
«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ն՝ ի դեմս նախագահ Օլեգ Դուլգարյանի, 2022թ․ հոկտեմբերի 28-ին Լոռու մարզի Ստեփանավան համայնքի Ուրասար և Գյուլագարակ համայնքի Պուշկինո բնակավայրերում տեղի ունեցած «ՀԱՅԱՍԱ ՌԵՍՈՒՐՍԻՍ ՔՈՐՓ» ՍՊԸ-իԼոռու մարզի հանքակուտակի և հարակից տեղամասերի ոսկի-բազմամետաղային հանքերևակումների երկրաբանական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումների վերաբերյալ կարծիք առաջարկություն է ուղարկել ՀՀ ՇՄ նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, պարոն Խաչիկ Մարտիրոսյանին, իսկ պատճեն՝ ՇՄ նախարար Հակոբ Սիմիդյանին։
Գրության մեջ ասված է․ «Հարգելի պարոն Մարտիրոսյան, 2022թ․ հոկտեմբերի 28-ին Լոռու մարզի Ստեփանավան համայնքի Ուրասար բնակավայրում ժամը 11:30-ին և Գյուլագարակ համայնքի Պուշկինո բնակավայրում ժամը 14:30-ին տեղի ունեցան «ՀԱՅԱՍԱ ՌԵՍՈՈՒՐՍԻՍ ՔՈՐՓ» ՍՊԸ-ի Լոռու մարզի հանքակուտակի և հարակից տեղամասերի ոսկի-բազմամետաղային հանքերևակումների երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումների երկրորդ փուլը։ Ստորև ներկայացնում ենք Ձեզ, այն դիտարկումներն ու հիմնավորումները, որոնց առկայությունը ցույց է տալիս, որ այն հիմք են հանդիսանում «ՀԱՅԱՍԱ ՌԵՍՈՈՒՐՍԻՍ ՔՈՐՓ» ՍՊԸ-ի կողմից Լոռու մարզի հանքակուտակի և հարակից տեղամասերի ոսկի-բազմամետաղային հանքերևակումների երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտին բացասական եզրակացություն տալու համար։
1. ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի Ուրասար բնակավայրում տեղի ունեցած լսումների ընթացքում լսումների մասնակից Ստեփանավան համայնքի Ուրասար բնակավայրի բոլոր բնակիչները դեմ են արտահայտվել «ՀԱՅԱՍԱ ՌԵՍՈՈՒՐՍԻՍ ՔՈՐՓ» ՍՊԸ-ի կողմից Լոռու մարզի հանքակուտակի և հարակից տեղամասերի ոսկի-բազմամետաղային հանքերևակումների երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների իրականացմանը իրենց բնակավայրի վարչական տարածքում, ինչը կարող է փաստվել ուղիղ եթերի տեսանյութում, հեռարձակված «Քաղաքացու ձայնը» մեդիահարթակի ֆեյսբուքյան էջով (Ծանոթանալ կարող եք այս հղմամբ, ) Ուրասարի բնակիչները հստակ նշեցին, որ ցանկանում են զբաղվել և զարգացնել անասնապահությունը և չեն ցանկանում, որ իրենց արոտավայրերում հետախուզական աշխատանքներ իրականացվեն։
2. Հանրային քննարկմանը մասնակցող ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչը մատնանշեց ՇՄԱԳ փորձաքննության հաշվետվության մեջ և ընկերության նախագծում որոշ տվյալների անհամապատասխանության մասին։
3. ՀՀ Գյուլագարակ համայնքի Պուշկինո բնակավայրում հավանաբար բնակիչների պատշաճ իրազեկում հանրային քննարկումների վերաբերյալ չի իրականացվել։ Հանրային քննարկանը մասնակցում էին համայնքի ղեկավարը, աշխատակազմի քարտուղարը, Պուշկինո բնակավայրի օպերատորը, վարչական ղեկավարի նստավայրի տեխնիկական աշխատողը, բնակավայրի բուժքույրը, երկու բնակիչ, որոնց ներգրավումը տեղի ունեցավ քննարկումից առաջ, հավանաբար իրականացված զանգերի արդյունքում։ Մեկ բնակիչ ևս եկավ համայնքապետի զանգերից հետո քննարկման կեսին։ Երկու քաղաքացի ևս եկան, սակայն, երբ արդեն քննարկումը ավարտվել և նախաձեռնողները պատրաստվում էին հեռանալ։ Ըստ էության Պուշկինոյում հանրային քննարկումներն ընթացել են ՏԻՄ, «ՀԱՅԱՍԱ ՌԵՍՈՈՒՐՍԻՍ ՔՈՐՓ» ՍՊԸ-ի, ներկա ԶԼՄ և ՀԿ ներկայացուցիչների մասնակցությամբ, առանց Գյուլագարակ համայնքի և մասնավորապես Պուշկինո բնակավայրի բնակիչների իրական մասնակցության, ինչը կարող է փաստվել ուղիղ եթերի տեսանյութում, հեռարձակված «Քաղաքացու ձայնը» մեդիահարթակի ֆեյսբուքյան էջով (Ծանոթանալ կարող եք այս հղմամբ, )։ Ըստ այդմ, Պուշկինոյում տեղի ունեցած քննարկումներից հավաքագրված մտքերն ու առաջարկությունները չեն ներկայացնում Գյուլագարակ համայնքի և ազդակիր Պուշկինո բնակավայրի բնակիչների դիրքորոշումը։ Հարկ ենք համարում նշել նաև, որ 2022թ․ հուլիսի 11-ին Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Պուշկինո բնակավայրում հանրային նախնական քննարկումներ են իրականացրել նաև «Սագամար» ՓԲԸ-ն, երկրաբանահետախուզական ուսումնասիրության ծրագրի վերաբերյալ, որը որոշակիորեն համապատասխանում է այն տարածքին, որի համար հայտ է ներկայացրել «ՀԱՅԱՍԱ ՌԵՍՈՈՒՐՍԻՍ ՔՈՐՓ» ՍՊԸ-ն Պուշկինոյի վարչական տարածքի մասով։ Այդ ժամանակ Պուշկինոյում հավաքված մարդիկ հիմնականում դեմ արտահայտվեցին իրենց հողերում երկրաբանական աշխատանքների իրականացմանը (Հղումը դնում եմ մեկնաբանության մեջ), բնակիչները նշում էին իրենց շրջակա միջավայրի պահպանության կարևորության և արոտավայերի ու խոտհարքների իրենց չբավարարելու մասին։ Այդ դիրքորոշումը հաստատում է այն համոզումը, որ Պուշկինոյի բնակիչները դեմ են երկրաբանահետախուզական գործընթացներին իրենց վարչական տարածքում (Որի հիմնավորմանը կարող եք ծանոթանալ այս հղմամբ,)։
Բացի վերոնշյալը, «ՀԱՅԱՍԱ ՌԵՍՈՈՒՐՍԻՍ ՔՈՐՓ» ՍՊԸ-ն Լոռու մարզի հանքակուտակի և հարակից տեղամասերի ոսկի-բազմամետաղային հանքերևակումների երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման նախնական հանրային քննարկումներն իրականացրել է 2022թ․ ապրիլի 7-ին։ Այդ ժամանակ տարածքը, որը ցանկանում էին երկրաբանական ուսումնասիրության համար վերցնել, լայն էր, ընդգրկելով Ստեփանավան համայնքի Ուրասար բնակավայրի, Գյուլագարակ համայնքի Պուշկինո բնակավայրի և Սպիտակ համայնքի Գոգարան բնակավայրի վարչական տարածքները։ Այդ ժամանակ Գոգարանում գյուղի բակիչները թույլ չեն տվել, որպեսզի լսումները կայանան, լսումները կայացել էին Ուրասարում և Պուշկինոյում։Թե ինչպես ու որքան մասնակցային են եղե՝լ պարզ չէ։ Ելնելով Գոգարանում տեղի ունեցած հանրային լսման չկայացումից, «ՀԱՅԱՍԱ ՌԵՍՈՈՒՐՍԻՍ ՔՈՐՓ» ՍՊԸ-ի կողմից Լոռու մարզի հանքակուտակի և հարակից տեղամասերի ոսկի-բազմամետաղային հանքերևակումների երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների ծրագրի տարածքը փոքրացվել է և ծրագրից հանվել են Սպիտակ համայնքի Գոգարան բնակավայրին պատկանող վարչական տարածքի հողերը։ Ըստ այդմ, մենք գտնում ենք, որ «ՀԱՅԱՍԱ ՌԵՍՈՈՒՐՍԻՍ ՔՈՐՓ» ՍՊԸ-ի կողմից երկրաբանահետախուզական ուսումնասիրության նախնական քննարկումները լիարժեք չեն իրականացվել, իսկ ծրագրից հանելով Սպիտակ համայնքի Գոգարան բնակավայրի հողերը, ըստ էության նախկինում ներկայացված ծրագիրը այլևս չկա և նախաձեռնողը ոչ թե պետք է անցներ հաջորդ փուլ, այլ պետք է սկսեր նոր գործընթաց, իրականացնելով նախնական քննարկումներ ներկայացված նոր ծրագրով Ուրասար և Պուշկինո բնակավայրերի վարչական տարածքում։
Ինչպես նաև, պետք է նշենք, որ այն տարածքը, որտեղ նախատեսվում են իրականացվել երկրաբանահետախուզական աշխատանքները, ըստ համայնքի բնակիչների, հանդիսանում են էկոհամակարգային կարևորագույն հանգույցներ, ջրագոյացման և տարածքի անասնապահության զարգացման համար, այնտեղ են գտնվում նաև գյուղացիների խոտհարքները։ Ինչպես նաև հարակից տարածքներում ընթանում են անտառատնկման նախագծումներ։
Հարգելի պարոն Մարտիրոսյան, Առաջարկում ենք, հաշվի առնելով վերը նշված դիտարկումները, «ՀԱՅԱՍԱ ՌԵՍՈՈՒՐՍԻՍ ՔՈՐՓ» ՍՊԸ-ի Լոռու մարզի հանքակուտակի և հարակից տեղամասերի ոսկի-բազմամետաղային հանքերևակումների երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ տալ բացասական եզրակացություն։
Հարգանքով՝ Օլեգ Դուլգարյան»։
