
Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, Եղեգիսի Վարդահովիտ բնակավայրում տեղի ունեցած հանրային քննարկման ժամանակ մասնակիցները, խոսեցին այն վտանգներից, որոնք կարող են սպառնալ տարածաշրջանի բրենդը հանդիսացող Արենի տեսակի խաղողի համար։
Եղեգնաձորի բնակիչ Կարեն Քարամյանը իր խոսքում նշեց, որ Եղեգնաձորի խմելու ջրի մեծամասնությունը գալիս է հենց Վարդահովիտից, բացի այդ Արենիի խաղողի այգիների մի մասը ջրվում է Վարդահովիտում այդ հանքերևակման վայրում հավաքվող ջրերով։
«Մի կողմ թողնելով այն ռիսկերը, որոնք կարող են առաջանալ հետո, հիմա մենք Արենիի բրենդը հանդիսացող Արենի գինին Եվրոպա արտահանելու ժամանակ պետք է վրան նշենք, որ այս խաղողի այգիները ջրվում են այնտեղի ջրերով, որտեղ կա մետաղական հանք և այնտեղ հանքերևակում են անելու կամ անում են։ Այդքանից հետո որևէ մեկը կարո՞ղ է մեր գինու անձնագիրը վերցնի ու գնա ասի հարգելի՛ Եվրոպա և աշխարհ, մեր գինին տեսեք ինչ իդեալական գինի է»․ ասաց նա։
Նա նաև ՇՄ նախարարության ՇՄԱԳ փորձաքննական կենտրոնի փորձագետներին հարցրեց, թե եթե «Գեոպրոմայնինգ» ընկերությունը 2012-19 թթ․ այս հանքավայրի հեռանկարային տեղամասերում ուսումնասիրություններ է արել ու ներկայացրել է տվյալներ այնտեղ պարոնակող ոսկու և արծաթի պարունակության մասին, ապա հիմա ինչո՞ւ է նորից հանքերևակում արվում։
«Բացատրեք ինձ, անգրագետիս, նույն աշխատաները անելու իմաստը, եթե երեք անգամ այդ տարածքներն արդեն ուսումնասիրվել են»․ հարցրեց նա։
Նա խնդրեց նաև ի գիտություն ընդունել, որ Արենիի ավագանին իր որոշմամբ դիմել է ՀՀ վարչապետին, որ ցանկացած նույնիսկ հանքերևակման աշխատանքները կարող են ազդել Արենիի վրա։ Հետաքրքրվեց նաև, թե արդյո՞ք փորձագետները տեղյակ են դրա մասին, որ այս հանրային քննարկումը նշանակելու որոշում են կայացրել։
Շրջակա նախարարության ներկայացուցիչները պատասխանեցին, թե ՏԿԵՆ է որոշում նորից հաշվարկներ անել, իրենք պատասխանատու են միայն այդ գործունեության շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման համար։
