
Իրավապաշտպան, բնապահպան Օլեգ Դուլգարյանը ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է վաղը՝ սեպտեմբերի 29-ին Վայոց ձորի Եղեգիս համայնքի Վարդահովիտ բնակավայրում նշանակված հանարային քննարկումներին։
«Ինչ ասես չտեսանք՝ բնության ամեն մի կտորի հանքացման համար։
COP17-ը դեռ չավարտված՝ զուգահեռ այլ իրականություն․ նոր հանրային լսումներ Վայոց Ձորի մարզի Եղեգիս համայնքի Վարդահովիտ բնակավայրում՝ «Վայոց Ձորի մարզի Վարդենիսի բազմամետաղների հանքերևակման տեղամասում երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների վերաբերյալ», որը տեղի կունենա 2026 թվականի հոկտեմբերի 29-ին, ժամը 12:00-ին։
Վարդահովիտի դեպքը Հայաստանում այն դեպքերից է, երբ տարիներ շարունակ անտեսվել է հանրության, մասնավորապես՝ տեղական համայնքների և նրանց բնակիչների ձայնը, երբ գործել են որոշակի մեխանիզմներ, որոնք այդպես էլ անհասկանալի են մնացել տեղաբնակների և շահագրգիռ հանրության համար։
Այս անհասկանալի առեղծվածը սկսվեց 2022 թվականի հոկտեմբերի 14-ից, երբ Վարդահովիտում տեղի ունեցան հանրային լսումներ։
Այդ ժամանակ, ըստ համայնքի բնակիչների, լսումները շատ լարված էին, և համայնքի ղեկավարը լսմանը հայտարարեց, որ լսումը չի կայացել։
2022 թվականի հոկտեմբերի 27-ին Եղեգիս համայնքի ղեկավարը N 1108 պաշտոնական գրություն է կազմում՝ ուղղված այն ժամանակվա Շրջակա միջավայրի նախարարին (չգիտեմ՝ ի վերջո գրությունը հասավ նախարարին, թե ոչ, տվյալ գրության օրինակը ես ունեմ), որտեղ նկարագրում է լսումների ընթացքը, առկա խնդիրները և նշում, որ լսումները վերջնական արդյունքում համարվել են չկայացած։
Սակայն հետո պարզվեց, որ նախարարությունը տիրապետում է տվյալ «լսումների» արձանագրության, որտեղ նշված է, որ լսումները կայացել են և նկարագրված է դրանց ընթացքը։
Արդյունքում նախաձեռնող ընկերությունը ստացավ երեք տարով երկրաբանական ուսումնասիրություններ իրականացնելու թույլտվություն։
Անցան երեք տարիներ, և ընկերությունը նոր հայտ ներկայացրեց՝ երկրաբանական ուսումնասիրությունների թույլտվության ժամկետը երկարացնելու համար։
2025 թվականի սեպտեմբերի 18-ին տեղի ունեցավ նոր լսում, որը անցավ լարված մթնոլորտում և հանգեցրին նոր SLAPP դեպքի՝ այս անգամ մարզպետարանի աշխատակցի նկատմամբ։
Այդ լսումներից հետո՝ 2025 թվականի սեպտեմբերի 27-ին, Եղեգիս համայնքի ավագանին նիստ գումարեց և դեմ քվեարկեց երկրաբանական ուսումնասիրությունների ժամկետների երկարացմանը։
Սակայն հետո, անհասկանալի ձևաչափով, 2026 թվականի ապրիլի 17-ին Եղեգիս համայնքի ավագանին առանց հին որոշումը չեղարկելու կրկին նիստ գումարեց և տվեց իր համաձայնությունը։
Հիմա, որպես այս ամենի հետևանք, Վարդահովիտում հոկտեմբերի 29-ին, ժամը 12:00-ին տեղի են ունենալու երկրորդ և վերջին հանրային լսումը, որը կազմակերպվում է լիազոր մարմնի կողմից։
Ինչ ասես չես տեսնի՝ հանուն բնության ամեն մի կտորի հանքացման։
2026 թվականի հոկտեմբերի 29-ին տեղաբնակների մասնակցությունը հանրային լսումներին և նրանց կարծիքները շատ կարևոր են՝ որպես ազդակ լիազոր մարմնին հասցնելու համար»,-գրել է նա։
