
«Ականատես» դիտորդական առաքելությունը ահազանգում է․ «Երևան–Գորիս երթուղով անվճար ուղևորափոխադրումների հետ միաժամանակ քաղաքական քարոզչության վերաբերյալ ահազանգ
«Ականատես» դիտորդական առաքելությունը հոկտեմբերի 24-ին ահազանգ է ստացել այն մասին, որ Երևան–Գորիս թիվ 607 երթուղով Գորիսի բնակիչների համար հոկտեմբերի 23-ից սկսած իրականացվում են անվճար ուղևորափոխադրումներ՝ հոկտեմբերի 25-ին նշանակված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ընդառաջ։ Հոկտեմբերի 25-ին առաքելությունը ստացել է լրացուցիչ ահազանգ և ներկայացված տեղեկությունները հիմնավորող նյութեր։
Մասնավորապես, ըստ ստացված տեղեկությունների՝ ուղևորներից «Սասունցի Դավիթ» կայարանում տեղակայված դրամարկղում ճշտում են՝ արդյոք նրանք Գորիսի բնակիչ են, և դրական պատասխանի դեպքում հայտնում, որ ուղևորության համար տոմս ձեռք բերելու անհրաժեշտություն չկա։ Ահազանգի համաձայն՝ անվճար ուղևորափոխադրումը զուգորդվում է ընտրություններին մասնակցող «Համերաշխություն» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Առուշ Առուշանյանի պատկերով և դաշինքի անվանումը և համարը պարունակող քարոզչական բուկլետի տրամադրմամբ։
- «Ականատես» դիտորդական առաքելությունը խիստ մտահոգիչ է համարում ստացված տեղեկությունները։ Եթե ներկայացված հանգամանքները հաստատվեն, ապա անվճար ուղևորափոխադրումների իրականացումը՝ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժի քարոզչանյութերի տրամադրման զուգակցմամբ, կարող է պարունակել ընտրությունների ընթացքում բարեգործության արգելքի խախտման հատկանիշներ։ ՀՀ ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ նախընտրական քարոզչության ժամանակ, ինչպես նաև քվեարկության նախորդ և քվեարկության օրը թեկնածուներին և ընտրություններին մասնակցող կուսակցություններին/դաշինքներին արգելվում է անձամբ կամ նրանց անունից կամ ՈՐԵՒԷ ԱՅԼ ԵՂԱՆԱԿՈՎ ընտրողներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով ծառայություններ մատուցելը, ինչպես նաև ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՄԻԱԺԱՄԱՆԱԿ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼԸ։
- «Ականատես» դիտորդական առաքելությունը ՀՀ գլխավոր դատախազությանը, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեին և ՀՀ ՆԳՆ ոստիկանությանը կոչ է անում անհապաղ ստուգել ներկայացված տեղեկությունները, տալ համապատասխան իրավական գնահատական և ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ հնարավոր ընտրախախտումները կանխելու և դրանց շարունակությունը բացառելու ուղղությամբ»։
