
Հայաստանը որպես նախագահող երկիր ընդունել է կենսաբազմազանության COP 17ը։ Աշխարհի տարբեր երկրներից ժամանած պատվիարկներ, ինչպես նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Գուտերեշը տարբեր ձևաչափով կազմակերպված հանդիպումների ժամանակ խոսում են, թե ինչ անեն, որ լուծեն կենսաբազմազանության պահպանման խնդիրները։ Ավելին՝ Գուտերեշը ՄԱԿ-ի Կենսաբազմազանության համաժողովի (COP17) բացման առաջնորդների գագաթնաժողովի ժամանակ հայտարարել էր. «Ծանր արդյունաբերությունը, որը թունավորում է շրջակա միջավայրը, ագրոբիզնեսը, հյուծում է հողը, և, իհարկե, հանածո վառելիքը: Սուբսիդավորել հանածո վառելիքը նշանակում է սուբսիդավորել ինքնասպանությունը»:
Ելույթի վերջում նա կոչ էր արել բոլորին դառնալ «խնամողներ» և գործել այն հրատապությամբ, որը պահանջում է այս պահը՝ հանուն ապագա սերունդների:
Ըստ էության այս հանդիպումը լավ առիթ էր խոսելու բնության պահպանության կենսաբազմազանության պահպանման վտանգների մասին: Բնապահպանական և իրավապաշտպանական կազմակերպությունները հենց այդպես էլ կանեին, եթե մի քանի որոշումներ, որոնք, ըստ էության, ոչ մի կերպ չէին համապատասխանում կենսաբազմազանությանը նվիրված COP 17-ի գաղափարախոսությանը, մեղմ ասած չցնցեր համայնքը։
Առաջինը COP-ից մի քանի օր առաջ Ամուլսարի հանքավայրի բացումն էր՝ երկրի վարչապետի գլխավորությամբ։ Եվ մինչ բնապահպանները և իրավապաշտպանները փորձում էին հասկանալ, թե ինչու այդպես աճապարանքով, առանց հաշվի առնելու առաջ քաշված խնդիրները, առանց հիմնավորելու «Էլարդի» կողմից իրականացված փորձաքննության մեջ առաջ քաշված վտանգների անտեսումը, կառավարությունը ընթացք տվեց մի ծրագրի, որը միաժամանակ խախտում է մի քանի միջազգային կոնվենցիաներ և պայմանգրեր, Հանքարդյունաբերության ֆորումին իշխող կուսակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը խոսեց հանքարդյունաբերության վերաբերյալ հանրային քննարկումների հիման վրա ավագանու որոշումը զուտ խորհրդատվական բնույթի որոշում դարձնելու մասին։
Այսպիսի որոշման նախագիծ դեռ օգոստոսին հայտնվել էր e draft- ում։ Նախաձեռնության հեղինակը ՏԿԵՆ-ն էր։ Կարճ ժամանակ անց որոշման նախագիծը հանվեց հարթակից, բայց 2026թ․ հոկտեմբերի 14-ին նախագիծը նորից հայտնվեց e draft-ում:
ՏԻՄ համակարգի ստեղծման նպատակը իշխանության ապակենտրոնացումն էր։ ՏԻՄ համակարգերի կայացումը, ըստ փորձագետներիՙ ժողովրդավարության կայացման հիմնական բաղադրիչներից է, բայց Հայաստանում այս համակարգը դեռևս կայացած չէ․ սեփական միջոցների սղությունը և պետական բյուջեից կախվածությունը, ըստ էության, «թույլ չի տալիս», որ ՏԻՄ-ը վերջնական դառնա ինքնակառավարվող բառի բուն իմաստով։ Եվ մինչ ՏԻՄ ոլորտի փորձագետները տարբեր ձևաչափով քննարկումների ժամանակ իշխանություններին առաջարկություններ են ներկայացնում՝ ոլորտի կայացմանն ուղղված, ստացվում է, որ ՏԻՄ-ից գործառույթ են ուզում վերցնել։
Այստեղ կարևոր է նշել նաև այն հանգամանքը, որ ՏԻՄ-ը ընտրովի մարմին է, ՏԿԵՆ-ը՝ գործադիր։ Այսինքն ստացվում է այնպես, որ ընտրովի մարմնի կողմից նշանակված Գործադիր մարմինը, փորձում է կրճատել ընտրովի մարմնի գործառույթը։
2023 թ. ընդունված շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության օրենքում փոփոխություններ կատարելու օրենքում և կարգում, քաղհասարակության համառ ջանքերի շնորհիվ իրավունք տրվեց, որ համայնքում հանքային գործունեություն ծավալելու վերաբերյալ առաջին հանրային քննարկումից հետո համայնքի ավագանին, հիմք ընդունելով առաջին հանրանին քննարկման ժամանակ և հետո, ինչպես նաև կարգով սահմանված ժամանակահատվածում ստացված կարծիքների և առաջարկությունների հիման վրա, որոշման տեսքով տա իր համաձայնությունը կամ անհամաձայնությունը։ Անհամաձայնության պարագայում գործընթացը կանգ էր առնում, և նախաձեռնողը այլևս չէր կարող փորձաքննական փուլ սկսել։
Հիմա արդեն ՏԿԵՆ-ը, որը, ըստ էության պետք է լինի ՏԻՄ համակարգի կայացման համար մեկ ջատագովը, առաջարկում է ավագանու անհամաձայնություն հայտնելու դեպքում փորձաքննության փուլը շարունակել, և համայնքի անհամաձայնությունը դիտարկել որպես խորհրդատվական բնույթի։
Այստեղ շատ տրամաբանական հարց է առաջանում՝ ինչո՞ւ։
Համայնքները իրենց աշխատակազմերում ունեն բնապահպանության և գյուղատնեսության բաժիններ, որոնք համալրված են համապատասխան մասնագետներով։ Մեծամասամբ հենց այդ բաժնի ղեկավարներն են լինում հանրային լսման պատասխանատուները։ Այդպես է եղել Եղեգնաձորում, Նոյեմբերյանում, Վեդիում։ Չնայած միշտ չէ, որ այս մասնագետները հանդես են եկել իրենց պաշտոնի նկարագրին համապատասխան, բայց այնուամենայնիվ կարելի է արձանագրել, որ համայնքները այս մակարդակում գոնե կարող են լինել ինքնաբավ։
Հիմա հարց. ստացվում է, որ համայնքների վերոնշյալ բաժինները համալրված են ոչ կոմպետենտ մասնագետներո՞վ, նախարարությունը չի՞ վստահում այդ մասնագետներին։
Համայնքներն իրենց զարգացման ուղղությունները որոշում են ոչ թե պատահական կամ միանձնյա որոշումներով, այլ օրենքով նախատեսված պլանավորման գործընթացի միջոցով։ Յուրաքանչյուր համայնք ունի զարգացման հնգամյա ծրագիր, որը մշակվում է հանրային մասնակցությամբ և հաստատվում համայնքի ավագանու կողմից։ Այդ ծրագրում ամրագրվում են համայնքի զարգացման հիմնական առաջնահերթությունները՝ գյուղատնտեսությունից և զբոսաշրջությունից մինչև ենթակառուցվածքների զարգացում և շրջակա միջավայրի պահպանություն։ Դրա հիման վրա կազմվում է նաև տարեկան աշխատանքային պլանը (ՏԱՊ), որով համայնքը նախատեսում է իր առաջիկա 1 տարվա գործողությունները։
Այսինքն՝ պետությունն ինքն է սահմանել մեխանիզմ, որով համայնքի բնակիչները և նրանց ընտրած տեղական իշխանությունը մասնակցում են իրենց բնակավայրի ապագայի պլանավորմանը։
Այդ դեպքում ինչո՞ւ է առաջարկվում սահմանափակել նույն համայնքի իրավունքը՝ որոշելու, թե արդյոք հանքարդյունաբերական ծրագիրը համապատասխանում է իր զարգացման առաջնահերթություններին։
Եթե համայնքը հանրային մասնակցությամբ որոշել է զարգացնել գյուղատնտեսությունը, մեղվաբուծությունը կամ էկոտուրիզմը, արդյո՞ք դա բավարար հիմք չէ՝ գնահատելու, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ հանքարդյունաբերությունն այդ ուղղությունների վրա։
Օրինակ՝ կան համայնքներ, որոնք իրենց զարգացման հեռանկարը կապում են մեղվաբուծության հետ և այդ նպատակով նույնիսկ փորձում են նվազեցնել գյուղատնտեսության մեջ օգտագործվող քիմիական պարարտանյութերի ու բույսերի պաշտպանության միջոցների կիրառումը։ Նման համայնքի համար շրջակա միջավայրի որակի պահպանումը պարզապես բնապահպանական խնդիր չէ․ այն նաև տնտեսական զարգացման նախապայման է։
Ուրեմն ինչո՞ւ պետք է այդ համայնքի՝ իր զարգացման հեռանկարի վերաբերյալ որոշումը կորցնի պարտադիր նշանակությունը, երբ խոսքը վերաբերում է հանքարդյունաբերությանը։
Այստեղ առաջանում է նաև տնտեսական շահի հարցը։ Հանքարդյունաբերական ծրագրերը հաճախ ներկայացվում են որպես համայնքի զարգացման, աշխատատեղերի ստեղծման և բյուջետային եկամուտների ավելացման հնարավորություն։ Սակայն կարևոր է հասկանալ՝ այդ գործունեությունից ստացվող տնտեսական օգուտների ո՞ր մասն է իրականում հասնում համայնքին, և ո՞վ է կրում դրա հետևանքով առաջացող ծախսերը։
Օրինակ՝ հանքարդյունաբերական ընկերության գործունեության արդյունքում ծանր բեռնատարները կարող են մշտապես շահագործել համայնքային ճանապարհները՝ արագացնելով դրանց մաշվածությունը։ Ճանապարհների վերանորոգման անհրաժեշտությունը կարող է առաջանալ հենց համայնքում, մինչդեռ ընկերության վճարած հարկերի մի մասը կարող է ուղղակիորեն չմուտքագրվել տվյալ համայնքի բյուջե։ Ընկերության՝ այլ համայնքում, օրինակ՝ Երևանում գրանցված լինելը ևս կարող է նշանակություն ունենալ որոշ տեղական հարկերի բաշխման տեսանկյունից։
Ստացվում է, որ համայնքը կարող է կրել հանքարդյունաբերության բնապահպանական, սոցիալական և ենթակառուցվածքային հետևանքները՝ առանց այդ գործունեությունից համարժեք տնտեսական օգուտ ստանալու երաշխիքի։
Եվ եթե հենց համայնքն է կրելու այդ հետևանքները, ինչո՞ւ պետք է նրա ընտրված ներկայացուցչական մարմնի անհամաձայնությունը վերածվի ընդամենը խորհրդատվական կարծիքի։
Այս հարցը վերաբերում է ոչ միայն հանքարդյունաբերությանը, այլև տեղական ինքնակառավարման բուն իմաստին․ արդյո՞ք համայնքն ունի իր զարգացման ուղղությունն ընտրելու իրական իրավունք, եթե այդ ընտրությունը կարող է անտեսվել հենց այն պահին, երբ հակասում է կենտրոնական իշխանության նախընտրած տնտեսական ծրագրին։
