Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
05/11/2026
share

«Ամուլսար» նախաձեռնությունը «Ոսկին՝ ձեզ, իսկ ջուրը՝ ո՞ւմ…» խորագրով երթ է անցկացրել

«Ամուլսար» նախաձեռնությունը «Ոսկին՝ ձեզ, իսկ ջուրը՝ ո՞ւմ…» խորագրով խաղաղ երթ է անցկացրել՝ տեսանելի դարձնելու Ամուլսարի հանքի շահագործման իրական գինը և պաշտպանելու Ջերմուկի ու Հայաստանի ջրային պաշարները։ Երթն  իրականացվում է՝ ի նշան բողոքի Ամուլսարի հանքավայրի շահագործման դեմ։

 

Տասնյակ բնապահպաններ, ակտիվիստներ, իրավապաշտպաններ «Ամուլսար՝ միայն սար», «Ամուլսարն առանց հանքի» վանկարկումներով ու «Stop Mining Amulsar» գրառումներով պաստառներով նպատակ ունեն ևս մեկ անգամ հանրային ուշադրության կենտրոնում պահել 3000 մետր բարձրության վրա՝ հենց Հայաստանի քաղցրահամ և հանքային ջրերի սկզբնաղբյուր է ներխուժած հանքարդյունաբերական գործունեությունը, որի հետևանքները անդառնալի են լինելու՝ թթվային դրենաժ, ծանր մետաղներով պոչանքներ ու ցիանային հարթակ։

 

Կարապի լճի տարածքից քայլերթով ակցիայի մասնակիցները հասել են դեպի ՀՀ Կառավարության շենքի մոտ՝ իշխանություններից պահանջելով դադարեցնել Ամուլսարի հանքավայրի շահագործումը։ Ակցիայի մասնակիցները տեսողական ցուցադրության միջոցով ցույց են տվել, թե ինչպես է աղբյուրի մաքուր ջուրը վերածվում թունավոր հեղուկի։

 

Ջրով լցված յուրաքանչյուր շիշ պատմելու է Ամուլսարի շահագործման մեկ կոնկրետ վտանգի մասին՝ Գնդեվազի այգիներից մինչև Կեչուտի ջրամբար և Սևանա լիճ։ «Ամուլսար» նախաձեռնությունը մտադիր է հավաքագրել ակցիայի մասնակիցների  կարծիքներն ու դրանց հիման վրա միասնական հանրային պահանջ ձևավորել։

facebook sharing button facebook