
«ՈՉ Հանքարդյունաբերությանը Նոյեմբերյան համայնքում» Ֆեյբուքի խմբի ադմինիստրատոր Սուրեն Անանյանը գրում է․ «ԲԱՑ ՀԱՐԹԱԿ, ԱԶԱՏ ԽՈՍՔ ԵՎ ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ՈՒԼՏԻՄԱՏՈՒՄՆԵՐ․
Քիչ առաջ Բերդավանի գյուղապետարանի աշխատակից Թաթուլ Ապրիկյանի փաստաբանից ստացել ենք «նամակ» ծանուցում-ուլտիմատում՝ 1 ժամվա ընթացքում խմբից հեռացնել վերջին հրապարակումը, հակառակ դեպքում սպառնում են դատական հայցով։
Այս առիթով հարկ ենք համարում պաշտոնապես ընդգծել և հիշեցնել բոլորին․
- «ՈՉ Հանքարդյունաբերությանը Նոյեմբերյան համայնքում» խումբը ԲԱՑ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՐԹԱԿ Է, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի, բնակիչ, թեկնածու կամ նախաձեռնություն ազատ է արտահայտելու իր տեսակետն ու դիրքորոշումը։
- Հատուկ նշենք, որ ես՝ որպես անհատ և էջի ադմինիստրատոր, որևէ անձնական կապ կամ պատասխանատվություն չունեմ ինչպես «ՈՀՆՀ» նախաձեռնության էջի կողմից դրվող հրապարակումների, այնպես էլ խմբում տեղադրվող մյուս նյութերի հետ։ Խումբը ծառայում է բացառապես որպես ազատ արտահայտման քաղաքացիական հարթակ։
- ԱՅՍ ԽՄԲԻՑ ՈՐԵՎԷ ՆՅՈՒԹ ԵՐԲԵՔ ՉԻ ՀԵՌԱՑՎՈՒՄ։ Սա մեր սկզբունքային դիրքորոշումն է․ մենք չենք զբաղվում ցենզուրայով կամ տեքստեր ջնջելով, մենք ապահովում ենք ազատ խոսք և հանրային թափանցիկություն։
Այնպես որ, ՄԵՆՔ ՈՉ ՄԻ ԳՐԱՌՈՒՄ ՉԵՆՔ ՀԵՌԱՑՆԵԼՈՒ։
Եթե որոշել եք դատարան գնալ՝ համեցե՛ք․ այնտեղ ավելի մանրամասն կներկայացվեն թե՛ ձեր վարչական չարաշահումները, թե՛ համայնքային ռեսուրսների կառավարման իրական փաստերը»։

