
Վայոց ձորի Աղավնաձորից ֆերմեր Հովակիմ Սաղաթելյանը գրում է․«Մենք խլուրդների ազգ չենք, մենք արծիվների և առյուծների ազգ ենք (տեսե՛ք մեր զինանշանը)։
Եթե կան ֆինանսական դժվարություններ, և հենց այդ պատճառով ենք մխրճվում մեր մայր հողի ընդերքը՝ նոր հանքերով վտանգելով մեր երեխաների ապագան, ապա ավելի լավ է նոր հարկ սահմանել, թեկուզ ժամանակավոր, որով կհարկվեն հարուստներն ու բարձր աշխատավարձ ստացողները։
Ես ֆինանսիստ չեմ, որ հաշվարկեմ այդ թվերը։ Հաշվարկները թող անեն Ֆինանսների նախարարությունում, որ հանքերից սպասվող եկամուտներից ավել գումար հարկվի (նամանավանդ խորհրդարանում փողոցի ռազբոռկա անողներից)։ Դա մեզ ժամանակ կտա, մինչև սկսենք աշխատեցնել մեր գլուխն ու սիրտը և խելքի բերենք մեր երկիրը։ Գաղութային մտածելակերպով, երկիր չենք կառուցի... Է
Հ.Գ. Հազարավոր խաղողի վազեր ենք տնկել։ Մեր ընկերությունն առաջինն է եղել Վայոց ձորում, որը ստացել է այգիների և գինու օրգանական սերտիֆիկացում՝ եվրոպական չափանիշներին համապատասխան։ Այժմ հարյուրավոր ծառեր եմ տնկում, իսկ եկող տարի կփորձեմ մեր սրբազան Մայրին տնկել։
Եղել եմ Վայոց ձորի ջրերի ակունքներում, որոնցով ոռոգվում են մեր այգիները։ Լողացել եմ այդ ջրերում և խմել այդ սրբազան ջրից։
Եթե նույնիսկ մեկ տոկոս վտանգ կա, որ որևէ աղբյուր կարող է ապականվել, առնվազն տգետ պետք է լինել՝ այն վտանգելու համար։
Իսկ եթե փող է պետք, գնացեք և հարկեք ունևորներին։ Կարծում եմ՝ հարուստները ըմբռնումով կմոտենան երկրի անվտանգությանն աջակցելու գաղափարին՝ թե՛ արտաքին վտանգներից, թե՛ մարդածին աղետներից պաշտպանվելու համար»։
