
Հոկտեմբերի 6-ին վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզի Ամուլսարի հանքավայրերից մեկում։ Այդ օրը ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ջերմուկի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Լիդիան Արմենիա» Ամուլսարի ՓԼ-7 տեղամասում աշխատանքային հարցերի շուրջ մի խումբ անձանց միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որը հետո վերածվել է ծեծկռտուքի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Իրանի Իսլամական Հանրապետության երեք քաղաքացիներ ծեծի են ենթարկել Արթուր Ս.-ին, ով դեմքի շրջանում ստացել է մարմնական վնասվածք։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված անձանց միջև ծեծկռտուքը աշխատանքային օրվա ավարտից հետո շարունակվել է Ջերմուկ խոշորացված համայնքի Գնդեվազ բնակավայրի սկզբնամասում՝ ոչ բնակելի հատվածում որտեղ վերջիններս ձեռքերով, ոտքերով և քարերով միմյանց են հարվածել, ինչի հետևանքով Հոսեյին Ք․-ն, Մահդի Զ․-ն և Ամիրալի Զ․-ն մարմնական վանսվածքներով նախ օգնություն են ստացել «Լիդիան Արմենիա»-ի բուժկետում, որից հետո տեղափոխվել են «Վայոց ձոր» բժշկական կենտրոն։
Դեպքի փաստով ոստիկանության Ջերմուկի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն։
