»-ը շարունակում է մտահոգված մնալ Հայաստանում իրավապաշտպանների և լրագրողների դեմ կիրառվող «հանրային մասնակցության դեմ ուղղված ռազմավարական հայցերի» (SLAPP) առնչությամբ։ Նման հայցերը ճնշող ազդեցություն են ունենում իրավապաշտպանների գործունեության վրա՝ հատկապես հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի դեպքում։
«Front Line Defenders»-ը կոչ է անում Հայաստանի իշխանություններին՝
1. Անհապաղ չեղարկել Նազելի Վարդանյանի դեմ առաջադրված անհիմն մեղադրանքները.
2. Սահմանափակել այնպիսի դատական հայցերի կիրառումը, որոնք նման են «հանրային մասնակցության դեմ ուղղված ռազմավարական դատական հայցերին» (SLAPP) և խոչընդոտում են իրավապաշտպաններին իրականացնել իրենց գործունեությունը.
3. Բոլոր պարագաներում երաշխավորել, որ Հայաստանում գործող բոլոր իրավապաշտպանները, այդ թվում՝ բնապահպանական իրավունքների պաշտպանները, կարողանան իրականացնել իրենց օրինական իրավապաշտպան գործունեությունը՝ առանց հետապնդումների վախի և զերծ ցանկացած սահմանափակումներից, այդ թվում՝ դատական հետապնդումներից։
