
Համայնքի զարգացումը միայն տնտեսական աճի, ներդրումների ու ենթակառուցվածքների մասին չէ։ Այն նաև մարդկանց կյանքի որակի, առողջ և անվտանգ միջավայրում ապրեու իրավունքի, բնության պահպանության ու համայնքի ապագայի վերաբերյալ որոշումներին մասնակցելու իրավունքի մասին է։
«Համայնքի բնակիչը գիտի իրեն ինչ է պետք։ Օրերս մի հանրային լսման ժամանակ մի երիտասարդի, ով զբաղվում էր անասնապահությամբ, ասում էին՝ գայիր խնդրեիր այդ հանքարդյունաբերողը քեզ էլ գործ տար։ Մենք մոռանում ենք, որ մարդը իր գործն ունի և ուզում է իր արդար քրտինքով առողջ միջավայրում ապրել և աշխատել և որևէ մեկին որևէ բան խնդրելու կարիք չունի։ Ինչո՞ւ որևէ հանքարդյունաբերող չի գալիս ասում՝ ես քո գոմում կաշխատեմ կամ քո կաթի առաքիչը կլինեմ։ Մարդիկ չունեն դրա կարիքը և գիտեն՝ ինչպես ապրեն և զարգացնեն իրենց կանաչ տնտեսությունը»,- Գյումրիում կայացած հեռուստաքննարկմանը հանրային լսումներին բնակիչների մասնակցության ու համայնքների զարգացման այլընտրանքային ուղիների վերաբերյալ նման կարծիք է հայտնել Էկոակտիվիստ, «Կանաչ խորհուրդների դաշնություն» էկոակտիվիստական շարժման անդամ Վարդուհի Անանյանը։
Որքանո՞վ են համայնքի բնակիչները ներգրավված իրենց բնակավայրի զարգացմանն ու շրջակա միջավայրին առնչվող որոշումների կայացման գործընթացում հարցի շուրջ նա կիսվել է դիտարկումներով՝ դա մեծապես պայմանավորելով համայնքներով․
«Կան համայնքներ, որտեղ կանայք ևս խոսում են, կան համայնքներ, որտեղ մեծերն են ավելի շատ մասնակցություն ունենում, երիտասարդները, թերևս, ավելի քիչ են։ «Ունեցել ենք դեպքեր, երբ երիտասարդներն ու կանայք համայնքապետարանի դիմացով անցել են, այդպիսով չմասնակցելով հանրային քննարկմանը»։
Վարդուհի Անանյանն անդրադարձել է նաև COP 17-ի օրերին «Կանաչ խորհուրդների դաշնություն» էկոակտիվիստական շարժման իրականացրած արշավների մասին, որոնց նպատակն էր միջազգային հանրությանն իրազեկել ՀՀ-ում ակտիվիստների, բնապահպանների, լրագրողների ու իրավապաշտպանների նկատմամբ SLAPP հայցերի մասին" Արշավների շրջանակում շարժման անդամները ՀՀ իշխանություններին նաև նամակ էին հանձնել՝ հակա -SLAPP օրենսդրության ընդունման պահանջով։
«Դրանք լուրջ խնդիրներ են և հաճախ քաղաքացիները վախենում են արտահայտել իրենց միտքը, բարձրաձայնել։ Որոշ դեպքերում նրանք փորձում են իսկապես խոսել խնդիրների մասին և բարձրաձայնել։ Դա կախված համայնքից։ Մարդիկ հատկապես խոսում են այն ժամանակ, երբ տեսնում են, որ իրենք մենակ չեն։ Մեզ հաճախ մեղադրում են հանքարդյունաբերողները, որ մենք գնում ենք հանրային լսումների, ինչ-որ ընդդեմ բաներ ենք խոսում։ Մենք պարզապես այնտեղ ենք, որ բնակիչը զգա, որ ինքը մենակ չի, իրենց ձայնը լսելի է»
