Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
28/10/2026
share

Հակա-SLAPP օրենսդրության ընդունման պահանջին Արդարադատության նախարարությունն արձագանքել է՝ առանց հստակ ժամկետներ նշելու

ՀՀ արդարադատության նախարարությունն արձագանքել է «Կանաչ խորհուրդների դաշնություն» էկոակտիվիստական շարժման՝ հանրային մասնակցության դեմ ուղղված ռազմավարական հայցերի (SLAPP) կանխարգելմանն ուղղված օրենսդրության մշակման և ընդունման պահանջին։ Նախարարությունը հայտնել է, որ հարցը գտնվում է իր ուշադրության կենտրոնում, սակայն չի ներկայացրել հատուկ օրենսդրության մշակման կամ ընդունման հստակ ժամանակացույց։

Հոկտեմբերի 22-ին «Հանրային մասնակցության երաշխիք» արշավի շրջանակում շարժման անդամները Երևանում իրականացրել էին հանրային իրազեկման ակցիա՝ բարձրաձայնելով հանրային շահի պաշտպանության նպատակով հանդես եկող քաղաքացիների, լրագրողների և ակտիվիստների նկատմամբ դատական հայցերի միջոցով ճնշման հնարավոր հետևանքները։

Ակցիայի շրջանակում շարժումը ՀՀ արդարադատության նախարարություն էր ներկայացրել հայտարարություն-պահանջ՝ առաջարկելով մշակել և ընդունել հանրային մասնակցության դեմ ուղղված ռազմավարական հայցերի կանխարգելմանն ուղղված օրենսդրություն, հրապարակել համապատասխան ժամանակացույց և ապահովել քաղաքացիական հասարակության մասնակցությունը գործընթացին։

 

Ի՞նչ է պատասխանել նախարարությունը

Հոկտեմբերի 27-ի պաշտոնական գրությամբ, որը ստորագրել է նախարարության գլխավոր քարտուղար Համլետ Հարությունյանը, նախարարությունը հայտնել է, որ բարձրացված հարցը «գտնվում է Արդարադատության նախարարության ուշադրության կենտրոնում»։

Նախարարության փոխանցմամբ՝ իրականացվող աշխատանքների շրջանակում շարունակաբար ուսումնասիրվում են արտահայտվելու ազատության և հանրային մասնակցության իրավունքի արդյունավետ պաշտպանության, այդ իրավունքների իրացմանը խոչընդոտող իրավական և գործնական խնդիրների բացահայտման, ինչպես նաև համապատասխան իրավական մեխանիզմների կատարելագործման հարցերը։

Միաժամանակ, նախարարությունն ընդգծել է, որ գործող օրենսդրությունն արդեն իսկ նախատեսում է դատավարական իրավունքների չարաշահման և անհիմն հայցերի դեմ պաշտպանության որոշակի մեխանիզմներ։

Մասնավորապես, նախարարությունը մատնանշել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված՝ դատավարական իրավունքների չարաշահման անթույլատրելիությունը, համապատասխան դատական սանկցիաների կիրառման հնարավորությունը և ակնհայտ անհիմն հայցերով արագացված դատաքննության կառուցակարգը։

Որպես լրացուցիչ պաշտպանական մեխանիզմներ՝ նշվել են նաև դատական ծախսերի բաշխման և վիրավորանքի ու զրպարտության գործերով փոխհատուցման համաչափության ապահովմանն ուղղված կարգավորումները։

Նախարարությունը հայտնել է նաև, որ շարժման ներկայացրած առաջարկությունները կդիտարկվեն համապատասխան աշխատանքների շրջանակում, իսկ հնարավոր օրենսդրական նախաձեռնությունների և դրանց մշակման գործընթացի վերաբերյալ, ըստ անհրաժեշտության, կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն։

 

Ի՞նչ հարցեր են դեռ բաց մնում

Թեև նախարարությունը հայտնել է խնդրի նկատմամբ ուշադրության և ներկայացված առաջարկությունները դիտարկելու մասին, պաշտոնական պատասխանում չի հստակեցվում՝ արդյոք նախատեսվում է մշակել առանձին հակա-SLAPP օրենսդրություն, ինչ ժամկետներում կարող են իրականացվել համապատասխան աշխատանքները և ինչ ձևաչափով է ապահովվելու քաղաքացիական հասարակության մասնակցությունը։

Բաց է մնում նաև այն հարցը, թե գործող իրավական մեխանիզմները որքանով են արդյունավետ հատկապես այն դատական հայցերի դեպքում, որոնց նպատակը կամ հնարավոր ազդեցությունը հանրային մասնակցության սահմանափակումն է։

SLAPP (Strategic Lawsuits Against Public Participation) եզրույթով բնորոշվում են հանրային մասնակցության դեմ ուղղված ռազմավարական դատական հայցերը, որոնք կարող են օգտագործվել հանրային նշանակության հարցերի շուրջ բարձրաձայնող անձանց լռեցնելու, նրանց գործունեությունը խոչընդոտելու կամ դատական գործընթացների միջոցով ֆինանսական և հոգեբանական ճնշում գործադրելու նպատակով։

Նման հայցերի խնդիրը չի սահմանափակվում բնապահպանական ակտիվիզմով. դրանք կարող են առնչվել նաև լրագրողների, իրավապաշտպանների, համայնքային նախաձեռնությունների և հանրային շահի պաշտպանության նպատակով հանդես եկող այլ անձանց գործունեությանը։

«Կանաչ խորհուրդների դաշնություն» շարժման համար հակա-SLAPP օրենսդրության անհրաժեշտությունը պայմանավորված է ոչ միայն անհիմն հայցերի հետևանքները մեղմելու, այլև հանրային մասնակցությունը սահմանափակելուն ուղղված դատական գործընթացները կանխարգելելու և քաղաքացիների համար արդյունավետ իրավական երաշխիքներ ստեղծելու անհրաժեշտությամբ։

Շարժումը շարունակելու հետևել հարցի շուրջ պետական մարմինների գործողություններին և բարձրաձայնել հանրային մասնակցության ու արտահայտվելու ազատության պաշտպանության առավել արդյունավետ իրավական մեխանիզմների ներդրման անհրաժեշտությունը։

«Հանրային մասնակցությունը պետք է պաշտպանված լինի օրենքով»՝ այս սկզբունքն է ընկած «Հանրային մասնակցության երաշխիք» արշավի հիմքում։

«Կանաչ խորհուրդների դաշնություն» էկոակտիվիստական շարժում

28.10.2026

facebook sharing button facebook