
Բնապահպանության ոլորտի փորձագետ Այսեր Ղազարյանը գրում է․ «Սույն վերլուծության նպատակն է համադրական գնահատման ենթարկել ՀՀ անտառային ոլորտին վերաբերող միջազգային հանձնառությունները, մասնավորապես՝ անտառապատման լայնածավալ ծրագրերը։
Վերլուծության հիմքում որոշում կայացնողների պաշտոնական հայտարարություններն են, պաշտոնապես հաստատված միջազգային պարտավորություններն ու ազգային ռազմավարական փաստաթղթերը՝ Փարիզյան համաձայնագրի NDC-ն, NBSAP-ը և ՀՀ կառավարության ծրագրերը։ Դրանք համադրվել են ոլորտի կենսաբանական, էկոլոգիական, տարածական, տեխնիկական և ինստիտուցիոնալ իրականության հետ։
Ուսումնասիրության գլխավոր խնդիրն է պարզել՝
- որքանո՞վ են հռչակված նպատակները հիմնավորված գիտական տվյալներով,
- որքանո՞վ են դրանք փոխհամաձայնեցված,
- և, ամենակարևորը, որքանո՞վ են համապատասխանում Հայաստանի բնակլիմայական պայմաններին ու ֆինանսատնտեսական հնարավորություններին:
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում այն հանգամանքին, որ չափազանց հավակնոտ անտառապատման թիրախները սահմանվել են առանց լուրջ գիտական հիմնավորումների և ոլորտի առաջատար մասնագետների կարծիքը հաշվի առնելու։ Տարիներ շարունակ դրանք իրականացվել են ոչ պրոֆեսիոնալ մոտեցումներով՝ ընտրված տարածքներում արձանագրելով տեխնիկական լուրջ շեղումներ ու համակարգային խնդիրներ։
Պատմական համատեքստը և քաղաքական նախադրյալները
2018–2019 թթ. ՀՀ կառավարությունը, չընդունելով իմ ներկայացրած գիտահեն հիմնավորումները և մտահոգությունները, առանց գիտականորեն հիմնավորված տեխնիկատնտեսական հաշվարկների ստանձնեց մի շարք հավակնոտ միջազգային հանձնառություններ։ Դրանցից առանցքայինը Բոնի մարտահրավերի (Bonn Challenge) շրջանակում մինչև 2030 թ. 50 000 հա անտառային լանդշաֆտների վերականգնման հանձնառությունն էր։
Քանի որ ՀՀ այն ժամանակվա ԲՆ նախարար Էրիկ Գրիգորյանի նախաձեռնությունը վերաբերում էր միայն անտառապատմանը՝ այլ նպատակային նշանակության հողերի վրա նոր անտառների հիմնմանը, մասնագիտական շրջանակներում դեռ այն ժամանակ, որպես ԲՆ նախարարի տեղակալ բարձրացնում էի լուրջ հարցեր՝ կապված տարածքային ֆոնդի, տնկանյութի ապահովման, ֆինանսական ռեսուրսների, իրավասու կազմակերպությունների կարողությունների և իրագործելիության հետ։
Ցավոք, գիտական փաստարկներն ու մասնագիտական վերապահումները փաստացի անտեսվեցին և շարունակովում են անտեսվել քաղաքական և ռազմավարական մակարդակների որոշումների ընդունման գործընթացում։ Այն ժամանակ, հիշում եմ, թե ինչպես էին շտապում վերհաստատել նախորդ իշխանություների ժամանակ համաձայնեցված հանձնառությունը ՀՀ անտառածածկ տարածքի մակերեսի կրկնապատկման մասով, վերջինս մասնագիտական տեսանկունից անհեթեթ է և անիրականանալի: Եվ իհարկե, Իրինա Ղափլանյանի ակտիվ մասնակցությամբ հապճեպորեն Լեհաստանի Կատովիցե քաղաքում կլիմայի փոփոխության համատեքստում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 24-րդ համաժողովին (COP24, 2018 թվականի դեկտեմբեր) վերահաստատեցին նաև տվյալ հանձնառությունը: Իրենք երևի փորձում են դրա մասին չհիշել, բայց արդյունքում՝ հռչակված հանձնառությունների և դրանց իրականացման իրատեսական նախադրյալների միջև առաջացել է խոր հակասություն։ Էլ չեմ խոսում հետևանքների մասին, մասնավորապես էկոհամակարգերի դեգրադացնելու, ֆինանսական լուրջ միջոցների առնվազն վատնելու և մյուս բացասական հետևանքների մասին:
Անտառապատման աշխատանքների իրականացման համակարգային խնդիրները
2.1. Նախագծման և պլանավորման բացթողումներ.
Տարիներ շարունակ անտառապատման միջոցառումներն իրականացվել են առանց լուրջ ուսումնասիրությունների հիման վրա մշակված նախագծերի և հստակ քարտեզագրման նյութերի։ Ոչ պրոֆեսիոնալ մոտեցման հետևանքով տարածքներն ընտրվել են՝ առանց հողակլիմայական պայմանների համապարփակ գնահատման, ջրային ռեժիմի վերլուծության, տեղանքի էկոլոգիական առանձնահատկությունների պատշաճ դիտարկման և այլն։
Բացի այդ՝ մի քանի միջազգային դոնոր և իրականացնող կազմակերպությունների կողմից մասամբ կամ ամբողջությամբ իրականացվել են ծրագրեր, որոնց նպատակն էր միջազգայնորեն ընդունված մեթոդով ընտրել անտառապատման բոլոր հնարավոր տարածքները Հայաստանի ամբողջ տարածքում՝ անկախ հողի նպատակային նշանակությունից և սեփականության ձևից, հիմնականում ուշադրությունը սևեռելով համայնքահեն հողերին։ Մասնավորապես Հիմնական գործընթացը մեկնարկել, ֆինանսավորվել և համակարգվել էր Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ։ Մինչ օրս այդ փաստաթուղթը ոլորտի որևէ անկախ փորձագետ չի տեսել։
2.2. Տեխնիկական շեղումները և դրանց հետևանքները
Դաշտային դիտարկումները վկայում են, որ անտառապատման աշխատանքներում արձանագրվել են տեխնիկական լուրջ շեղումներ, մասնավորապես՝
- տեղանքի սխալ ընտրություն,
- տեղանքին անհամապատասխան ծառատեսակների ընտրություն,
- անբավարար որակի և տարիքի տնկանյութ, տնկարանային տնտեսության ու սերմնաբուծության լուրջ խնդիրներ,
- հողի նախապատրաստման սխալ կամ թերի մոտեցումներ, աշխատանքների իրականացում՝ ստանդարտներից շեղումներով,
- տնկման տեխնոլոգիական պահանջների խախտում,
- տնկումից հետո խնամքի աշխատանքների բացակայություն կամ անբավարար իրականացում,
- պահպանության միջոցառումների՝ պարսպապատման և հսկողության անբավարարություն և այլն:
Այս համակարգային թերացումները հանգեցրել են անտառապատման միջոցառումով նոր տնկված տարածքների պահպանվածության և սերմնաբուսակների կպչողականության ցածր մակարդակի/տնկիների զանգվածային կորստի և, ըստ էության, պետական միջոցների անարդյունավետ ծախսման։
Քանակական թիրախների մեթոդաբանական խնդիրները
Հայաստանի անտառածածկի ավելացման քաղաքականությունը հաճախ հիմնվում է 11,2% ելակետային ցուցանիշի վրա։ Մինչև 2050 թ. անտառածածկի կրկնապատկումը՝ մինչև 22,4%, ենթադրում է անտառածածկ տարածքների մոտ 265 000 հա-ով ավելացում՝ դրանց մակերեսը հասցնելով շուրջ 600 000 հա-ի։
Սակայն այս նպատակադրումը զուրկ է իրատեսական հիմնավորումից, քանի որ երբևէ չի ներկայացվել այն տարածքների ամբողջական ցանկը, որտեղ հնարավոր է անտառապատման նման ծավալ իրականացնել։
Այս նպատակադրումների համատեքստում հրատապ է հստակ տարանջատել հետևյալ հասկացությունները․
- Անտառապատում (Afforestation) — նոր անտառների հիմնում այն տարածքներում, որոնք նախկինում անտառներ չեն եղել, այսինքն՝ հիմնականում այլ նպատակային նշանակության հողերի վրա:
- Անտառվերականգնում (Reforestation) — ժամանակավորապես անտառազուրկ դարձած տարածքների վերականգնում:
- Անտառային լանդշաֆտների վերականգնում (FLR) — լայնածավալ էկոհամակարգային մոտեցում, որը չի սահմանափակվում միայն ծառատնկմամբ և առաջնորդվում է միջազգայնորեն ընդունված մեթոդաբանությամբ:
Փաստացի արդյունքների գնահատումը
2018-2020թթ. ժամանակահատվածի համար անկախ ուսումնասիրության իրականացման աշխատանքների և «Հետք»-ի հետ համագործակցության արդյունքում վերջին տարիների՝ 2020-2025թթ. անտառապատման և անտառվերականգնման իրականացված միջոցառումների տարածքների վերաբերյալ իրականացվել է փաստաթղթային, քարտեզագրական (RS/GIS) և դաշտային մոնիթորինգ, մասնավորապես՝ դրոնային հանույթների կիրառմամբ։
Արդյունքները վկայում են, որ 50 000 հա թիրախի համեմատ փաստացի իրականացված տնկումով և ցանքով անտառապատման և անտառվերականգնման վերոնշյալ ժամանակահատվածի համար ներկայացված տարածքների մակերեսը կազմել է մոտ 1 000 հա՝ շուրջ 2%։ Խզումը միայն քանակական չէ․ առկա անտառապատված տարածքների զգալի մասը գտնվում է անբավարար վիճակում՝ տեխնիկական շեղումների և ոչ պատշաճ խնամքի հետևանքով։
Ավելին, անտառտնտեսությունների արդեն թարմացված կառավարման պլանների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրանցում նախատեսված անտառապատման և անտառվերականգնման ծավալների ընդհանուր գումարը 4–5 անգամ պակաս է 50 000 հա հանձնառությունն իրականացնելու համար անհրաժեշտ ծավալներից։
Իսկ այլ նպատակային նշանակության և սեփականության, տվյալ դեպքում՝ համայնքային հողերի մասով, համապատասխան հաստատման գործընթաց անցած որևէ փաստաթուղթ գոյություն չունի։ Այսինքն՝ նույնիսկ առկա պլանավորման փաստաթղթերը չեն ապահովում հռչակված թիրախի իրականացումը։
Հանձնառությունների չափազանց հավակնոտ լինելու գիտակցումը և թիրախների կրճատումը.
Տարիների անհաջող փորձից հետո ՀՀ կառավարության համար ակնհայտ է դարձել, որ 50 000 հա անտառապատման միջանկյալ հանձնառությունն անիրատեսական է և չի կարող իրականացվել առկա հողային ֆոնդի, ֆինանսական միջոցների, ինստիտուցիոնալ կարողությունների սահմաններում և այլ հիմնավոր պատճառների արդյունքում։
Պատճառահետևանքային գործընթացները հանգեցրին նրան, որ արդյունքում՝ համապատասխան փաստաթղթերում հանձնառության ՛՛թվերը՛՛ կրճատվեցին են մոտ 4–5 անգամ։
Ռազմավարական անհամապատասխանություն․ ՛՛NDC 2՛՛, նոր ընդունված ՛՛NBSAP՛՛, ՀՀ կառավարության ծրագիր և անտառկառավարման պլաններ.
Առավել մտահոգիչ է, որ ռազմավարական կարևոր փաստաթղթերը՝ ՛՛NDC 2021–2030՛՛, ՛՛NDC 2026–2035՛՛, NBSAP 2026–2030 և ՀՀ կառավարության 2026–2031 թթ. ծրագիրը, մշակվել են առանց բավարար փոխհամաձայնեցման, և դրանցում ներկայացված թվերը էապես տարբերվում են միմյանցից։
Տարբեր փաստաթղթերով սահմանված անտառապատման թիրախների համեմատական աղյուսակ
Փաստաթուղթ- Ժամկետ- Թիրախ
Bonn Challenge / NDC 2021–2030 (Կառ. որոշում N 610-Լ, 22.04.2021)- մինչև 2030թ. - 50 000 հա անտառապատում,
NDC 2 — 2026–2035 թթ. ազգային հանձնառություններ - մինչև 2035 - 25 000 հա անտառապատում և անտառվերականգնում + դեգրադացված անտառների ≥20% կայուն կառավարում,
NBSAP 2025–2030 (կետ 10.1) - մինչև 2030 -12 500 հա անտառապատում և անտառվերականգնում,
NBSAP 2025–2030 (կետ 2.2) - մինչև 2030 -15 000 հա դեգրադացված անտառների վերականգնում,
ՀՀ կառավարության 2026–2031 թթ. ծրագիր (Կառ. որոշում N 1236-ԱԼ, 20.08.2026) - մինչև 2031թ. - ≈10 000 հա անտառատնկման և անտառվերականգնման աշխատանքներ:
Ի՞նչ է ցույց տալիս աղյուսակը
- Թիրախները տատանվում են 10 000-ից մինչև 50 000 հա միջակայքում,
- Տարբեր փաստաթղթերում նույն թվերը՝ իրարամերժ են,
- Փաստաթղթերը փոխհամաձայնեցված չեն, ասենք, վերոնշյալ ոչ մի փաստաթղթի տվյալները չի համընկնում անտառկառավարման պլանների հաստատված «իրական» տվյալների հետ:
Հատկանշական է, որ մինչև նոր փաստաթղթերի հաստատումն ուժի մեջ եղած նմանատիպ ռազմավարական փաստաթղթերում ևս թվերը տարբեր էին․ դրանցից ոչ մեկը չէր համընկնում ո՛չ նոր փաստաթղթերի թվերին, ո՛չ էլ միմյանց ցուցանիշներին։
Ավելին՝ այս բոլոր թիրախները էապես տարբերվում են հաստատված անտառկառավարման պլաններում ներառված անտառապատման և անտառվերականգնման ծավալների ընդհանուր գումարից։ Սա վկայում է ռազմավարական պլանավորման և գործնական իրականացման միջև համակարգային անջրպետի մասին։
Ստեղծված իրավիճակը հանգեցնում է նրան, որ Հայաստանը տարբեր միջազգային հարթակներում ներկայացնում է տարբեր, երբեմն իրարամերժ թվեր։ Սա լրջորեն վնասում է երկրի հեղինակությանը և կասկածի տակ դնում միջազգային գործընկերների վստահությունը։
Կենսաբանական զարգացման և ժամկետների իրատեսականությունը.
Անտառագիտության տեսանկյունից անհրաժեշտ է հստակ տարբերակել «տնկման մակերեսը» և «ձևավորված անտառային տարածքը»։
Նոր տնկարկները չեն կարող անտառ համարվել առնվազն 7–12 տարի՝ կախված ծառատեսակներից, տեղանքի բնակլիմայական և օրոգրաֆիկ պայմաններից։ Լեռնային շրջաններում այդ ժամկետը կարող է զգալիորեն ավելի երկար լինել։
Հետևաբար, 2030 թ. թիրախը գնահատելիս պետք է հաշվի առնել, որ նույնիսկ բարենպաստ պայմաններում 2023–2025 թթ. իրականացված անտառապատման իրականացված նոր տարածներում սերմնաբուսակները/տնկիները մինչև 2030 թ. չեն կարող ունենալ ձևավորված սաղարթների միակցվածությամբ անտառմշակույթին բնորոշ կառուցվածքային հատկանիշներ։
Ցուցանիշների նույնացումը հանգեցնում է ոլորտի արդյունքների էական գերագնահատման և միջազգային հանրությանը ապակողմնորոշող տեղեկատվության ներկայացման։
Տարածքային, ֆինանսական և ինստիտուցիոնալ իրագործելիությունը
Միջազգային կամ ազգային քանակական թիրախը դառնում է իրատեսական պլանավորման մաս միայն այն դեպքում, երբ հստակ է՝
- որտեղ են նախատեսվում աշխատանքները,
- ինչպիսի միջամտություն է կիրառվելու,
- ինչ ռեսուրսներ են անհրաժեշտ,
- և ով է պատասխանատու արդյունքի պահպանման համար:
Մեկ հեկտարի համար 2 000–5 000 ԱՄՆ դոլարի համարժեք արժեքային գնահատականը պետք է դիտարկել որպես նախնական հաշվարկ, ոչ թե համընդհանուր հաստատուն գին։ Այն էապես տատանվում է՝ կախված տարածքի հասանելիությունից, տնկանյութի աղբյուրից, տնկման եղանակից, խնամքի տևողությունից, պահպանությունից և մշտադիտարկման ծավալից։
Անտառապատման ծրագրերի հաշվարկային արժեքը
Թիրախային ծավալ - Հաշվարկային արժեք (ԱՄՆ դոլար)
25 000 հա - 50–125 միլիոն
50 000 հա - 100–250 միլիոն
Այս գումարները զգալիորեն գերազանցում են ոլորտին հատկացվող տարեկան բյուջետային միջոցները։
Իրագործելիության գնահատումը պետք է ներառի ոչ միայն տնկման ծախսերը, այլև՝
- տնկիների արտադրությունն ու տեղափոխումը,
- սերմնաբուծությունը՝ համապատասխան պահանջներով ընտրված պլյուսային ծառերից սերմերի հավաքից սկսած (Հայաստանում սա լուրջ խնդիր է),
- հողի նախապատրաստումն ու տնկման աշխատանքները,
- հետագա խնամքն ու պաշտպանությունը՝ նվազագույնը 3–5 տարի,
- կորստի դեպքում լրացումը կամ լրատնկումը,
- հրդեհների և այլ ռիսկերի կառավարումը,
- բազմամյա մոնիթորինգը՝ առնվազն 10–15 տարի,
- ծրագրի իրականացման պատասխանատու մարմինների կարողությունների հզորացումը:
Հանձնառությունների կատարման գնահատման մեթոդաբանությունը.
Անտառային քաղաքականության արդյունքները գնահատելիս անհրաժեշտ է տարբերակել առնվազն հետևյալ հասկացությունները․
Հիմնական հասկացությունների տարանջատում
Հասկացություն - Սահմանում
- Անտառապատում (Afforestation) Անտառածածկի ձևավորում այնպիսի տարածքում, որը նախկինում անտառ չի եղել կամ սահմանված ժամանակահատվածում անտառածածկ չի համարվել։ Հիմնականում՝ այլ նպատակային նշանակության հողերի վրա անտառի հիմնում:
- Անտառվերականգնում (Reforestation) Ժամանակավորապես անտառազուրկ տարածքի վերականգնում:
- Անտառային լանդշաֆտների վերականգնում (FLR) Լանդշաֆտի մակարդակով էկոլոգիական և սոցիալական գործառույթների վերականգնում, որը կարող է ներառել ինչպես տնկում, այնպես էլ բնական վերականգնման խթանում և այլ միջոցառումներ:
Այս տարբերակումները սկզբունքային նշանակություն ունեն, քանի որ տնկման փաստը գործընթացի արձանագրում է, իսկ կայուն անտառածածկի ձևավորումը՝ արդյունք։
Հաշվետվություններում այդ ցուցանիշները միավորելը քողարկում է տնկարկների կորուստները, կրկնակի հաշվառումը և վերականգնման այլ ձևերի չհաշվառված լինելը։ Ցավոք, դա պարբերաբար տեղի է ունենում։
Անկախ վերահսկողություն և հանրային մասնակցություն.
Հաշվետվողականության արդյունավետությունը կախված է ոչ միայն տվյալների հավաքագրումից, այլև դրանց անկախ ստուգման հնարավորությունից․ մինչ այժմ դա փաստացի բացակայել է։
Անտառային ծրագրերի գնահատման գործընթացում պետք է ներգրավվեն գիտական հաստատություններ, մասնագիտական կազմակերպություններ, տեղական համայնքներ և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ՝ հստակ դերերով ու ստուգելի ընթացակարգերով։
Անկախ գնահատումը պետք է՝
- Ստուգի հաշվետվություններում ներկայացված տարածքների և աշխատանքների համապատասխանությունը իրական վիճակին:
- Գնահատի տվյալների ամբողջականությունն ու կիրառված մեթոդաբանությունը:
- Բացահայտի հնարավոր կրկնակի հաշվառումն ու չհիմնավորված ցուցանիշները:
- Պարզի՝ արդյոք նախատեսված խնամքն ու պահպանումը կատարվել են:
- Հրապարակի եզրակացություններն ու դրանց հիմքում ընկած տվյալները:
Քաղաքական թիրախների վերանայման սկզբունքները.
Գործող թիրախների վերանայումը, որն իրականում արդեն տեղի է ունենում՝ 50 000 հա-ից մինչև 10 000–25 000 հա, չպետք է ինքնին դիտարկել որպես հավակնությունների նվազեցում։ Դա ուշացած, բայց անհրաժեշտ իրատեսականացում է։
Սակայն վերանայումը պետք է լինի թափանցիկ, գիտականորեն հիմնավորված և հրապարակային, այլ ոչ թե տարբեր փաստաթղթերում լուռ փոփոխությունների տեսքով։
Վերանայման գործընթացում անհրաժեշտ է՝
1. Ներկայացնել սկզբնական թիրախների սահմանման հիմքերը և դրանց ձախողման պատճառները:
2. Գնահատել մինչ օրս իրականացված աշխատանքների փաստացի արդյունքները, ոչ միայն ծավալները:
3. Նոր թիրախները որոշել՝ ելնելով առկա հողային ֆոնդից, ֆինանսական ռեսուրսներից և տեխնիկական կարողություններից:
4. Ապահովել նոր թիրախների համապատասխանությունը միջազգային պարտավորություններին և ազգային ռազմավարական փաստաթղթերին:
5. Հստակեցնել, թե յուրաքանչյուր թիրախ ինչ աշխատանքներ է ներառում, ինչ ժամկետում և ինչ մեթոդաբանությամբ է հաշվարկվելու:
6. Սահմանել միջանկյալ ցուցանիշներ՝ 3, 5 և 10 տարվա համար:
7. Ապահովել հանրային մասնակցությունն ու անկախ փորձաքննությունը վերանայման ողջ ընթացքում:
Ֆինանսական հաշվետվողականություն.
Անտառապատման և անտառվերականգնման ծրագրերի ֆինանսական կողմը նույնքան կարևոր է, որքան բնապահպանական արդյունքները, սակայն մինչ այժմ այն մնացել է անբավարար թափանցիկ։
Հաշվի առնելով, որ 25 000 հա-ի համար գնահատված ծախսերը կարող են կազմել 50–125 միլիոն ԱՄՆ դոլար, անհրաժեշտ է ապահովել միջոցների նպատակային ու արդյունավետ օգտագործումը, ինչպես նաև հանրային վերահսկողությունը։
Յուրաքանչյուր ծրագրի համար պետք է հրապարակվեն՝
Պահանջվող տեղեկատվություն
1. Ծրագրի ընդհանուր բյուջեն և ֆինանսավորման աղբյուրները (պետբյուջե, դոնորներ, մասնավոր ներդրումներ):
2. Մեկ հեկտարի փաստացի արժեքը՝ ըստ ծախսային հոդվածների:
3. Աշխատանքների կատարման մրցութային գործընթացների արդյունքները:
4. Կատարված աշխատանքների և վճարումների համապատասխանությունը:
5. Անկախ աուդիտի արդյունքները:
6. Նախատեսված բյուջեից շեղումները և դրանց պատճառները:
Ինստիտուցիոնալ բարեփոխումներ.
Անտառային ոլորտի արդյունավետ կառավարումը պահանջում է հստակ ինստիտուցիոնալ կառուցվածք։ Յուրաքանչյուր մարմնի գործառույթները, պատասխանատվությունն ու հաշվետվողականությունը պետք է սահմանվեն օրենքով և ենթաօրենսդրական ակտերով, ոչ թե ժամանակավոր հանձնարարականներով կամ ոչ ֆորմալ պայմանավորվածություններով։
Առաջարկվող ինստիտուցիոնալ կառուցվածք
Մարմին - Գործառույթ
- |Քաղաքականության մշակման մարմին (նախարարություն) - ազգային մակարդակում փաստաթղթերի, թիրախների սահմանում և միջազգային հաշվետվություններ,
- Իրականացնող մարմին («Հայանտառ» ՊՈԱԿ կամ համանման կառույց) - միջոցառումների/աշխատանքների պլանավորում, կազմակերպում և որակի վերահսկում,
- Գիտական խորհուրդ (անկախ փորձագետներ) - ծրագրերի գիտական հիմնավորվածության, մեթոդաբանության և արդյունքների գնահատում,
- Անկախ մոնիթորինգի խումբ (GIS/RS մասնագետներ, անտառագետներ) - պարբերական դաշտային ստուգումներ, արբանյակային լուսանկարների վերլուծություն, տվյալների ստուգում, |
- Հանրային խորհուրդ (համայնքներ, ՀԿ-ներ) - թափանցիկության ապահովում, հետադարձ կապ, համայնքային շահերի ներկայացում:
«Քաղված դասերի» համակարգ.
Անտառային ոլորտում կրկնվող սխալներից խուսափելու միակ երաշխիքը դրանց համակարգված վերլուծությունն ու հրապարակումն է։ Առաջարկվում է յուրաքանչյուր խոշոր ծրագրի կամ փուլի ավարտից հետո կազմել «Քաղված դասեր» (Lessons Learned) հրապարակային փաստաթուղթ։
Այն պետք է ներառի․
- Սկզբնական նպատակներն ու հիմնավորումները:
- Փաստացի արդյունքները և շեղումները:
- Պատճառների վերլուծությունը (մեթոդաբանական, ֆինանսական, ինստիտուցիոնալ, բնակլիմայական):
- Ուղղիչ միջոցառումներ ապագայի համար:
- Հաջողված մոտեցումները:
Համայնքների ներգրավում և սոցիալ-տնտեսական օգուտներ.
Անտառապատման ծրագրերը չեն կարող հաջողել առանց տեղական համայնքների ակտիվ մասնակցության։ Անհրաժեշտ է՝
- Ներգրավել համայնքներին պլանավորման փուլից:
- Ապահովել բնակչության զբաղվածությունը (տնկում, խնամք, պահպանություն):
- Ստեղծել այլընտրանքային եկամտի աղբյուրներ (ոչ փայտանյութային արտադրանք, էկոտուրիզմ, ածխածնային վարկեր):
- Հաշվի առնել ֆերմերների շահերը՝ արոտավայրերի և խոտհարքների մասով:
- Ապահովել համայնքների մասնակցությունը մոնիթորինգին:
Միջազգային փորձի կիրառում.
Հայաստանի անտառային քաղաքականությունը պետք է հարմարեցնի միջազգային լավագույն փորձը՝ ոչ թե մեխանիկորեն պատճենելով, այլ հիմնվելով հետևյալ մոդելների վրա․
- Հարավային Կորեա (պետական ղեկավարում + համայնք + գիտական հենք):
- Վրաստան (անտառների գույքագրում + ապակենտրոնացում):
- Եվրամիություն (միասնական մոնիթորինգի համակարգեր):
- Ածխածնային վարկերի շուկա (ֆինանսավորման հավելյալ աղբյուր) և այլն:
Եզրակացություն
Անտառային ոլորտի քաղաքականությունը գտնվում է ճգնաժամի մեջ՝ պայմանավորված գիտական հենքի բացակայությամբ, ոչ պրոֆեսիոնալ իրականացմամբ, մեթոդաբանական խառնաշփոթով և ինստիտուցիոնալ թուլությամբ։ Անհրաժեշտ է անցում կատարել հռչակագրայինից դեպի արդյունքահեն քաղաքականություն։
Հաջողությունը չափվելու է ոչ թե հայտարարված հեկտարներով, այլ ձևավորված, կենսունակ և էկոլոգիապես լիարժեք անտառային էկոհամակարգերի իրական մակերեսով։
