
Իսլամաբադ, 2 նոյեմբերի․ Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ երկուշաբթի օրը Լահորը ճանաչվել է աշխարհի ամենաաղտոտված քաղաքը․ օդի որակի ինդեքսը (AQI) կազմել է 530, իսկ մանր մասնիկների (PM2.5) կոնցենտրացիան հասել է մեկ խորանարդ մետրում՝ 343 միկրոգրամի,- գրում է The Assam Tribune-ը։
Ըստ IQAir-ի գլոբալ վարկանիշի՝ երկուշաբթի առավոտյան ժամը 9-10-ն ընկած հատվածում, Լահորը եղել է աշխարհի ամենաաղտոտված քաղաքը, որին հաջորդում է Կահիրեն՝ 226 AQI ցուցանիշով։ «Dawn» պարբերականի փոխանցմամբ՝ Լահորից բացի, Պակիստանի Փենջաբ նահանգի այլ քաղաքներ նույնպես հայտնվել են երկրի ամենաաղտոտված բնակավայրերի շարքում։
Լահորը գլխավորել է ցուցակը՝ 530 AQI ցուցանիշով, որին հաջորդում են Գուջրանվալան (475), Ֆայսալաբադը (435), Մուլտանը (280) և Սիալկոտը (241)։ Փենջաբի Բահավալպուր քաղաքը 180 AQI ցուցանիշով զբաղեցրել է յոթերորդ տեղը։ Նահանգում նկատվում է օդի որակի վատթարացում, ինչը պայմանավորված է գյուղատնտեսական նպատակներով իրականացվող հրկիզումների կտրուկ աճով։
«Pakistan Air Quality Initiative» (PAQI) կազմակերպության զեկույցի համաձայն՝ օդի աղտոտվածությունը Պակիստանում կյանքի տևողությունը կրճատում է մոտ 3,9 տարով և ամեն տարի հանգեցնում է շուրջ 128 000 վաղաժամ մահվան։ Զեկույցում նշվում է, որ աղտոտվածությունը 6,5 տոկոսի չափով տնտեսական բեռ է դնում Պակիստանի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) վրա, իսկ աղտոտված օդի երկարատև ազդեցությունը Լահորում կարող է կյանքի տևողությունը կրճատել մինչև յոթ տարով։
«Բացահայտելով Պակիստանի օդի աղտոտվածությունը. ազգային զեկույց առողջապահական ռիսկերի, աղբյուրների և լուծումների վերաբերյալ» խորագրով փաստաթուղթը ներկայացնում է Պակիստանում արտանետումների առաջին համակարգված և բազմաոլորտային գույքագրումը, ինչպես նաև մի շարք քաղաքներում օդի որակի վերլուծությունը։ Զեկույցն ուսումնասիրում է աղտոտվածության պատկերը Պակիստանի մի շարք քաղաքներում, այդ թվում՝ Կարաչիում, Իսլամաբադում, Ռավալպինդիում, Լահորում և Փեշավարում։ Ինչպես հաղորդում է «The Express Tribune»-ը, փաստաթղթում բացահայտ Ինչպես հաղորդում է «The Express Tribune»-ը, գնահատումն ընդգրկում է ածխածնի երկօքսիդը, մանր մասնիկները (PM2.5), ազոտի օքսիդները (NOx) և ծծմբի երկօքսիդը (SO2)՝ ներկայացնելով արտանետումների ոլորտային վերլուծությունը քաղաքային չորս օդային ավազանների համար։ Զեկույցի համաձայն՝ Լահորում PM2.5-ի տարեկան միջին կոնցենտրացիան գերազանցում է խորանարդ մետրի հաշվով 110 միկրոգրամը, ինչը ավելի քան 22 անգամ գերազանցում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) սահմանած տարեկան ուղեցուցային նորմը՝ խորանարդ մետրի հաշվով 5 միկրոգրամը։ Զեկույցում նշվում է, որ աղտոտվածության այս մակարդակներին երկարատև ենթարկվելը կարող է քաղաքում կյանքի տևողությունը կրճատել մինչև յոթ տարով։
Ըստ «The Express Tribune»-ի՝ Լահորում PM2.5-ի առաջնային արտանետումների հիմնական աղբյուրը տրանսպորտն է, որին հաջորդում են արդյունաբերությունը (28%) և աղյուսի արտադրության վառարանները (17%)։ Այս աղբյուրները նպաստում են Լահորում մասնիկներով օդի աղտոտմանը, իսկ ձմեռային եղանակային պայմաններն ավելի են սրում խնդիրը։
