
Երևանի Շենգավիթ վարչական շրջանում նախատեսվում է հիմնել ածխածնային և ապակյա մանրաթելերի հիմքով բարձր ամրության նյութերի արտադրություն։ Նախաձեռնողը «ՌԱՅԴԵՆԱ» ՍՊԸ-ն է, որի բաժնետերերի նախկին գործարար կապերն այս տարվա սկզբին հայտնվել են բրիտանական The Guardian պարբերականի հետաքննության ուշադրության կենտրոնում։
Նախատեսվող արտադրությունը կարող է ունենալ նաև բնապահպանական ռիսկեր, հատկապես հաշվի առնելով, որ այն տեղակայվելու է բնակելի հատվածի անմիջական հարևանությամբ։ Մինչդեռ հանրային քննարկման մասին հրապարակված ծանուցմանը կից ներկայացված չեն փաստաթղթեր, որոնցով բնակիչները կարող են ծանոթանալ արտադրական գործընթացին, օգտագործվող քիմիական նյութերին և շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցություններին։
2026թ. նոյեմբերի 18-ին՝ ժամը 11:00-ին «ՌԱՅԴԵՆԱ» ՍՊԸ-ն Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի նստավայրում նախաձեռնել է հանրային քննարկումներ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Մանանդյան փողոցի հ. 33/27 հասցեում «Ածխածնային և ապակյա ամրացնող նյութերի հիման վրա էպօքսիդային պրեպրեգների արտադրություն» նախատեսվող գործունեության վերաբերյալ:
Հանրային քննարկման վերաբերյալ ծանուցումը տեղադրված է Երևանի համայնաքապետարանի, «ՌԱՅԴԵՆԱ» ՍՊԸ-ի պաշտոնական կայքերում և Շենգավիթ վարչական շրջանի ֆեյսբուքի էջում։ Համայնքի ղեկավարի կողմից հանրային լսման համար լիազորված անձը Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության գլխավոր մասնագետ-էկոլոգ՝ Էլլադա Արամյանն է։
Ի՞նչ է նախատեսվում արտադրել և ինչի՞ համար է այն օգտագործվում
Պրեպրեգը բարձր ամրության կիսաֆաբրիկատ նյութ է։ Արտադրական պրոցեսում ածխածնային (կարբոնե) կամ ապակյա թելերից հյուսված գործվածքը հատուկ հաստոցներով ներծծվում է էպօքսիդային խեժով (սոսնձով)։ Ստացված նյութը կտրատվում է, տեղադրվում համապատասխան դետալի կաղապարի մեջ և թրծվում հատուկ վառարաններում։ Արդյունքում ստացվում են գերամուր և թեթև դետալներ, որոնք կիրառվում են ռազմավարական ոլորտներում.
-
Ավիացիա և ԱԹՍ-ներ. Թեթևացնում է կառուցվածքը՝ տնտեսելով վառելիքը և երկարացնելով թռիչքի տևողությունը։
-
Ռազմարդյունաբերություն. Օգտագործվում է ժամանակակից զինվորական սաղավարտների, թեթև զրահաբաճկոնների և հրթիռների պատյանների արտադրության մեջ։
-
Կանաչ էներգետիկա. Հողմակայանների (հողմաղացների) հսկայական թիակների պատրաստում։
-
Մեքենաշինություն և սպորտ. Formula 1-ի մեքենաների կորպուսներ, սուպերքարերի դետալներ, թանկարժեք հեծանիվների շրջանակներ, դահուկներ և թենիսի ռակետներ։
Այսպիսով, խոսքը բարձր տեխնոլոգիական նյութի մասին է, որը կարող է ունենալ ինչպես քաղաքացիական, այնպես էլ ռազմական կիրառություն։ Սակայն արտադրանքի տեխնոլոգիական նշանակությունից բացի, կարևոր է հասկանալ նաև, թե ինչ պայմաններում է այն արտադրվելու և ինչ ազդեցություն կարող է ունենալ շրջակա միջավայրի վրա։

Ովքե՞ր են ընկերության հիմնադիրներն ու բաժնետերերը
«ՌԱՅԴԵՆԱ» ՍՊԸ-ն Հայաստանում գրանցվել է 2024 թվականի փետրվարի 2-ին։ Միաժամանակ ընկերության պաշտոնական կայքում նշվում է, որ այն ունի ավելի քան 20 տարվա փորձ։ Հրապարակված տեղեկություններից պարզ չէ, թե այդ փորձը վերաբերում է ընկերության հիմնադիրների մասնագիտական գործունեությանը, թե այլ կազմակերպությունների գործունեության շարունակականությանը։
ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալներով՝ ընկերությունն ունի երեք բաժնետեր.
-
Ռուբեն Դիշդիշյան՝ 51%
-
Դմիտրի Կոգան՝ 24,5%
-
Ալեքսանդր Շլեյնիկով՝ 24,5%
Ռուբեն Դիշդիշյանը Ռուսաստանում հայտնի խոշորագույն կինոպրոդյուսերներից է, «Ցենտրալ Փարթներշիփ» և «Մարս Մեդիա Էնթերթեյմենթ» կինոընկերությունների հիմնադիրը։ Նա 1981 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետաշինարարական ֆակուլտետը, որից հետո յոթ տարի աշխատել է իր մասնագիտությամբ։ 1988 թվականին հիմնել է Երևանում ճարտարապետաշինարարական պրոյեկտման համար կոոպերատիվ։ 1991 թվականին տեղափոխվել է Մոսկվա, որտեղ զբաղվել է մեդիաբիզնեսով։
Ալեքսանդր Շլեյնիկովը ֆինանսների և բիզնեսի զարգացման ոլորտի մասնագետ է։ Ներկայումս հանդիսանում է հայաստանյան «ՌԱՅԴԵՆԱ» (RYDENA) ընկերության համահիմնադիրն ու ֆինանսական տնօրենը։ Նախկինում աշխատել է ռուսական խոշոր կորպորացիաներում։ «Ռոսատոմ» պետական կորպորացիայի կազմում եղել է «Ռուսատոմ Սերվիս» (Թուրքիա և Մերձավոր Արևելք) ընկերության միաձուլումների և կլանումների (M&A) գծով տնօրենը, «UMATEX Group»-ում (նույնպես «Ռոսատոմ»-ի կազմում) զբաղեցրել է Բիզնեսի զարգացման տնօրենի, «Վնեշէկոնոմբանկ»-ում (ВЭБ.РФ)՝ գործադիր տնօրենի պաշտոնները։
Դմիտրի Կոգանը «ՌԱՅԴԵՆԱ» ՍՊԸ-ի գործադիր տնօրենն է։ Նա ևս նախկինում աշխատել է «UMATEX Group»-ում՝ զբաղեցնելով ընկերության գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնը։
Ըստ «ՌԱՅԴԵՆԱ» ՍՊԸ-ի կայքի տվյալների՝ ընկերությունը Ավիատիեզերական նախապրեգմենտների արտադրող է։
«ՌԱՅԴԵՆԱ»-ն բրիտանական The Guardian-ի հետաքննության կենտրոնում
Մոտավորապես 8 ամիս առաջ բրիտանական հեղինակավոր The Guardian պարբերականը հրապարակել է ծավալուն հետաքննություն, որտեղ նշվում է, որ բրիտանական «Cygnet Texkimp» մեքենաշինական ընկերությունը ավելի քան 4 միլիոն ֆունտ ստեռլինգի պայմանագիր է կնքել հայաստանյան «Rydena»-ի հետ՝ վերջինիս բարձր տեխնոլոգիական հաստոցներ մատակարարելու նպատակով։
Հոդվածում ասված է, որ միջազգային վերլուծաբանները և Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատի բիզնեսի հարցերով հանձնաժողովի նախագահ Լիամ Բայրնը խորը մտահոգություն են հայտնել այս գործարքի վերաբերյալ, գործարքում ռուսական հետք տեսնելով (բաժնետերերի՝ Ալեքսանդր Շլեյնիկովի և Դմիտրի Կոգանի, «Ռոսատոմ»-ի հետ կապը նկատի ունենալով)։ Հետաքննության հիմնական հարցը վերաբերում էր նրան, թե արդյոք բրիտանական տեխնոլոգիաները հետագայում կարող են օգտագործվել Ռուսաստանի ռազմական արդյունաբերության շահերի համար՝ շրջանցելով գործող սահմանափակումները։
The Guardian-ը գրել է նաև, որ մատակարարող կողմը վստահ է, որ պայմանագրի համար անհանգստանալու կարիք չկա։
««Ռայդենան» հայտարարել է, որ մեքենաները «նախատեսված են քաղաքացիական արդյունաբերական արտադրության մեջ օգտագործման համար», և որ ընկերությունը ուղղակիորեն կամ անուղղակիորեն չի մասնակցում պաշտպանական ոլորտին առնչվող նախագծերին»,-գրում է պարբերականը։
Ընկերությունը նշել է, որ որևէ գործարար կապ չունի ռուսական ընկերությունների կամ պետական կառույցների հետ, և որ իր ղեկավարները կապեր չունեն պատժամիջոցների տակ գտնվող ընկերությունների հետ ու չեն աշխատել այնպիսի կազմակերպություններում, որոնք այդ ժամանակ գտնվել են պատժամիջոցների ներքո։
Ի՞նչ բնապահպանական վտանգներ կարող է ունենալ արտադրությունը
Թեև էպօքսիդային պրեպրեգների արտադրությունը պարտադիր չէ, որ ուղեկցվի տեսանելի ծխով կամ մեծ քանակությամբ փոշու արտանետումներով, այն կարող է ունենալ շրջակա միջավայրի և մարդու առողջության համար որոշակի ռիսկեր։
Արտադրության ընթացքում օգտագործվող էպօքսիդային խեժերը, կարծրացուցիչները և, կախված տեխնոլոգիայից, լուծիչները կարող են պարունակել քիմիական նյութեր, որոնց հետ անմիջական շփումը կամ գոլորշիների ներշնչումը վտանգավոր է առողջության համար։ Որոշ բաղադրիչներ կարող են առաջացնել մաշկի և աչքերի գրգռում, ալերգիկ ռեակցիաներ և շնչառական խնդիրներ։
Եթե արտադրության ընթացքում կիրառվեն ցնդող օրգանական միացություններ պարունակող նյութեր, ապա ոչ բավարար օդափոխության կամ արտանետումների մաքրման պայմաններում այդ միացությունները կարող են արտանետվել մթնոլորտ։ Բացի այդ, արտադրության ընթացքում կարող են առաջանալ խեժերով աղտոտված նյութեր, օգտագործված տարաներ և այլ արտադրական թափոններ, որոնց հավաքումը, պահպանումն ու հեռացումը պահանջում են համապատասխան վերահսկողություն։
Երևանն արդեն ունի օդի աղտոտվածության խնդիր․ ի՞նչ կփոխի նոր արտադրությունը
Նախատեսվող արտադրության հնարավոր ազդեցությունն առավել կարևոր է դիտարկել Երևանի օդի աղտոտվածության ընդհանուր պատկերի համատեքստում։ Մայրաքաղաքում պարբերաբար արձանագրվում են փոշու և որոշ գազային աղտոտիչների սահմանային թույլատրելի կոնցենտրացիաների գերազանցումներ։ Քաղաքի օդի որակի վրա ազդում են տրանսպորտը, շինարարությունը, ճանապարհային փոշին և այլ աղբյուրներ։ Նման պայմաններում ցանկացած նոր արդյունաբերական գործունեության դեպքում անհրաժեշտ է գնահատել ոչ միայն դրա առանձին արտանետումները, այլև այն, թե դրանք ինչպես կարող են գումարվել արդեն առկա աղտոտվածությանը։
Եթե նախատեսվող արտադրությունը հանգեցնի լրացուցիչ քիմիական արտանետումների, դրանք կարող են վատթարացնել շրջակա օդի որակը՝ հատկապես արտադրական տարածքին մոտ բնակվող մարդկանց համար։ Որոշ ցնդող օրգանական միացություններ նաև մասնակցում են մթնոլորտում երկրորդային աղտոտիչների առաջացման գործընթացներին։ Միաժամանակ, առանց արտադրության տեխնիկական տվյալների և արտանետումների հաշվարկների` հնարավոր չէ պնդել, որ տվյալ գործարանը զգալիորեն կավելացնի Երևանի փոշու կամ այլ աղտոտիչների մակարդակը։
Արտադրություն՝ բնակելի հատվածի հարևանությամբ
«Քաղաքացու ձայնը» մեդիահարթակի ուսումնասիրությամբ՝ Մանանդյան փողոցի 33/27 հասցեում, որտեղ նախատեսվում է հիմնել արտադրությունը, տեղակայված են նաև այլ ընկերությունների գրասենյակներ։ Մասնավորապես, այդ հասցեում է գտնվում «Հագուստի աշխարհ» խանութների ցանցի գլխամասային գրասենյակը։
Հայտարարությանը կից նախաձեռնության մասին հակիրճ նկարագրություն կա, որտեղ նախաձեռնողները ներկայացնում են արտադրության հակիրճ բնութագիրը, ինչպես նաև շրջակա միջավայրի վրա հնարավոր ադեցությունները՝ վստահեցնելով, որ ռիսկերը հավասարեցված են նվազագույնի կամ բացառված են։
Թեև ներկայացված նկարագրությունում նախաձեռնողները պնդում են, որ ուժեղ վերահսկողություն են սահմանելու, ըստ համացանցի բաց աղբյուրների տվյալների՝ թեև սա սև ծխով արտադրություն չէ, բայց լուրջ ռիսկեր է ենթադրում, այդ թվում՝ օդի աղտոտվածության՝ տոքսիկ գոլորշիների միջոցով, և դժվար քայքայվող քիմիական թափոնների կուտակման։
Արտադրության համար ընտրված տարածքը գտնվում է բնակելի հատվածի անմիջական հարևանությամբ, ինչն առավել կարևոր է դարձնում շրջակա միջավայրի և բնակիչների առողջության վրա հնարավոր ազդեցությունների գնահատումը, թեև նորից նախաձեռնողները պնդում են, որ իրենց արտադրական գործունեությունը ոչ մի խնդիր չի առաջացնի։
Այնուամենայնիվ հաշվի առնելով Երևանի օդի որակի արդեն իսկ առկա խնդիրները մտահոգությունները մնում են։
Այս հարցերի պատասխանները կարևոր են ոչ միայն նոյեմբերի 18-ին նախատեսված հանրային քննարկման մասնակիցների, այլև քաղաքի բնակիչների համար։
Հիշեցնենք, որ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի համաձայն շահագրգիռ հանրության կողմից առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները կարող են ներկայացվել բանավոր՝ հանրային լսման ընթացքում կամ գրավոր՝ Երևանի քաղաքապետարան, ինչպես նաև հանրային քննարկման պատասխանատուին՝ (էլ.փոստ՝ ellada.aramyan@yerevan.am, հեռ․՝ 011-514-488) ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում:
