
Բնապահպանության փորձագետ Այսեր Ղազարյանը գրում է․ «Աշխարհը նայում էր Հայաստանին, իսկ մենք լռեցինք Շիկահողի մասին
Ժողովրդական ասացվածքն ասում է՝ վերքը տիրոջն է ցավացնում։ Իսկ եթե չի ցավացնում, ուրեմն մտահոգվելու առիթն ավելի քան լուրջ է։
Այս մտորումների առիթներից մեկը Forbes-ի հետ համատեղ Elite Reports-ի պատրաստած հոդվածն է՝
«COP17: All Eyes on Armenia as the World Gathers for Biodiversity»
(«COP17․ Բոլորի հայացքներն ուղղված են Հայաստանին, երբ աշխարհը համախմբվում է հանուն կենսաբազմազանության»)։
COP17-ի շրջանակում Երևանը հյուրընկալեց կառավարությունների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների, առաջնորդների և բնապահպանների ամբողջ աշխարհից՝ նրանց միավորելով կենսաբազմազանության ապագայի շուրջ։ Սա Հայաստանի համար առիթ էր ոչ միայն աշխարհին ներկայացնելու իր տեսլականը, հավակնություններն ու բացառիկ բնական ժառանգությունը, այլև առերեսվելու սեփական բնապահպանական մարտահրավերներին։ Նման հնարավորություն հազվադեպ է լինում։
Հարցը հենց սա է. արդյո՞ք մենք օգտագործեցինք այդ հնարավորությունը։
Հարցազրույցում ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանն ընդգծում է, որ կենսաբազմազանության պահպանությունը դուրս է եկել մասնագիտական նեղ շրջանակից և դարձել համազգային քննարկման առարկա.
«Կենսաբազմազանությունը դառնում է ավելի լայն համազգային քննարկման մի մաս, և այդ թափը պետք է պահպանվի»։
Նա առանձնացնում է երեք առանցքային սկզբունք.
- Մշտական առաջնահերթություն. կենսաբազմազանության նկատմամբ ուշադրությունը պետք է պահպանվի COP17-ից հետո էլ։ Այն պետք է արտացոլվի պետական ռազմավարություններում, քաղաքական որոշումներում, հանրային իրազեկվածության և ամենօրյա ընտրությունների մեջ։
- Թափի պահպանում. միջազգային համաժողովները խթան են, բայց դրանց իրական արժեքը չափվում է նրանով, թե որքանով է այդ «թափը» վերածվում երկարաժամկետ ու շոշափելի արդյունքների։
- Ժառանգություն. COP17-ը հաջողված կլինի, եթե Հայաստանը շարունակի իր բնական ժառանգությանը վերաբերվել որպես երկրի երկարաժամկետ բարեկեցության և բարգավաճման էական հիմքի, և ոչ թե պարզապես պաշտպանության ենթակա օբյեկտի։
Գեղեցիկ խոսքեր են, չէ՞։
Բայց հենց այստեղ այս երեք սկզբունքները բախվում են դաժան իրականությանը։
Եթե կենսաբազմազանության պահպանությունն իսկապես համազգային առաջնահերթություն է, ապա ինչպե՞ս կարելի է լռել ամենացավոտ խնդրի մասին։
Խոսքը Շիկահողի արգելոցի մասին է։
Հայաստանի ամենաթանկ բնական ժառանգություններից մեկը՝ միջազգայնորեն հաստատված բացառիկ նշանակություն ունեցող կուսական անտառները, այդ էկոհամակարգի կենսաբազմազանությունը, այդ թվում՝ որոշ կենդանատեսակներ, այս պահին էլ ոչնչացվում ու վնասվում են ադրբեջանական զինվորականների կողմից։
Սա վերացական սպառնալիք չէ։ Սա այստեղ և հիմա տեղի ունեցող բնապահպանական արտակարգ իրավիճակ է.
- ապօրինի հատումներ,
- ռազմական ճանապարհների անցկացում,
- էկոհամակարգերի և կենսաբազմազանության անդառնալի վնաս։
Այս ամենը փաստագրված է արբանյակային պատկերների հենքով ժամանակատարածական վերլուծության արդյունքներով, տեղում արված կադրերով և խնդրին քաջատեղյակ տեղացիների հետ հարցազրույցներով (տարածական վերլուծական մասերով կարճ տեսանյութը՝ ներքևում ։
Ինչու՞ էր անհրաժեշտ բարձրաձայնել հենց Forbes-ի էջերից։
COP17-ի համատեքստում, երբ աշխարհի ուշադրությունը սևեռված էր կենսաբազմազանության վրա, Forbes-ի նման հեղինակավոր միջազգային հարթակը հենց այն վայրն էր, որտեղ նախարարը կարող էր և պարտավոր էր միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել Շիկահողի ոչնչացման փաստի վրա։
Forbes-ի լսարանը՝ միջազգային ներդրողներ, քաղաքականություն մշակողներ, դիվանագետներ, բնապահպանական կազմակերպություններ, հենց այն թիրախային խումբն է, որի իրազեկումը կարող էր նպաստել թե՛ դիվանագիտական ճնշման ձևավորմանը, թե՛ միջազգային աջակցության ներգրավմանը։
Խոսքը ներքին լսարանի մասին չէ։ Խոսքն աշխարհի մասին է. մեր ձեռքբերումների կողքին պետք է ներկայացնեինք նաև մեր առջև ծառացած իրական սպառնալիքները։
Իսկ ի՞նչ կարող էին անել ոչ պետական կառույցները։
Եթե անգամ կառավարության ներկայացուցիչները որոշակի նկատառումներով չեն կարողանում բարձրաձայնել այս խնդիրը, ապա դա կարող էին անել համապատասխան ոչ պետական և միջազգային կառույցները, մասնավորապես՝ WWF-ը և FPWC-ն (Foundation for the Preservation of Wildlife and Cultural Assets)։ FPWC-ն նույնպես ներկայացված է նշված հոդվածում՝ հարցազրույցով։
Սակայն նրանք էլ են լռում։
Իհարկե, չէ՞ որ կարող են վտանգվել «լավ հարաբերությունները», դրամաշնորհներն ու խոշոր միջազգային ծրագրերը։
Ի դեպ, ուշագրավ է, որ WWF-ի որոշ քարտեզներում ադրբեջանական զինուժի կողմից զավթված ՀՀ տարածքները մինչ օրս ներկայացվում են որպես որոշ ԲՀՊՏ-ների (բնության հատուկ պահպանվող տարածքներ) տարածքների մասեր, կենդանիների միգրացիոն ուղիներ կամ էկոմիջանցքների հատվածներ…
Եզրահանգումը պարզ է, բայց ցավոտ։
Առանց կոնկրետ, շոշափելի մարտահրավերներ մատնանշելու «թափի պահպանման», «մշտական առաջնահերթության» և «ժառանգության» մասին հայտարարությունները վտանգված են մնալու հռետորական մակարդակում։
COP17-ի իրական հաջողությունը չափվելու է ոչ թե ասված խոսքերով, այլ կոնկրետ խնդիրներին արդյունավետ արձագանքելու կարողությամբ։
Հարցազրույցում Շիկահողի խնդիրը չբարձրաձայնելը բաց թողնված հնարավորություն է, որը, ցավոք, հետ չի գալու։ Այն թուլացնում է COP17-ի՝ որպես Հայաստանի բնական ժառանգության պաշտպանության հարթակի ամբողջ ներուժը։
- Անկախ փորձագետների, հայկական և միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչների այցը Շիկահող
Մինչ այդ, COP17-ի միջոցառումներից անկախ, հայրենիքի ու մեր բնաշխարհի մասին մտածող մարդիկ արեցին այն, ինչ այս պահին և ստեղծված իրավիճակում հնարավոր է անել..
Առանձնահատուկ շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր կազմակերպեցին միջազգային լրագրողների այցը Շիկահող և փորձում են այս խնդիրը տեսանելի դարձնել աշխարհին։
Թեև առողջական վիճակս դեռ չի կարգավորվել, ես նույնպես մասնակցեցի…
Գոնե ինչ-որ մեկն անում է այն, ինչ պետք է արվեր պաշտոնական մակարդակով։
Շիկահողը սպասել չի կարող։ Լռությունն այստեղ նույնպես դիրքորոշում է։
Տարածական վերլուծական նյութեր և տեսանյութ Շիկահողի արգելոցի ոչնչացման վերաբերյալ
«Շիկահողի» խնդրին միջազգային որոշ լրատվամիջոցների անդրադարձից.
