
Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 12։45-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գաջեգործների փողոցում՝ «Աղի լճի» մոտակայքում, կոյուղու համար փորման աշխատանքներ իրականացնելիս աշխատակիցները մնացել են հողազանգվածի տակ։
Դեպքի վայր են մեկնել Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից 2 մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական և կինոլոգիական խմբերը։
Նախնական տվյալներով՝ երկու տուժածներ են եղել։ Ավելի ուշ Երևանի քաղաքապետի խոսնակ Ջուլիետա Ազարյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել, որ տուժածներից մեկը մահացել է, իսկ մյուս քաղաքացու կյանքին վտանգ չի սպառնում, նա տեղափոխվել է բժշկական կենտրոն։
