Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
28/10/2026
share

Գիտության գործիքայնացումը՝ որպես բնապահպանական սպառնալիք․ պատճառահետևանքային կապերի համակարգային քարտեզագրում․ Այսեր Ղազարյան

Հայաստանի բնապահպանական քաղաքականության և միջազգային պարտավորությունների իրականացման գործընթացներում վերջին տարիներին ակնհայտ են դառնում համակարգային խնդիրներ։ Փորձագիտական հանրության և պետական ու հանքարդյունաբերական կառույցների միջև ձևավորված ինստիտուցիոնալ փոխհարաբերությունները հաճախ ազդում են բնապահպանական որոշումների, շրջակա միջավայրի ազդեցության գնահատականների (ՇՄԱԳ) և պահպանվող տարածքների սահմանման օբյեկտիվության վրա։

Սույն վերլուծության մեջ բնապահպանության ոլորտի փորձագետ Այսեր Ղազարյանը քարտեզագրում է այն պատճառահետևանքային կապերը, ինստիտուցիոնալ մեխանիզմներն ու շահերի բախման իրավիճակները, որոնց հետևանքով կենսաբազմազանության պահպանությանն ուղղված միջազգային ծրագրերն ու գիտական եզրակացությունները կարող են կորցնել իրենց բնապահպանական բովանդակությունը և ծառայեցվել տնտեսական ու հանքարդյունաբերական շահերի լեգիտիմացմանը։

 

Վերլուծությունը ստորև 

 

Գիտության գործիքայնացումը՝ որպես բնապահպանական սպառնալիք․ պատճառահետևանքային կապերի համակարգային քարտեզագրում Փաստահեն օրինակների միջոցով կվերլուծեմ, թե ինչպես է բնական ռեսուրսների և առանցքային էկոհամակարգերի՝ անտառների, Սևանա լճի և այլ կենսապաշարների շահագործման պատասխանատուների ու գիտական հանրության միջև ձևավորված ինստիտուցիոնալ սիմբիոզն առնչվում հանքարդյունաբերության և կենսաբազմազանության պահպանության հակադրությանը։

  • Սույն վերլուծությունը նպատակ չունի անհատական մեղադրանքներ առաջադրելու։ Այն ուշադրություն է հրավիրում համակարգային խնդրի վրա, որի պայմաններում փորձագետների աշխատանքը կարող է կաշկանդվել ինստիտուցիոնալ դրդապատճառներով և կառուցվածքային սահմանափակումներով.. Եթե հավատում ենք, որ մի օր կարող ենք կառուցել ավելի արդար ու պատասխանատու պետություն, այսօր պետք է հասկանանք՝ ինչ է կատարվում մեր բնության և հանրային շահի հետ։ Չենք կարող անտարբեր մնալ բնությունն ու հանրային շահը քայքայող գործընթացների հանդեպ․ այն, ինչ կորցնում ենք այսօր, վաղը կարող է այլևս չվերականգնվել։ Իսկ մեր լռության գինը կարող են վճարել բնաշխարհն ու ապագա սերունդները։ Այս հոդվածը նրանց համար է, ովքեր հավատում են, որ տեղեկացվածությունը, ազնիվ ու օբյեկտիվ խոսքը և հետևողական գործողությունները կարող են փոխել իրավիճակը։ Այն հատկապես հասցեագրված է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, հետաքննող լրագրողներին և երիտասարդներին։ Եթե թեման ձեզ հոգեհարազատ չէ, կարող եք անցնել առաջ։ Իսկ եթե մեր երկրի ապագան ձեզ համար կարևոր է, գուցե արժե մի պահ կանգ առնել և կարդալ։

Ներածական դիտարկում - ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄԸ որպես համակարգային ախտանիշ՚ 2026 թ-ին ԳԱԱ Բուսաբանական ինստիտուտի առաջատար գիտնականներից մեկը պարգևատրվել է հանքարդյունաբերական ֆորումում։ Նույն այդ գիտնականը մինչ այդ հանդես է եկել որպես որոշ հանքավայրերի ՇՄԱԳ-ների փորձագետ՝ տրամադրելով «ականջահաճո» եզրակացություններ, որոնցում կարմիր գրքային բուսատեսակների առկայությունը կամ անտեսվել է, կամ ՛՛փայլուն՛՛ հիմնավորումներով կազմակերպվել է Կարմիր գրքային բուսատեսակի իր բնական աճելավայրից տեղափոխման ծրագիր և այլն։ Վերջին զարգացումներից կարող եմ նշել ցեմենտի արտադրության հումքի համար նախատեսված Կարմիրսարի ոչ մետաղական հանքավայրի բացման նպատակով ՇՄԱԳ-ի գործընթացները: Պետք է հիշեցնեմ, որ այդ հանքի շահագործումը լուրջ խնդիրներ է առաջացնելու էկոլոգիայի, գյուղատնտեսության և մերձակա բնակավայրերի բնակչության առողջության համար, մասնավորապես՝ Արտաշատի համայնքի Քաղցրաշեն, Այգեզարդ, Նարեկ բնակավայրերի համար։ Բայց, մասնավորապես կենսաբազմազանության մասով՝ նույն ոճի մեջ էին.. Միաժամանակ, բուսաբանական ինստիտուտի նույն գիտնականը, նախկին տնօրենը և որոշ այլ աշխատանկիցներ «Եվրոպական միությունը հանուն շրջակա միջավայրի» ծրագրի (ԵՄ ՀՇՄԾ) ֆինանսավորմամբ, Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի/Համաշխարհային բանկի պատասխանատվությամբ իրականացված «Հայաստանում Էմերալդ ցանցի ստեղծմանը նպաստող գործողությունների ազգային ծրագրի վերաբերյալ առաջարկություններ (2024-2030 թթ.) և քարտեզագրում» ծրագրի առանցքային դերակատարներից էին, որի շրջանակում «որոշ տարածք» խնամքով դուրս է բերվում Բեռնի կոնվենցիայով ամրագրված պահպանության համար առանձնացված տարածքների քարտեզներից։ Ծրագրային փաստաթղթում «հեղինակների թիմը» իր երախտիքի խոսքերն է ուղղում Համաշխարհային բանկի Կլիմայի փոփոխության գծով ավագ մասնագետին և «ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի» գործողության համակարգողին՝ ծրագրի ողջ ընթացքում իրենց ուղղորդման և մենթորության համար։ Վերջիններս ժամանակին ՇՄ նախարարության բարձրաստիճան, որոշում կայացնող պաշտոնյաներ են եղել։

  1. Համակարգային պատճառահետևանքային կապերի վերլուծություն 1.1. Գիտության գործիքայնացման եռաշերտ մեխանիզմը Ներկայացված փաստական նյութի վերլուծությունը բացահայտում է երեք փոխկապակցված գործառութային շերտ. Առաջին շերտ — ՇՄԱԳ-ի «գիտական» լեգիտիմացում Ներգրավված ինստիտուտներ՝ ԳԱԱ բուսաբանական ինստիտուտ, փորձագիտական խմբեր: Երկրորդ շերտ — Պահպանվող տարածքների «օպտիմալացում» Ներգրավված ինստիտուտներ՝ ՇՄ նախարարություն, միջազգային դոնոր կազմակերպություններ: Երրորդ շերտ — Միջազգային պարտավորությունների ձևական կատարում Ներգրավված ինստիտուտներ՝ COP գործընթացներ, Բեռնի կոնվենցիայի քարտուղարություն:

1.2. Պատճառահետևանքային շղթաների փաստահեն քարտեզագրում Շղթա 1. ՇՄԱԳ-ի փորձագիտական եզրակացություն → Բնապահպանական ռիսերի թերագնահատում. Մուտքային պայման - ԳԱԱ բուսաբանական ինստիտուտի որոշ պաշտոնյաներ ու գիտաշխատողներ ներգրավվում են որպես հանքարդյունաբերական ՇՄԱԳ-ների մշակման փորձագետներ (պաշտոնապես հաստատված է ՇՄ նախարարի տեղակալի 21.07.2020թ. նամակով): Մեխանիզմ — փորձագետը, ունենալով ինստիտուցիոնալ հեղինակություն, տրամադրում է բուսաբանական «հիմնավորումներ», որոնցում կարմիր գրքային տեսակների առկայությունը կամ անտեսվում է, կամ որակվում է որպես «ոչ էական»: Արդյունք — ՇՄԱԳ-ը պոտենցիալ կարող է ստանալ դրական եզրակացություն՝ չնայած պաշտպանության ենթակա տեսակների առկայությանը. բարեբախտաբար, որոշ դեպքերում հանրային ուժեղ ճնշման արդյունքում պետական համապատասխան կառույցի կողմից կասեցվում է այդ գործընթացը (Կարմիրսարի դեպք): Հետևանք — հանքի շահագործումը մեկնարկում է՝ առաջացնելով էկոլոգիական, գյուղատնտեսական և հանրային առողջության ռիսկեր մերձակա բնակավայրերի համար:

Շղթա 2. UN Biodiversity Lab-ի տվյալների փոփոխություն → KBA տարածքների կրճատում. Մուտքային պայման — 2019թ. UN Biodiversity Lab հարթակում Ամուլսարի տարածքը գրանցված է եղել որպես Կենսաբազմազանության Կարևոր Տարածք (KBA): Մեխանիզմ — 2020թ. օգոստոսի 5-ի դրությամբ KBA տվյալների բազայում կատարվել է փոփոխություն, որի արդյունքում Ջերմուկ քաղաքի շրջակա և Գնդեվազ բնակավայրի հարակից հանքահատկացման պոլիգոնի զգալի հատվածը դուրս է բերվել KBA համակարգից: Ինստիտուցիոնալ կապ — նման փոփոխություններ կարող են առաջարկվել միայն Կենսաբազմազանության կոնվենցիայի մասով պատասխանատուի՝ ՇՄ նախարարության կողմից: Հետևանք — Ամուլսարի հանքի շահագործմանը խոչընդոտող միջազգային տվյալների բազայի արգելքի վերացման փորձ:

Շղթա 3. Էմերալդ ցանցի «օպտիմալացում» → Բնության պահպանվող տարածքների զանգվածային կրճատում. Մուտքային պայման — 2016թ. Հայաստանը ներկայացրել է 23 էմերալդ թեկնածու տարածք՝ 1,033,719.5 հա (երկրի 34.7%-ը): Մեխանիզմ — «Օպտիմալացման» անվան տակ առաջարկվել է տարածքների կրճատում մինչև 28 տարածք՝ 425,845.7 հա (երկրի 15%-ը), այսինքն՝ կրճատում ավելի քան 58%-ով: Ներգրավված կողմեր —

  • ԳԱԱ բուսաբանական ինստիտուտի նախկին տնօրենը ներկայացրել է ծրագիրը որպես «Էմերալդ ցանցի առաջխաղացում»

  • Համաշխարհային բանկի «շրջակա միջավայրի հարցով» խորհրդատուն շեշտել է «բոլորի շահերը հաշվի առնելու» անհրաժեշտությունը

  • Բուսաբանության ինստիտուտի ծրագրում ներգրավված աշխատակիցը հիմնավորել է կրճատումը նրանով, որ նախկին տարածքները «այդքան էլ թիրախային չէին» և ներառում էին «քաղաք, հանք, ճանապարհային ենթակառուցվածք»: Արդյունք — որոշ կարևոր տարածքներ «ենթարկվել են փոփոխությունների», սակայն փոփոխությունների մանրամասները և չափանիշները հրապարակայնորեն չեն ներկայացվել Հետևանք — փորձ է արվում Ամուլսարի և այլ հանքավայրերի տարածքները դուրս բերել Բեռնի կոնվենցիայով պահպանության ենթակա տարածքներից, ինչը վերացնում է միջազգային իրավական արգելքները:

  1. Ինստիտուցիոնալ օղակաձև կախվածության մոդելը Փաստական նյութի հիման վրա բացահայտվում է ինստիտուցիոնալ օղակաձև կախվածության հետևյալ մոդելը.

  2. ՇՄ նախարարության նախկին բարձրաստիճան պաշտոնյան (նախկին փոխնախարար) պաշտոնավարման ընթացքում Բեռնի կոնվենցիայի քարտուղարությանն ուղղված նամակով՝

  • Հայտարարում է, որ 2017թ. ներկայացված ցանկը համաձայնեցված չի եղել նախարարության հետ

  • Նշում է, որ ցանկը մշակած փորձագետները միաժամանակ եղել են «Լիդիան Արմենիա»-ի ՇՄԱԳ-ի մշակման փորձագետներ • Նախաձեռնում է ցանկի «վերանայում և օպտիմալացում»:

  1. Նույն պաշտոնյան հետագայում անցնում է Համաշխարհային բանկ որպես Կլիմայի փոփոխության գծով ավագ մասնագետ՝ հանդիսանալով նաև Էմերալդ ցանցի վերանայման ծրագրի «մենթոր» և ուղղորդող:

  2. Բուսաբանական ինստիտուտի փորձագետը, ով նախկինում եղել է «Լիդիան Արմենիա»-ի ՇՄԱԳ-ի մշակման փորձագետ, այժմ հանդիսանում է Էմերալդ ցանցի վերանայման ծրագրի առանցքային դերակատար, որը հիմնավորում է տարածքների կրճատումը և պարգևատրվում է հանքարդյունաբերության ֆորումում:

  3. Նախարարության նախկին խորհրդականը, այժմ «ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի» գործողության համակարգող, միաժամանակ հանդես է գալիս որպես Համաշխարհային բանկի շրջակա միջավայրի հարցով խորհրդատու և Էմերալդ ցանցի վերանայման ծրագրի համակարգող/պատասխանատու: Այս օղակաձև կառուցվածքում նույն անձինք՝

  • մշակում են հանքարդյունաբերական ՇՄԱԳ-ների փորձագիտական եզրակացությունները,

  • որոշում են, թե որ տարածքները պետք է ընդգրկվեն պահպանվող ցանցում,

  • ստանում են միջազգային դոնորների ֆինանսավորումը,

  • պարգևատրվում են հանքարդյունաբերական ոլորտի կողմից:

  1. Գիտության գործիքայնացումը որպես բնապահպանական սպառնալիք 3.1. «Օպտիմալացման» գիտական դիսկուրսի ապակառուցում Էմերալդ ցանցի վերանայման գործընթացում կիրառվող «օպտիմալացում» եզրույթը հիմնավորվում է հետևյալ փաստարկներով, որոնցից յուրաքանչյուրն ունի մեթոդաբանական խնդիրներ. Հայտարարված հիմնավորում՝ «տարածքները թիրախային չեն» → գիտական հակափաստարկ՝ թիրախայնության չափանիշները հրապարակված չեն, համեմատելի տվյալներ չկան: Հայտարարված հիմնավորում՝ «ընդգրկում են քաղաք, հանք, ենթակառուցվածքներ, ճանապարհ...» → գիտական հակափաստարկ՝ Բեռնի կոնվենցիան չի արգելում ենթակառուցվածքների առկայությունը, եթե տարածքում առկա են պահպանության արժանի տեսակներ: Հայտարարված հիմնավորում՝ «չկան Բեռնի կոնվենցիայով պահպանվող տեսակներ» → գիտական հակափաստարկ՝ Այս պնդումը հակասում է միջազգային համապատասխան հարթակների, մասնավորապես UN Biodiversity Lab-ի KBA տվյալներին և անկախ փորձագետների գնահատականներին: Հայտարարված հիմնավորում՝ «կառավարման համար բարդ է»→ գիտական հակափաստարկ՝ կառավարման բարդությունը չի կարող հիմք հանդիսանալ պահպանության կարգավիճակից հրաժարվելու համար. դա մեթոդաբանական, ոչ թե էկոլոգիական փաստարկ է: Հայտարարված հիմնավորում՝ «բավականաչափ պոպուլյացիաներ են ներառում» → գիտական հակափաստարկ՝ Պոպուլյացիաների «բավարարության» շեմը գիտականորեն սահմանված չէ և հրապարակված չէ: Այս հակասությունների հիմքում ընկած է մեթոդաբանական անթափանցիկությունը. կիրառվող չափանիշները, դաշտային տվյալների աղբյուրները, GIS շերտերի համեմատական վերլուծությունը և փոփոխությունների էկոլոգիական հիմնավորումները չեն հրապարակվել հանրային քննարկման համար։

3.2. Կրկնակի դերակատարման խնդիրը Գիտության գործիքայնացման առանցքային մեխանիզմը մեկ փորձագիտական անձի երկու հակադիր գործառույթների համատեղումն է. Գործառույթ Ա — ուղղվածություն՝ հանքարդյունաբերական շահերի սպասարկում ՇՄԱԳ-ի փորձագետ, որը գնահատում է հանքի ազդեցությունը բուսական աշխարհի վրա և տրամադրում «հիմնավորումներ» հանքի շահագործման թույլտվության համար: Գործառույթ Բ — ուղղվածություն՝ պահպանվող տարածքների կրճատում Էմերալդ ցանցի վերանայման փորձագետ, որը «օպտիմալացնում» է պահպանվող տարածքների քարտեզները՝ դուրս բերելով հենց այն հանքավայրերի տարածքները, որոնց ՇՄԱԳ-ի մշակմանը նախկինում մասնակցել է: Այս կրկնակի դերակատարումը ստեղծում է շահերի համակարգային բախման իրավիճակ, որտեղ փորձագետի գիտական եզրակացությունը կանխորոշված է նրա ինստիտուցիոնալ դերով, այլ ոչ թե օբյեկտիվ էկոլոգիական տվյալներով։

  1. Ժամանակագրական ապացուցողական շղթա Ստորև ներկայացվում է դեպքերի ժամանակագրական հաջորդականությունը, որը բացահայտում է պատճառահետևանքային կապերի զարգացումը. 2016թ. ներկայացվել է 23 էմերալդ թեկնածու տարածք (1.03 մլն հա, 34.7%) → ելակետային պահպանական շրջանակ: 2017թ. Բեռնի կոնվենցիայի քարտուղարություն է ներկայացվել թեկնածու տարածքների նոր ցանկ → ստեղծվել է միջազգային իրավական պարտավորություն: 2018-2019թթ. Մեկնարկել է Էմերալդ տարածքների «օպտիմալացման» գործընթացը → սկիզբ է դրվել տարածքների կրճատման գործընթացին: 2019թ. օգոստոս UN Biodiversity Lab-ում Ամուլսարի տարածքը գրանցված է որպես KBA → միջազգային տվյալների բազան հաստատում է տարածքի էկոլոգիական արժեքը: 2020թ. մարտ ՀԿ-ները բողոք են ներկայացրել Բեռնի կոնվենցիայի քարտուղարություն → անկախ դիտարկումը արձանագրել է կոնվենցիայի խախտումներ: 2020թ. հուլիս ՇՄ նախարարի տեղակալը նամակով հայտնել է 2017թ. ցանկի հետ կապված «ընթացակարգային խախտման» մասին → պաշտոնապես ճանաչվել է, որ նույն փորձագետները ներգրավված են եղել և՛ ՇՄԱԳ-ում, և՛ ցանկի մշակման մեջ: 2020թ. օգոստոս UN Biodiversity Lab-ի KBA տվյալների բազայից Ամուլսարի տարածքի զգալի մասը դուրս է բերվել → փոփոխությունը կատարվել է ՇՄ նախարարության միջոցով: 2021թ. ՇՄ նախկին փոխնախարարը 2 նամակով հարցականի տակ է դրել կամ հերքել է Ամուլսարի տարածքում պահպանվող տեսակների գոյությունը՝ առանց գիտական հղումների → պետական մակարդակով ներկայացվել են չհիմնավորված պնդումներ: 2022թ. ապրիլ Բեռնի կոնվենցիայի բյուրոն արձանագրել է թափանցիկության և մասնակցության բացակայություն → միջազգային մարմինը հաստատել է գործընթացային թերությունները: 2024-2025թթ. «ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի» ծրագրով մշակվել է Էմերալդ ցանցի 2024-2030թթ. առաջարկությունների փաստաթուղթը → ամրագրվել է տարածքների կրճատման վերջնական առաջարկը (34.7% → 15%): 2025-2026թթ. ՀՀ բուսաբանական ինստիտուտի առանցքային փորձագետը պարգևատրվել է հանքարդյունաբերության ֆորումում → ճանաչվել է հանքարդյունաբերական ոլորտի և գիտական հանրության միջև ինստիտուցիոնալ սիմբիոզը:

  1. Համակարգային ռիսկերի դասակարգում 5.1. Ուղղակի ռիսկեր (արդեն իսկ դրսևորված) Կարմիր գրքային տեսակների ապրելավայրերի ոչնչացում - հանքարդյունաբերական գործունեության հետևանքով կարմիր գրքային բուսատեսակների ապրելավայրերի ֆիզիկական վերացում: Ջրային ռեսուրսների աղտոտում - հանքաքարի արդյունահանման հետևանքով ստորերկրյա և մակերևութային ջրերի որակի վատթարացում: Հողերի դեգրադացիա - գյուղատնտեսական նշանակության հողերի աղտոտում և բերրիության կորուստ: Հանրային առողջության վտանգ - փոշու, ծանր մետաղների և այլ աղտոտիչների ազդեցությունը մերձակա բնակավայրերի բնակչության վրա:

5.2. Ինստիտուցիոնալ ռիսկեր (համակարգային) Անկախ փորձաքննության բացակայություն - ՇՄԱԳ-ի մշակման և պահպանվող տարածքների վերանայման գործընթացներում նույն փորձագիտական շրջանակի մենաշնորհային ներգրավվածություն: Թափանցիկության պակաս - քարտեզագրական փոփոխությունների, չափանիշների և դաշտային տվյալների հրապարակային քննարկման բացակայություն: Շահերի բախման ինստիտուցիոնալացում - փորձագետների միաժամանակյա ներգրավվածությունը հանքարդյունաբերական ընկերությունների ՇՄԱԳ-ներում և պետական/միջազգային պահպանական ծրագրերում: Միջազգային պարտավորությունների ձևական կատարում - Բեռնի կոնվենցիայի և Կենսաբազմազանության կոնվենցիայի շրջանակներում ստանձնած պարտավորությունների բովանդակային խախտում՝ ընթացակարգային ձևական պահպանմամբ:

5.3. Երկարաժամկետ ռիսկեր (անդառնալի) Էկոհամակարգային ծառայությունների կորուստ - ջրակարգավորիչ, հողապաշտպան, կլիմայակարգավորիչ գործառույթների անդառնալի խախտում: Կենսաբազմազանության անդառնալի կորուստ Էնդեմիկ և հազվագյուտ տեսակների պոպուլյացիաների ոչնչացում; Սերունդների միջև անհավասարություն - ներկայիս տնտեսական շահի դիմաց ապագա սերունդների բնապահպանական անվտանգության զոհաբերում:

  1. Եզրահանգում 6.1. Պատճառահետևանքային կապերի ամփոփում Ներկայացված փաստական նյութի գիտահեն վերլուծությունը բացահայտում է հետևյալ պատճառահետևանքային կապերի համակարգը. Փորձագիտական շրջանակի մենաշնորհացում → անկախ գնահատման բացակայություն Երբ նույն անձինք միաժամանակ մշակում են ՇՄԱԳ-ի «հիմնավորումները» և վերանայում են պահպանվող տարածքների քարտեզները, անկախ գիտական գնահատումը դառնում է կառուցվածքային առումով անհնարին; Մեթոդաբանական անթափանցիկություն → «օպտիմալացման» կամայականություն չհրապարակված չափանիշների և դաշտային տվյալների պայմաններում «օպտիմալացում» եզրույթը դառնում է տարածքների կամայական կրճատման գիտական քողարկում: Ինստիտուցիոնալ օղակաձև կախվածություն → որոշումների կողմնակալություն ՇՄ նախարարություն → համաշխարհային բանկ → «ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի» → ԳԱԱ բուսաբանական ինստիտուտ → հանքարդյունաբերական ընկերություններ շղթայում ձևավորվել է փոխկապակցված որոշումների համակարգ, որտեղ, տվյալ դեպքում, կենսաբազմազանության պահպանությունը ստորադասվում է տնտեսական շահերին: Միջազգային ֆինանսավորման կախվածություն → գիտական անկախության քայքայում Երբ գիտական ինստիտուտները ֆինանսավորվում են այն նույն միջազգային կառույցների կողմից, որոնց ներկայացուցիչները «մենթորություն» են իրականացնում, գիտական եզրակացությունների օբյեկտիվությունը դառնում է կասկածելի: Պարգևատրման համակարգ → գործիքայնացման լեգիտիմացում հանքարդյունաբերական ֆորումում բուսաբանական ինստիտուտի առանցքային փորձագետի պարգևատրումը հանդիսանում է այն համակարգային սիմբիոզի հանրային ճանաչումը, որտեղ գիտությունը սպասարկում է հանքարդյունաբերական շահերը:

6.2. Վերջնական դատողություն Հայաստանում կենսաբազմազանության պահպանությանն ուղղված միջազգային գործընթացները, հայտնվելով հանքարդյունաբերական շահերից ինստիտուցիոնալ առումով կախված փորձագիտական խմբերի վերահսկողության տակ, կորցնում են իրենց բնապահպանական բովանդակությունը և դառնում են «թղթաբանական» գործիքներ, որոնց միջոցով՝

  • ՇՄԱԳ-ի գործընթացներում գիտական եզրակացությունները ծառայում են ոչ թե ռիսկերի բացահայտմանը, այլ դրանց «ականջահաճո» մեղմմանը՝ ապահովելով հանքարդյունաբերական ծրագրերի անխոչընդոտ առաջ մղումը

  • Էմերալդ ցանցի «օպտիմալացման» գործընթացում միջազգային կոնվենցիաները (Բեռնի կոնվենցիա) դառնում են ոչ թե պաշտպանության, այլ տարածքային օտարման գործիք՝ 34.7%-ից 15% կրճատման արդարացման համար

  • Միջազգային համապատասխան տվյալների բազայում կատարվող փոփոխությունները վերացնում են միջազգային իրավական և տվյալային խոչընդոտները հանքարդյունաբերության ճանապարհից

  • Միջազգային բնապահպանական ֆորումներում (COP, Բեռնի կոնվենցիայի նիստեր) ներկայացվող պաշտոնական դիրքորոշումները ձևական բնույթ են կրում՝ առանց իրական պահպանական գործողությունների Այս համակարգի պայմաններում գիտությունը, որ պետք է լիներ բնության պաշտպանության վահան, վերածվել է «կանաչ քողարկման»՝ հանրային և բնապահպանական շահերը ստորադասելով տնտեսական մենաշնորհներին:

  1. Առաջարկվող լուծումներ

  2. Ռոտացիոն մեխանիզմ. ՇՄԱԳ մշակող փորձագետների արգելք՝ Էմերալդ ցանցի սահմանների որոշմանը մասնակցելու համար:

  3. Անկախ վերահսկողություն. կառավարությունից և հանքարդյունաբերողներից անկախ գիտական խորհրդի ձևավորում՝ քաղհասարակության ներգրավմամբ:

  4. Թափանցիկություն. դաշտային ՛՛հում՛՛ տվյալների, GIS շերտերի և փոփոխությունների հիմնավորումների պարտադիր հրապարակում:

  5. Միջազգային վերահսկողություն. Բեռնի կոնվենցիայի քարտուղարությանը անկախ առաքելության և Case-file-ի բացման պահանջ:

8.2. Նախադեպային նշանակություն Հայաստանի դեպքը ունի տարածաշրջանային և միջազգային նախադեպային նշանակություն, քանի որ բացահայտում է մի մոդել, երբ՝

  • Զարգացող երկրում միջազգային բնապահպանական գործիքակազմը (Բեռնի կոնվենցիա, Էմերալդ ցանց, KBA մեթոդաբանություն) կարող է գործիքայնացվել հանքարդյունաբերական շահերի սպասարկման համար,

  • Միջազգային դոնորների ֆինանսավորումը (Համաշխարհային բանկ, ԵՄ) կարող է անուղղակիորեն նպաստել բնապահպանական պարտավորություններից խուսափելուն,

  • Գիտական ինստիտուտների ֆինանսական կախվածությունը կարող է վերածվել գիտական ամբողջականության համակարգային կորստի:

  1. Եզրափակիչ դիտարկումներ և եզրակացություն Խնդրի արմատը ոչ այնքան առանձին անձանց, որքան այն միջավայրի մեջ է, որը՝

  • խրախուսում է շահերին համահունչ գիտությունը՝ առավելություն տալով այն փորձագետներին, որոնց եզրակացությունները համընկնում են տվյալ դեպքում հանքարդյունաբերական շահերի հետ,

  • սահմանափակում է անկախ գիտական դիրքորոշումների ազդեցությունը՝ անկախ փորձագետներին զրկելով ֆինանսավորումից և ինստիտուցիոնալ հասանելիությունից,

  • թուլացնում է հանրային վերահսկողությունը՝ սահմանափակելով տեղեկատվության հասանելիությունն ու որոշումների կայացմանը հանրության մասնակցությունը։ Երբ կենսաբազմազանության պահպանությանն ուղղված միջազգային գործընթացներում ներգրավված փորձագետներն ունեն հանքարդյունաբերության հետ ինստիտուցիոնալ սերտ կապեր, իսկ այդ կապերն ու կիրառվող մեթոդաբանությունը բավարար չափով թափանցիկ չեն, կարող է խաթարվել գործընթացների նկատմամբ վստահությունը և թուլանալ դրանց բնապահպանական նշանակությունը։ Այդ պայմաններում գիտական հիմնավորումները կարող են ծառայել ոչ թե բնության պահպանությանը, այլ հանքարդյունաբերական գործունեության համար իրավական հիմքերի ամրապնդմանը՝ վտանգելով էկոհամակարգերը, գյուղատնտեսությունը և բնակչության առողջությունը։ Այս համակարգային խնդրի հաղթահարումը պահանջում է ոչ թե կոսմետիկ փոփոխություններ, այլ ինստիտուցիոնալ խորքային վերանայում՝ թափանցիկության, հաշվետվողականության և անկախ գիտական փորձաքննության սկզբունքների հիման վրա։ Անհրաժեշտ են անկախ փորձագիտական վերանայում, մեթոդաբանության և շահերի հնարավոր բախումների բացահայտում, ինչպես նաև ինստիտուցիոնալ անկախության գործուն երաշխիքներ։ Առանց այդ բարեփոխումների՝ կենսաբազմազանության պահպանությանն ուղղված միջազգային գործընթացները կարող են կորցնել իրենց վստահելիությունը և վերածվել էկոհամակարգերին հասցվող վնասը քողարկող «կանաչ քողարկման»․ Այսեր Ղազարյան 

facebook sharing button facebook