
2026թ. նոյեմբերի 18-ին՝ ժամը 11:00-ին «ՌԱՅԴԵՆԱ» ՍՊԸ-ն Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի նստավայրում նախաձեռնել է հանրային քննարկումներ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Մանանդյան փողոցի հ. 33/27 հասցեում «Ածխածնային և ապակյա ամրացնող նյութերի հիման վրա էպօքսիդային պրեպրեգների արտադրություն» նախատեսվող գործունեության վերաբերյալ:
Հանրային քննարկման վերաբերյալ ծանուցումը տեղադրված է Երևանի համայնաքապետարանի, «ՌԱՅԴԵՆԱ» ՍՊԸ-ի պաշտոնական կայքերում և Շենգավիթ վարչական շրջանի ֆեյսբուքի էջում։ Համայնքի ղեկավարի կողմից հանրային լսման համար լիազորված անձը Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության գլխավոր մասնագետ-էկոլոգ՝ Էլլադա Արամյանն է (էլ.փոստ՝ ellada.aramyan@yerevan.am, հեռ․՝ 011-514-488)։
Ովքե՞ր են ընկերության հիմնադիրներն ու բաժնետերերը
Ընկերությունը գրանցվել է 2024թ. փետրվարի 2-ին, թեև պաշտոնական կայքում նշված է, որ 20-ից ավելի տարիների փորձ ունի։ Ըստ ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների՝ ընկերության բաժնետերերն են Ռուբեն Դիշդիշյանը՝ 51%, Դմիտրի Կոգանը՝ 24.5% և Ալեքսանդր Շլեյնիկովը՝ 24.5% բաժնեմասերով։ Ռուբեն Դիշդիյանը ՀՀ քաղաքացի է, մյուս երկու բաժնետերերը՝ ՌԴ քաղաքացիներ։
Ռուբեն Դիշդիշյանը Ռուսաստանում հայտնի խոշորագույն կինոպրոդյուսերներից է, «Ցենտրալ Փարթներշիփ» և «Մարս Մեդիա Էնթերթեյմենթ» կինոընկերությունների հիմնադիրը։ Նա 1981 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետաշինարարական ֆակուլտետը, որից հետո յոթ տարի աշխատել է իր մասնագիտությամբ։ 1988 թվականին հիմնել է Երևանում ճարտարապետաշինարարական պրոյեկտման համար կոոպերատիվ։ 1991 թվականին տեղափոխվել է Մոսկվա, որտեղ զբաղվել է մեդիաբիզնեսով։
Ալեքսանդր Շլեյնիկովը ֆինանսների և բիզնեսի զարգացման ոլորտի մասնագետ է։ Ներկայումս հանդիսանում է հայաստանյան «ՌԱՅԴԵՆԱ» (RYDENA) ընկերության համահիմնադիրն ու ֆինանսական տնօրենը։ Նախկինում աշխատել է ռուսական խոշոր կորպորացիաներում։ «Ռոսատոմ» պետական կորպորացիայի կազմում եղել է «Ռուսատոմ Սերվիս» (Թուրքիա և Մերձավոր Արևելք) ընկերության միաձուլումների և կլանումների (M&A) գծով տնօրենը, «UMATEX Group»-ում (նույնպես «Ռոսատոմ»-ի կազմում) զբաղեցրել է Բիզնեսի զարգացման տնօրենի, «Վնեշէկոնոմբանկ»-ում (ВЭБ.РФ)՝ գործադիր տնօրենի պաշտոնները։
Դմիտրի Կոգանը «ՌԱՅԴԵՆԱ» ՍՊԸ-ի գործադիր տնօրենն է։ Նա ևս նախկինում աշխատել է «UMATEX Group»-ում՝ զբաղեցնելով ընկերության գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնը։
Ըստ «ՌԱՅԴԵՆԱ» ՍՊԸ-ի կայքի տվյալների՝ ընկերությունը Ավիատիեզերական նախապրեգմենտների արտադրող է։
Ի՞նչ է էպօքսիդային պրեպրեգը և որտե՞ղ է այն կիրառվում
Պրեպրեգը բարձր ամրության կիսաֆաբրիկատ նյութ է։ Արտադրական պրոցեսում ածխածնային (կարբոնե) կամ ապակյա թելերից հյուսված գործվածքը հատուկ հաստոցներով ներծծվում է էպօքսիդային խեժով (սոսնձով)։ Ստացված նյութը կտրատվում է, տեղադրվում համապատասխան դետալի կաղապարի մեջ և թրծվում հատուկ վառարաններում։ Արդյունքում ստացվում են գերամուր և թեթև դետալներ, որոնք կիրառվում են ռազմավարական ոլորտներում.
- Ավիացիա և ԱԹՍ-ներ. Թեթևացնում է կառուցվածքը՝ տնտեսելով վառելիքը և երկարացնելով թռիչքի տևողությունը։
- Ռազմարդյունաբերություն. Օգտագործվում է ժամանակակից զինվորական սաղավարտների, թեթև զրահաբաճկոնների և հրթիռների պատյանների արտադրության մեջ։
- Կանաչ էներգետիկա. Հողմակայանների (հողմաղացների) հսկայական թիակների պատրաստում։
- Մեքենաշինություն և սպորտ. Formula 1-ի մեքենաների կորպուսներ, սուպերքարերի դետալներ, թանկարժեք հեծանիվների շրջանակներ, դահուկներ և թենիսի ռակետներ։
«ՌԱՅԴԵՆԱ» ՍՊԸ-ն և The Guardian-ի հետաքննությունը
Մոտավորապպես 8 ամիս առաջ բրիտանական հեղինակավոր The Guardian պարբերականը հրապարակել է ծավալուն հետաքննություն, որտեղ նշվում է, որ բրիտանական «Cygnet Texkimp» մեքենաշինական ընկերությունը ավելի քան 4 միլիոն ֆունտ ստեռլինգի պայմանագիր է կնքել հայաստանյան «Rydena»-ի հետ՝ վերջինիս բարձր տեխնոլոգիական հաստոցներ մատակարարելու նպատակով։
Հոդվածում ասված է, որ միջազգային վերլուծաբանները և Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատի բիզնեսի հարցերով հանձնաժողովի նախագահ Լիամ Բայրնը խորը մտահոգություն են հայտնել այս գործարքի վերաբերյալ, գործարքում ռուսական հետք տեսնելով /բաժնետերերի՝ Ալեքսանդր Շլեյնիկովի և Դմիտրի Կոգանի, «Ռոսատոմ»-ի հետ կապը նկատի ունենալով/։
The Guardian-ը գրում է նաև, որ մատակարարող կողմը վստահ է, որ պայմանագրի համար անհանգստանալու կարիք չկա։ ««Ռայդենան» հայտարարել է, որ մեքենաները «նախատեսված են քաղաքացիական արդյունաբերական արտադրության մեջ օգտագործման համար», և որ ընկերությունը ուղղակիորեն կամ անուղղակիորեն չի մասնակցում պաշտպանական ոլորտին առնչվող նախագծերին»։
Ընկերությունը նշել է, որ որևէ գործարար կապ չունի ռուսական ընկերությունների կամ պետական կառույցների հետ, և որ իր ղեկավարները կապեր չունեն պատժամիջոցների տակ գտնվող ընկերությունների հետ ու չեն աշխատել այնպիսի կազմակերպություններում, որոնք այդ ժամանակ գտնվել են պատժամիջոցների ներքո։
Չնայած ստացվող արտադրանքի կարևոր նշանակությանը՝ այն ռիսկային կարող է լինել շրջակա միջավայրի վրա ազդեցության տեսանկյունից։
«Քաղաքացու ձայն»-ը մեդիահարթակի տվյալներով այն հասցեն, որտեղ նախատեսված է արտադրություն հիմնել, տեղակայված են մի քանի ընկերությունների գրասենյակներ ևս, օրինակ՝ «Հագուստի Աշխարհ» խանութների ցանցի գլխամասը ներկա պահին տեղակայված է հենց Մանանդյան փողոցի հ. 33/27 հասցեում։
Հայտարարությանը կից նախաձեռնության մասին որևէ փաստաթուղթ ներկայացված չէ, թե ինչպե՞ս է կազմակերպվելու արտադրությունը, ի՞նչ ռիսկեր կան շրջակա միջավայրի համար, և ընկերությունը ի՞նչ է նախատեսելու այդ ռիսկերի նվազեցման կամ բացառելու ուղղությամբ։
Ըստ համացանցի բաց աղբյուրների տվյալների՝ թեև սա սև ծխով արտադրություն չէ, բայց լուրջ ռիսկեր է ենթադրում, այդ թվում՝ օդի աղտոտվածության՝ տոքսիկ գոլորշիների միջոցով, և դժվար քայքայվող քիմիական թափոնների կուտակման։
Արտադրական օբյեկտի տեղակայման հասցեն գտնվում է բնակելի հատվածի անմիջական հարևանությամբ։
