
Շաբաթ օրը՝ հոկտեմբերի 31-ին, հանդիպման ավարտից հետո, «Գրինփիս Բելգիա»-ն (Greenpeace Belgium) հայտարարել է, որ Երևանում կայացած ՄԱԿ-ի կենսաբազմազանության հարցերով COP17 գագաթնաժողովը չի ապահովել բնության կորուստը կասեցնելու համար անհրաժեշտ գործողությունները,- գրում է The Brussels Times-ը
Շուրջ 200 երկրների պատվիրակներ անցած 2 շաբաթն անցկացրել են ՀՀ մայրաքաղաքում՝ քննարկելով 2022 թ. Կունմինգ-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակային համաձայնագրով սահմանված 23 թիրախները։ Այդ համաձայնագրով՝ մասնակից բոլոր երկրները պարտավորվել են իրականացնել մի շարք միջոցառումներ, այդ թվում՝ մինչև 2030 թվականը պաշտպանության տակ առնել ցամաքի և օվկիանոսների 30 տոկոսը։
«Greenpeace»-ը նշել է, որ գագաթնաժողովը որոշակի ուղղություն է տվել այդ նպատակներին հասնելու համար, սակայն չի ապահովել պահանջվող արագացումը։ Կազմակերպության գնահատմամբ՝ COP17-ը հիասթափեցնող էր։ «COP17-ը որոշակի առաջընթաց ապահովում է, սակայն տեմպը բավարար չէ կենսաբազմազանության ճգնաժամի պահանջներին համապատասխանելու համար, - հայտարարել են «Greenpeace»-ից։ Մինչև վերջնաժամկետը մնացել է ընդամենը 4 տարի, իսկ աշխարհը լրջորեն շեղվել է 23 թիրախներից 22-ի իրականացման ուղուց»։
Կազմակերպությունը նաև նշել է, որ գագաթնաժողովին չի հաջողվել վերացնել ֆինանսավորմանն ու շրջակա միջավայրին վնաս պատճառող սուբսիդիաներին առնչվող խոչընդոտները։ «Անընդունելի է, որ բազմազգ ընկերությունները հսկայական շահույթներ են ստանում՝ վնասելով բնությանը, միաժամանակ հրաժարվելով ներդրում ունենալ դրա պաշտպանության գործում», -ասել է «Greenpeace International»-ի կենսաբազմազանության քաղաքականության գծով փորձագետ Ան Լամբրեխտսը։
«Greenpeace»-ը նաև քննադատել է Բելգիային՝ շրջակա միջավայրին վնաս պատճառող սուբսիդիաների ցանկը (գույքագրումը) մինչ օրս չհրապարակելու համար՝ չնայած 4 տարի առաջ տրված խոստմանը։ «Հաշվի առնելով, որ մեր բնակավայրերի 95%-ը գտնվում է անմխիթար վիճակում, այս կործանարար գործընթացների ֆինանսավորումը շարունակելն այլևս պարզ անփութություն չէ, այլ՝ գիտակցված քաղաքական ընտրություն,- հայտարարել են կազմակերպությունից։
