
20 տարի առաջ կատարված մի գործարք, որի մասին միայն խոսվում է այսօր։ Պետական վերահսկողական ծառայությունը (ՊՎԾ) մշտադիտարկման արդյունքում բացահայտել է «Էներգաչափ» ՓԲԸ-ի 2003 թվականի մասնավորեցման աղմկահարույց մանրամասները։ պետական բաժնետոմսերի՝ 2003 թվականի մասնավորեցման մրցույթի ընթացքում հաղթողի ընտրության հիմնավորման, մրցակցային պայմանների պահպանման և գնորդի ստանձնած պարտավորությունների կատարման հետ կապված մի շարք խնդիրներ։ Այս մասին հայտնում են ՊՎԾ լրատվական ծառայությունից։
Պարզվել է, որ մրցույթում անտեսվել են շատ ավելի շահավետ առաջարկներ, իսկ հաղթող է ճանաչվել այն ընկերությունը, որի հետևում կանգնած են եղել էներգետիկ ոլորտի այն ժամանակվա ազդեցիկ դեմքերը։
Մինչ մրցույթի մյուս մասնակիցը պատրաստ էր կատարել 1.34 միլիարդ դրամի ներդրում և ստեղծել նոր աշխատատեղեր, հաղթող է ճանաչվել 98 միլիոն դրամ և շատ ավելի համեստ ներդրումներ առաջարկած կառույցը։
Մանրամասները՝
«Մասնավորապես, մրցույթում մյուս մասնակցի բացահայտ առավելությունների պայմաններում, չպարզաբանված հանգամանքներում հաղթող է ճանաչվել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախկին նախագահ Կ․ Դ․-ին փոխկապակցված անձին պատկանող ընկերությունը։
Հաղթողի ընտրության գործընթացին ակտիվորեն միջամտել է ՀԷՑ-ի տվյալ ժամանակահատվածի տնօրեն Ե. Գ․-ն, ինչի հետևանքով գնորդի համար ստեղծվել է մրցութային պայմաններով չնախատեսված առավելություն, որն ազդել է մրցույթի վերջնական արդյունքի վրա։
Մասնավորեցման մրցույթին մասնակցել են «Գոլդեն Ռուֆ» ՍՊԸ-ն և անհատ ձեռնարկատեր Ս․ Հ․-ն։ «Գոլդեն Ռուֆ»-ն առաջարկել է ընկերության բաժնետոմսերը ձեռք բերել 98 մլն դրամով և երեք տարվա ընթացքում կատարել 380 մլն դրամի ներդրում, մինչդեռ մյուս մասնակցի առաջարկած ներդրումների ընդհանուր չափը կազմել է 1.34 մլրդ դրամ, նախատեսված աշխատատեղերի թիվը նույնպես ավելի մեծ է եղել։
Թեև արձանագրված ներդրումների ընդհանուր չափը կազմել է 380.665 մլն դրամ, սակայն դրանց հետագա ծախսման ուղղություններն ու նպատակային օգտագործումը լիարժեք գնահատելու համար փաստաթղթեր չեն եղել։
Հիմնադիրների և մասնակիցների նկատմամբ 1.259 մլն դրամ պարտավորության մարման վերաբերյալ հաստատող փաստաթուղթ նույնպես չի հայտնաբերվել։
Նույն ժամանակ 180 աշխատակցի համար չի ապահովվել պայմանագրով նախատեսված 75 հազար դրամ նվազագույն ամսական աշխատավարձը։
«Էներգաչափ»-ի գույքի մի մասը 2004 թվականից վարձակալության է տրվել ՀԷՑ-ին։ Նույն թվականի փետրվարի 16-ից մինչև 2026 թվականի հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածի համար հաշվարկված վարձավճարների ընդհանուր գումարը կազմել է շուրջ 2.306 մլրդ դրամ։
Մշտադիտարկման արդյունքներով արձանագրված հանգամանքների վերաբերյալ հաղորդում է ներկայացվել Գլխավոր դատախազություն՝ համապատասխան իրավական գնահատական տալու և օրենքով սահմանված ընթացքն ապահովելու նպատակով»,- ասված է հաղորդագրությունում։
