Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
04/11/2026
share

Կաշառք ստանալու մեղադրանք՝ Գյումրու քոլեջներից մեկի փոխտնօրենին․ Հակակոռուպցիոն կոմիտե

Հիմնավորվել է, որ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Գյումրիի Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենի, նաև ընդունելության քննությունների ընդունող հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնը զբաղեցրած անձը, իր ծառայողական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, ստացել է կաշառք,- հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։

 

Նախաքննությամբ պարզվել է՝ նշված պաշտոնատար անձը, քոլեջի դիմորդի  ուսումն անվճար կազմակերպելու դիմաց, վերջինիս ծնողներից 2026 թվականի տարբեր ամիսների ստացել է ընդհանուր 350.000 ՀՀ դրամ կաշառք: Բացի այդ, քոլեջի տարբեր բաժիններում ևս 2 դիմորդի ուսումն անվճար կազմակերպելու համար հիշյալ պաշտոնյան նույն ժամանակահատվածում նրանց ծնողներից նույնպես ստացել է 350.000-ական ՀՀ դրամ կաշառք:

 

 

Նշված գործընթացը կազմակերպելու համար կաշառք տվողին օժանդակել են նույն քոլեջի 2 դասախոսներ՝ կաշառք տվողի և ստացողի միջև միմյանց չճանաչելու խոչընդոտը վերացնելու և նրանց միջև փոխվստահության մթնոլորտ ստեղծելու եղանակով: Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել կաշառք ստանալու համար: Նախաքննության ընթացքում մեղադրանքներ են ներկայացվել ևս 6 անձի:

 

Ներկայացված մեղադրանքներում մեղադրյալներն իրենց մեղավոր են ճանաչել և տվել խոստովանական ցուցմունքներ։ Նախաքննության ընթացքում կատարված խուզարկությունների արդյունքում կաշառքի առարկա հանդիսացող ավելի քան 1 մլն դրամ գումարն առգրավվել է: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են Հակակոռուպցիոն դատարան:

 

 

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

facebook sharing button facebook