
Եվրոպական հեռարձակողների միությունը (EBU) շնորհավորել է Հայաստանին՝ «Մանկական Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթանակի կապակցությամբ։ Հայաստանը ներկայացնող Նարեն հաղթանակ է տարել «Boo!» երգով։ Շնորհավորական ուղերձում միությունը շնորհավորել է նաև Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը՝ «Առաջին ալիքին», ինչպես նաև բարձր գնահատել մրցույթի բոլոր մասնակիցների ելույթները։
«Մեծ ծափահարություններ բոլոր այն երիտասարդ արտիստներին, ովքեր ելույթ ունեցան Մալթայում։ Դուք հպարտության առիթ տվեցիք մեզ և ժպիտ պարգևեցիք»,- նշված է ուղերձում։ Եվրոպական հեռարձակողների միությունը շնորհակալություն է հայտնել նաև PBS Malta-ին՝ մրցույթը կազմակերպելու, ջերմ ընդունելության և այն երրորդ անգամ հյուրընկալելու համար։
EBU-ի գնահատմամբ՝ մալթացի հեռարձակողի տեխնիկական հմտություններն ու հյուրընկալությունը մրցույթը վերածել են անմոռանալի տոնակատարության։ Հայաստանի հաղթանակը ևս մեկ նշանակալի իրադարձություն է երկրի մասնակցության պատմության մեջ՝ Նարեի «Boo!» երգը հասցնելով «Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հաղթողի պատվավոր կոչմանը։
Հիշեցնենք՝ Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթում հաղթանակ է տարել նաև 2010 և 2021 թվականներին։
