
Բնապահպան-աշխարհագրագետ Լևոն Գալստյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․
«Բացատրելու կարիք կա․
Հայաստանում երբեք լիարժեք չի գնահատվել և գնահատվում մետաղական հանքերի իրական ազդեցությունը բնական միջավայրի (ջրեր, հող, կենսաբազմազանություն, օդ և այլն), մարդկանց առողջության և սոցիալական վիճակի վրա։ Պետությունն էլ այդ գնահատումների իրական փորձաքննություն երբեք չի արել տարբեր պատճառներով՝ քաղաքականից սկսած, վերջացրած տնտեսականով, ինչպես նաև բավարար մասնագիտական որակավորում ունեցող փորձագետների բացակայությամբ։ Մեկ անգամ ստիպված պատվիրել են միջազգային փորձաքննություն 2019թ-ին և ԷԼԱՐԴ-ի տված 190 էջանոց եզրակացությունն ամբողջովին ապացուցել է իմ գրածը։ Դա ապացուցվեց նաև Ամուլսարի գործով Վարչական դատարանի 2024թ-ի կայացրած վճով։
Մենք պարտավոր չենք ապացուցելու կամ փորձաքննելու, թե մետաղական հանքահանման վտանգներն ինչ ծավալի են և արդյոք դրանք հնարավոր է կառավարել։ Հանքահեններն են պարտավոր լիարժեք ապացուցել դա իրենց գնահատումների մեջ, իսկ պետությունն էլ պարտավոր է լրջագույն փորձաքննություն իրականացնել, այլ ոչ թե զբաղվել իմիտացիայով և #ՊրիմիտիվՊոպուլիզմ-ով։
Քանի դեռ այս վիճակն է և չկան անկախ, վստահելի, ամբողջական և հավաստի տվյալներ, գնահատումներ ու փորձաքննություններ՝ ոչ մի հետևություն ոչ մեկը չի կարող անել։ Իսկ բնասերները միշտ կարող են կասկած հայտնել և բարձրաձայնել այդ մասին՝ չնայած հանքահենների նախաձեռնած 3 տասնյակից ավել դատական գործերի, որոնց նպատակն է լռեցնել խնդիրները բարձրաձայնող ամենաակտիվ մարդկանց։
Բնասերներին լռեցնելու և հեղինակազրկելու արշավներ են անում նաև բազմաթիվ կեղծ և ոչ կեղծ էջեր, բազմաթիվ լրաղբամիջոցներ ու հարակից դեմքեր»։
