
Իրավապաշտպան Օլեգ Դուլգարյանը անդրադարձել է երեկ՝ հոկտեմբերի 29-ին, Վայոց ձորի Եղեգիս համայնքի Վարդահովիտ բնակավայրում տեղի ունեցած «ՄԵՆԴԻԱ ՌԵՍՈՒՐՍԻՍ» ՍՊԸ-ն, ով ցանկանում է Վայոց ձորի մարզի Վարդենիսի բազմամետաղների հանքերևակման տեղամասում 2026–2028 թվականներին մետաղական օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության թույլտվություն ստանալու հանրային քննարկումներին։
«Ականատեսը եղանք, թե ինչպես են ՀՀ Վայոց Ձորի մարզի Վարդահովիտ բնակավայրում Եղեգիս և Եղեգնաձոր համայնքների (արդեն մեկ միավորված համայնքի մեջ) տարբեր բնակավայրերից հավաքված մերօրյա էկոակտիվիստները՝ դրանք են, գյուղատնտեսները, խաղողագործները, անասնապահ ֆերմերները, զբոսաշրջության ոլորտում գործունեություն իրականացնող հյուրատների ձեռնարկատերերն ու զբոսավարները, պայքարում իրենց համայնքի մաքուր շրջակա միջավայրի համար՝ ընդդիմանալով իրենց համայնքի հողերում երկրաբանական ուսումնասիրությունների գործընթացի երկարացմանը։
Ու այդպես այս մարդիկ պայքարում են արդեն չորս տարի, ու չորս տարի նրանց ձայնն անտեսվել է։ Ավելին՝ տեղի են ունեցել առեղծվածային դեպքեր, որոնք հանգեցրել են լիազոր մարմինների կողմից նրանց ձայնի անտեսմանը։
Նոր տերմին ունենք, թևավոր խոսք՝ «Վարդահովիտի առեղծվածը»՝ հայաստանյան բնապահպանական գործընթացների համատեքստում։ Այս անգամ համայնքի բնակիչների ձայնը չպետք է անտեսվի։
Ինչ խոսք, Հայաստանում նմանատիպ հանրային լսումների ուղեկցումը համայնքի բնակիչների ձայնը լռեցնելու փորձերով, վիրավորանքներով ու ֆիզիկական ոտնձգությունների փորձերով դարձել է սովորական։ Էլ չասեմ ԶԼՄ ներկայացուցիչների աշխատանքը խոչընդոտելու փորձերի մասին։
Կարևորն այն է, որ համայնքի բնակիչն ուժեղ է, և ինքը պետք է որոշի իր համայնքի ապագան։
Ահա այսպիսին է այսօր համայնքային էկոակտիվիստը՝ ապակենտրոն և հաստատակամ»․, գրել է նա։
