
«Քաղաքացու Ձայն»-ի խմբագրությունը նախընտրական քարոզչության ավարտից հետո՝ հոկտեմբերի 24-ին՝ լռության օրը, ուսումնասիրել է Ստեփանավան համայնքի ՏԻՄ համամասնական ընտրակարգով անցկացվող ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի, վերջիններից ավագանու անդամների սոցիալական էջերը՝ փորձելով հասկանալ, արդյո՞ք պահպանվում է լռության օրը։
Արձանագրվել են մի շարք խախտումներ ու խնդրահարույց իրավիճակներ։ Ամենաշատը լռության օրը խախտել են իշխող ուժից առաջադրված թեկնածուները։
Մասնավորապես՝ «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցության ավագանու ցուցակի 2-րդ համարը զբաղեցնող Նարեկ Նալբանդյանը լռության օրը կիսվել է մի քանի քարոզչական հրապարակումներով։ Ցուցակի 3-րդ համարը զբաղեցնող Հերմինե Ջանջուղազյանը, ով նախկինում զբաղեցրել է Ստեփանավանի թիվ 1 վարժարանի տնօրենի պաշտոնը, հոկտեմբերի 24-ին «Ստեփանավանի թիվ 1 վարժարան» անունով իր ֆեյսբուքյան էջում կիսվել է Արփի Դավոյանի քարոզչական հոլովակով՝ «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցության վերաբերյալ։
Նույն ուժի ավագանու ցուցակի 43-րդ համար Գոհար Քալաշյանը ևս իր նկարով իր քաղաքական ուժի քվեաթերթիկն է հրապարակել ու շնորհակալություն հայտնել իրեն սատարողներին։ Հրապարակումը հեռացվել է, երբ մեկնաբանությամբ հիշեցրել են, որ որ արգելված է ընտրության և դրան նախորդող օրը քարոզչություն իրականացնել։
«Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցության ավագանու ցուցակի 18-րդ համարը զբաղեցնող Արմինե Ղարաջյանը, 13-րդ համարը զբաղեցնող Էդուարդ Մելիքսեթյանն ու 46-րդ համար Արմեն Մանասյանն իրենց ֆեյսբուքյան էջերում լռության օրը կիսվել են իրենց քաղաքական ուժի քարոզչական նյութով, նաև տեղական ԶԼՄ-ներից մեկի քարոզչական բնույթի տեսանյութով՝ իրենց քաղաքական ուժի վերաբերյալ։
Իրենց քաղաքական ուժի քարոզչական բնույթի տեսանյութով լռության օրը կիսվել են նաև «Ուժեղ Հայաստան» կուսակցության ավագանու ցուցակի 10-րդ համարը զբաղեցնող Լյուբով Բոնդարեվան, ով նաև կիսվել է իրենց ցուցակը գլխավորող թեկնածուի քարոզչական բնույթի հրապարակմամբ։
