
«Ողջ Հայաստանում, կարող ենք ասել, որ ունենք որոշակի լսելիության մակարդակ, սակայն, դա շատ դեպքերում կախված է լինում կոնկրետ հանգամանքներից՝ ով է տվյալ համայնքի ղեկավարը, ով է շահագրգիռ շրջանակը ներկայացնում»,- Գյումրիում բնապահպանական թեմաների շուրջ քննարկմանն ասել է իրավապաշտպան-բնապահպան Օլեգ Դուլգարյանը։ Նա կարևորել է հատկապես հանքարդյունաբերական ոլորտում լիազոր մարմինների՝ շրջակա միջավայրի ազդեցության գնահատման փորձաքննական կենտրոնի աշխատելաոճը, որը տարբեր տարիների ընթացքում տարբեր դրսևորումներ է ունեցել։
Ըստ Դուլգարյանի, շատ հաճախ են ականատեսը լինում, որ ողջ համայնքի բնակիչները դեմ են, բայց, ի վերջո գործընթացները հանգեցնում են նրան, որ այս կամ այն գործունեությանը տրվում է դրական եզրակացություն։ Սրան զուգահեռ, սակայն, կան դեպքեր, երբ իսկապես համայնքի բնակիչների կարծիքը հաշվի է առնվել։
Բնապահպանի կարծիքով՝ խնդիրը համակարգային է։ Համայնքային մակարդակում մի քանի կարևոր բաղադրիչներ պիտի հաշվի առնվեն, մասնավորապես՝ կանաչ կամ բնապահպանական քաղաքականությունները։ «Քանի համայնք Հայաստանում ունի բնապահպանական քաղաքականություն և քանի՞ համայնքի բյուջեից են զգալի գումարներ դնում է այդ բնապահպանական քաղաքականությունների իրացման վրա։ Խոսքը աղբահանության, ծառատունկի ու ծառի էտի մասին չէ, ավելի լայն կոնտեքստով»,- հարցնում է իրավապաշտպանը և շարունակում «ի՞նչ ենք մենք անում, որ կանաչ քաղաքականությունը մեր համայնքի մակարդակում դառնա մշակույթ, որ մեր համայնքի օդը մաքուր լինի։ Ի՞նչ անենք, որ կանաչ տնտեսությունները մեր համայնքներում գերակշռեն և տնտեսական շահ ապահովեն համայնքի բնակիչների համար։ Որ կարճ տնտեսական օգուտ ստանալու համար չզոհենք մեր համայնքի տարածքները այս կամ այն գործունեության հ իրականացման համար»։
Մյուս բաղադրիչը Հայաստանի խոցելի մարզերն են՝ Լոռին, Սյունիքը, որտեղ հանքարդյունաբերությական գործունեությունը շատ է։ Օրինակ Ալավերդին հարյուր տարի և ավելի տարի եղել է հանքարդյունաբերական, բայց քաղաքը և համայնքը այդպես էլ չեն զարգացել։ Լոռու մարզում Շամլուղը, Ախթալան ևս հանքարդյունաբերական կենտրոններ են և իրենց սոցիալական վիճակը ընդհանուր առմամբ նախանձելի չէ։ Ներկայում Հայաստանում բավականաչափ խոցելի է դարձել Վայոց Ձորի մարզը։ Այստեղ շատ տեղերում ցանկանում են նոր հանքեր բացել կամ հանքերևակում իրականացնել՝ հետագա շահագործման նպատակով։ Խոցելի են նաև Կոտայքի, Արարատի մարզերըը։ Կարծես թե էկոլոգիապես մաքուր է Տավուշի մարզը, բայց այնտեղ էլ են արդեն որոշակի հանքարդյունաբերական գործունեություն սկսել իրականացնել, Արագածոտնի մարզը՝ Մելիք գյուղի «Թուխմանուկ» հանքավայրով։
Այս ամենի ֆոնին ըստ իրավապաշտպանի, ունենք օրենսդրական որոշակի հնարավորություններ որ համայնքը ինքը որոշի, որ ուղղությամբ զարգանա․ «Եթե ինչ-որ նախաձեռնող գալիս է համայնք ասում է՝ ես ուզում եմ ձեզ համար ոսկի սարեր կառուցեմ, բայց որպեսզի այդ ոսկի սարերը կառուցեմ, այս ոսկու սարը այսպես ասած, պիտի քանդեմ, դուք պետք է տաք ինձ Ձեր համաձայնությունը»։
Ըստ Օլեգ Դուլգարյանի՝ հենց այստեղ է հակասությունը․«Համայնքում իրականացվում են հանրային լսումներ և շրջակա միջավայրի ազդեցության գնահատման( ՇՄԱԳ) փորձաքննության մասին օրենքով համայնքի ավագանին 30-օրյա ժամկետում, հաշվի առնելով հանրային լսումների արդյունքը, հնչած կարծիքները, կայացնում է որոշում՝ տալ իր համաձայնությունը կամ անհամաձայնությունը այդ գործունեության իրականացմանը»։
Բանախոսի պնդմամբ՝ երկու տիպ համայնքներ կան․ որոշներում ավագանին հաշվի է առնում քաղաքացիների կարծիքը, որոշներում՝ հաշվի չի առնում, անգամ թքած ունի, թե համայնքի բնակիչը հանրային լսումներին ինչ ասեց և որոշում է կայացնում՝ հօգուտ նախաձեռնության։
Տեղական մակարդակում վետո դնելու իրավունքը որպես ժողովրդավարական գործիք վերջին տարիներին համայնքի բնակիչների կողմից բավական լավ կիրառվում է։ Մարդիկ ինքնակազմակերպվում են, գիտակցում իրենց առաջնային շահը, ունեն պատկերացումներ սեփական համայնքի տնտեսական զարգացման վերաբերյալ․
«Համայնքի բնակչի հաջորդ գործիքը հանրագիրն է։ Երբ որ տեսնում է, որ համայնքի հա, ղեկավարությունը հաշվի չի նստում իր հետ, համայնքում ստորագրահավաք է անում, ներկայացնում լիազոր մարմին։ Հիմնականում այդ մասով այդ հանրագրերը, ինչպես այս տարի Ստեփանավանում եղավ, հաշվի առնվում են»։
COP17-ի օրերին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը իրավական ակտերի նախագխերի առցանց հարթակում շրջանառության մեջ դրեց մի նախագիծ, որով առաջարկում է համայնքի բնակիչների ձայնը հանրային քննարկումներին դարձնել խորհրդակցական, ինչն ուղղակիորեն վտանգում է տեղական ժողովրդավարությունը և թուլացնում այն՝ համայնքային մակարդակում
«Կարճ ֆինանսական հոսքեր ունենալու մղումը ավելի մեծ է և ուրիշ «հերոսի» անուն, որպես այդպիսին, ի հայտ չի գալիս, քան հանքարդյունաբերությունը։ Այսուհետ համայնքի ավագանու որոշումը պատճառ չի հանդիսանա, որ նախաձեռնողը փաստաթղթերը ներկայացնի լիազոր մարմին և համայնքային որոշումների կայացման վրա տվյալ համայնքի բնակչությանը տրված եզակի գործառույթը գործադիրը վերցնի իր վրա՝ այդպիսով սահմանափակելով համայնքների մասնակցության մակարդակը որոշումների կայացմանը»,- նկատում է Օլեգ Դուլգարյանը։
Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է մի շարք միջազգային փաստաթղթեր և առնվազն հակասական զգացողություններ է առաջացնում COP17- ի ավարտին ընդունված հայտարարությունը, ըստ որի համայնքների և տեղաբնիկների որոշումների կայացման գործընթացն ավելի ուժեղացնելու համար հատուկ մարմին պետք է ձևավորվի՝ նշում է Դուլգարյանը․ «Նման հայտարարությունների ֆոնին մենք այլ իրականություն ունենք, մեզ մոտ փորձում են մարդկանց ձայնը էլ ավելի խլացնել և «բարելավել» ներդրումային միջավայրը, որ ներդրողը երաշխիքներ ունենա, որ երբ ինքը գնա համայնք, բնակիչը իրեն չի խանգարի սկսել իր գործունեությունը»։
