Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
05/11/2026
share

Սոցցանցերում հրապարակումների առնչությամբ հարուցված քրեական գործերը մտահոգություններ են առաջացնում խոսքի ազատության իրավունքի տեսանկյունից

Սոցիալական ցանցերում հրապարակումների առնչությամբ հարուցված քրեական գործերը մտահոգություններ են առաջացնում խոսքի ազատության իրավունքի տեսանկյունից

Թեև արտահայտման ազատությունը կարող է սահմանափակվել բռնության հրահրման, ատելության խոսքի կամ սպառնալիքների դեպքերում, սոցիալական ցանցերում արված գրառումների, այդ թվում՝ կոշտ կամ վիրավորական արտահայտություններ պարունակող հրապարակումների առնչությամբ հրապարակումների համար քրեական մեղադրանքների առաջադրումը, կալանավորումը և այլ սահմանափակող միջոցների կիրառումը մտահոգություններ են առաջացնում դրանց համաչափության, օրենքի ընտրողական կիրառման և հանրային քննարկումների վրա զսպող ազդեցության վերաբերյալ։

Վերջին դեպքերը առցանց խոսքի նկատմամբ չափազանց խիստ միջոցների կիրառման օրինակ են

2026 թվականի սեպտեմբերի վերջին գրող և դրամատուրգ Վահրամ Սահակյանը ձերբակալվեց և նրա նկատմամբ քրեական գործ հարուցվեց 2025 թվականի հունվարին ֆեյսբուք սոցիալական ցանցում արված գրառման առնչությամբ, որը, ըստ հաղորդումների, պարունակել է ատելության, անհանդուրժողականության և թշնամանքի քարոզ։ Քրեական հետապնդումը հարուցվել է Քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածով՝ տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների միջոցով ատելություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքի հիմքով։ Հետագայում դատարանը Սահակյանի նկատմամբ հսկողություն է սահմանել և արգելել նրան հրապարակային գրառումներ կատարել։ Նրա փաստաբանը վիճարկել է մեղադրանքը՝ պնդելով, որ իրավապահ մարմիններն ընտրողական կերպով հետևում են ընդդիմադիր գործիչների հրապարակումներին։

Մյուս դեպքը վերաբերում է Արթուր Դանիելյանին, որը հոկտեմբերի սկզբին ձերբակալվել է և այնուհետև երկու ամսով կալանավորվել։ Ձերբակալության նախորդ օրերին Դանիելյանն իր ֆեյսբուքյան գրառման մեջ վիրավորական արտահայտություններ էր օգտագործել Հայաստանի վարչապետի հասցեին։ Դանիելյանի փաստաբանը հայտնել է՝ նրա մի քանի գրառումներ որակվել են որպես խուլիգանություն, իսկ հետագայում լրացուցիչ մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածով, որը վերաբերում է դատավորների, դատախազների, քննիչների և արդարադատության ոլորտի այլ ներկայացուցիչնրի նկատմամբ սպառնալիքներին կամ նրանց վերաբերող տեղեկությունների հրապարակմանը։

Երկու գործիչն էլ հայտնի են պաշտոնյաների հասցեին իրենց կոշտ քննադատությամբ։ Մի շարք ՔՀԿ-ներ Դանիելյանի գործի վերաբերյալ տարածել են համատեղ հայտարարություն՝ նրա նկատմամբ քրեական հետապնդումը բնութագրելով որպես Հայաստանում արտահայտման ազատության իրավունքի իրացման նկատմամբ քրեական արդարադատության գործիքների շարունակական կիրառման հերթական դրսևորում։ Հայտարարության համաձայն՝ քրեական հետապնդումը առերևույթ անօրինական, անհամաչափ և քաղաքականապես մոտիվացված է, առավել ևս անհամաչափ է Դանիելյանի երկամսյա կալանավորումը՝ արտաքին աշխարհի հետ շփումների սահմանափակման կիրառմամբ։ ՔՀԿ-ները գլխավոր դատախազությունից և Քննչական կոմիտեից պահանջել են վերացնել Դանիելյանի կալանավորումը և դադարեցնել նրա նկատմամբ արտահայտման ազատության իրացման հիմքով հարուցված քրեական հետապնդումը, ինչպես նաև բացառել քրեական արդարադատության գործիքակազմի անօրինական և անհամաչափ կիրառումը՝ այլակարծությունը, կառավարող քաղաքական կամ ընտրովի քաղաքական ուժի կամ պետական մարմինների դեմ քննադատական խոսքը լռեցնելու նպատակով։

Արձանագրված դեպքերը արտացոլում են կոշտ կամ վիրավորական խոսքի համար քրեական հետապնդման ընտրողական մոտեցումը

 

Այս դեպքերը անհրաժեշտ է դիտարկել ատելության խոսքի, բռնության կոչերի և հարակից իրավախախտումների վերաբերյալ քրեական դրույթների կիրառման շուրջ ՔՀԿ-ների կողմից բազմիցս բարձրաձայնված մտահոգությունների ավելի լայն համատեքստում։

Թեև Հայաստանը 2022 թվականին ապաքրեականացրել է «ծանր վիրավորանքը», վերջին դեպքերը ցույց են տալիս, որ վիրավորական արտահայտությունների կամ հայհոյանքի նկատմամբ քրեաիրավական արձագանքը կարող է իրականացվել Քրեական օրենսգրքի այլ դրույթների կիրառմամբ։ Այսպես, Քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածը քրեական պատասխանատվություն է նախատեսում անձի կամ անձանց խմբերի նկատմամբ ռասայական, ազգային, էթնիկ կամ սոցիալական ծագումով, կրոնով, քաղաքական կամ այլ հայացքներով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքի համար։ 330-րդ հոդվածը քրեականացնում է նշված հանգամանքներով պայմանավորված բռնություն գործադրելու հրապարակային կոչը, ինչպես նաև նման հիմքերով բռնության հրապարակային արդարացումը կամ քարոզը։ Խուլիգանության վերաբերյալ 297-րդ հոդվածը վերաբերում է հասարակության նկատմամբ անհարգալից կամ իրավական կամ բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունքի ցուցաբերմանը, այդ թվում՝ անձին ստորացնելու կամ հայհոյանքների կամ անպարկեշտ արտահայտությունների միջոցով հասարակական կարգը խախտելու դրսևորումներին։ 490-րդ հոդվածը քրեական պատասխանատվություն է սահմանում, ի թիվս այլոց, դատավորների, դատախազների, քննիչների, արդարադատության ոլորտի այլ նշված ներկայացուցիչների կամ նրանց մերձավոր ազգականի նկատմամբ սպառնալիքի, նրանց մասին արատավորող կամ նրանց իրավունքներին ու օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկությունների հրապարակման, գույքի ոչնչացման կամ վնասման, ինչպես նաև նրանց նկատմամբ բռնություն գործադրելու համար։ Բոլոր այս դրույթներով նախատեսվում է պատիժ՝ տուգանքից մինչև ազատազրկում, իսկ ծանրացնող հանգամանքների, այդ թվում՝ զանգվածային լրատվության միջոցների կամ տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործման դեպքում առավելագույն պատիժը կարող է հասնել հինգ տարվա ազատազրկման։

«ՔՀԿ չափիչի» Հայաստանի զեկույցներում նախկինում նշվել է, որ քաղաքացիական հասարակության գնահատմամբ՝ առցանց կամ հրապարակային խոսքի հետ կապված քրեական վարույթները հաճախ ընտրողաբար են կիրառվում․ իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում հիմնականում պետական պաշտոնյաների և քաղաքական գործիչների հասցեին արված հայտարարություններն են, մինչդեռ միջազգային չափանիշներով պաշտպանված հատկանիշների հիմքով ատելության խոսքի դեպքերը հազվադեպ են նույն հետևողականությամբ քննվում։ Մինչ այս դեպքերը ևս արտահայտման ազատության սահմանափակման վերաբերյալ մտահոգություններ են հնչել, որոնք արձանագրվել են «ՔՀԿ չափիչի» կողմից՝ ակտիվիստ Արթուր Օսիպյանի նկատմամբ քրեական վարույթի և նախնական կալանքի կիրառման հետ կապված։ Երեքշաբաթյա հացադուլից հետո Օսիպյանը ազատվեց նախնական կալանքից՝ նրա համար անձնական երաշխավորություն ստանձնելու պատրաստակամություն հայտնած ՔՀԿ ղեկավարների միջնորդությունների հիման վրա, իսկ գործի դատական քննությունը դեռ շարունակվում է։

Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և փորձագետների վերջին վերլուծությունները նույնպես փաստում են իրավապահ մարմինների ընտրողական մոտեցման մասին։ Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը նշում է, որ ատելության խոսքի մասին քրեական դրույթները կիրառվում են այնպես, որ պետական պաշտոնյաների քննադատությունը խեղաթյուրված կերպով մեկնաբանվում է «քաղաքական հայացք» պաշտպանվող հատկանիշի համատեքստում՝ այդպիսով իջեցնելով պաշտոնյաների նկատմամբ թույլատրելի քննադատության շեմը։ «Փինք» իրավապաշտպան ՀԿ-ն նույնպես արձանագրել է, որ չնայած բռնության հրապարակային կոչերն ու բռնության արդարացումը քրեականացնող դրույթներին՝ ԼԳԲՏ+ անձանց դեմ բռնության կամ սպառնալիքների մասին հաղորդումները հաճախ պատշաճ քննության չեն արժանացել, մինչդեռ նույն քրեաիրավական դրույթները բազմիցս կիրառվել են իշխանության ներկայացուցիչների և քաղաքական գործիչների պաշտպանության համար։ Democracy Watch-ի հրապարակման համաձայն՝ վիրավորանքի կամ քննադատության համար քրեական գործիքակազմի կիրառման խնդիրն ավելի խորն է դառնում ընտրողական մոտեցման պատճառով, երբ քրեական գործերը հիմնականում հարուցվում են իշխանության ներկայացուցիչներին քննադատող անձանց նկատմամբ, իսկ խոցելի խմբերի դեմ ուղղված լուրջ ատելության խոսքը կարող է նույն արձագանքը չստանալ։

Միաժամանակ, միջազգային չափանիշներն ընդգծում են, որ քաղաքական խոսքը ժողովրդավարական համակարգում օգտվում է պաշտպանության ավելի բարձր մակարդակից, իսկ քաղաքական գործիչներից և պետական պաշտոնյաներից ակնկալվում է քննադատության նկատմամբ ավելի մեծ հանդուրժողականություն՝ նույնիսկ երբ հնչեցված խոսքը սուր, կոշտ կամ անհանգստացնող կարող է լինել։ Այս չափանիշներն արտացոլված են «Քաղաքական գործիչները ու պետական պաշտոնյաները և արտահայտման ազատությունը» թեմայով 2021 թվականի համատեղ հռչակագրում և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ)՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի վերաբերյալ ուղեցույցում։

Խիստ միջոցները կարող են զսպող ազդեցություն ունենալ հանրային քննարկումների վրա

Մեդիա ոլորտի փորձագետներն ու իրավապաշտպանները մտահոգված են, որ սոցիալական ցանցերում հրապարակումներին հետևող ձերբակալություններն ու կալանավորումները կարող են զսպող ազդեցություն ունենալ՝ հասարակությանը ազդակ փոխանցելով, որ առցանց արտահայտությունների համար կարող են կիրառվել խիստ միջոցներ։ Այս մտահոգությունն ավելի է խորանում նման հարցերում իրավապահ մարմինների արձագանքի հետևողականությունն ու համաչափությունը կասկածի ենթարկելու պատճառով։

ՄԻԵԴ-ի ուղեցույցն ընդգծում է, որ խոսքի ազատության սահմանափակումները պետք է լինեն օրինական, անհրաժեշտ և համաչափ՝ միաժամանակ հաշվի առնելով այն զսպող ազդեցությունը, որ քրեական վարույթներն ու կալանավորումը կարող են ունենալ հանրային քննարկումների վրա։ Եթե վիրավորական կամ ոչ պատշաճ խոսքը տարբեր իրավական որակումներով պարբերաբար դառնում է քրեական վարույթի առարկա, դա կարող է թուլացնել ապաքրեականացման պաշտպանական նշանակությունը և հանրային քննարկումների վրա զսպող ազդեցություն ունենալ։

Հետագա քայլերը պետք է ուղղված լինեն համաչափության և օրենքի հետևողական կիրառման ապահովմանը

Վերջին դեպքերն ընդգծում են խոսքին առնչվող քրեական վարույթներում առավել զգուշավոր և հետևողական մոտեցման անհրաժեշտությունը։ Դատախազության և դատարանների հետագա որոշումները ցույց կտան, թե արդյոք իշխանությունները պատշաճ կերպով են դիտարկում քրեական մեղադրանքների և սահմանափակող միջոցների համաչափությունը, այդ թվում՝ ավելի մեղմ այլընտրանքների կիրառման հնարավորությունը։

Ընդհանուր առմամբ, բռնության սպառնալիքների և ատելության խոսքի դեպքերի ավելի հետևողական քննությունը՝ առանց տարբերակելու, թե ում դեմ են դրանք ուղղված, կարող է նպաստել իրավակիրառման ընտրողական պրակտիկայի վերաբերյալ մտահոգությունների փարատմանը և արդարադատության համակարգի նկատմամբ հանրային վստահության ավելացմանը։

Սկզբնաղբյուրը՝ ՔՀԿ չափիչ ծրագրի կայք

facebook sharing button facebook