
Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, ՀՀ 21 համայնքներում մեկնարկած ՏԻՄ ընտրություններին արտագնա աշխատանքի մեկնած ՀՀ քաղաքացիները չեն կարողանում մասնակցել, քանի որ ՀՀ Ընտրական օրենսգրքի նոր փոփոխություններով ներդրվել են նստակեցության խիստ սահմանափակումներ և տեղամասային ֆիզիկական ներկայության պահանջ։ Օրենք ընդունվել է 2026 թվականի հուլիսի 3-ին Ազգային ժողովի կողմից։
«ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի փոփոխություններով սահմանվել են նստակեցության հստակ ցենզ (ժամկետային սահմանափակում), որի պատճառով արտերկրում բնակվող բազմաթիվ քաղաքացիները փաստացի զրկվում են ընտրություններին մասնակցելու հնարավորությունից։
ՏԻՄ ընտրությունների պարագայում օրենսգիրքում ավելի խիստ սահմանում կա․ ընտրողը պետք է տվյալ համայնքում ունենա առնվազն 6 ամսվա փաստացի հաշվառում։ Քանի որ ՌԴ-ում և այլ պետություններում արտագնա աշխատանքի մեկնած ՀՀ քաղաքացիները, աշխատելու իրավունք ձեռք բերելու համար, ժամանակավորապես հաշվառվում են տվյալ երկրում, դուրս են մնում իրենց համայնքի հաշվառումից։ Հայտնի է նաև, որ արտագնա աշխատանքի մեկնողները գնում են վաղ գարնանը և վերադառնում են աշնան վերջին ամիսներին կամ դեկտեմբերին, հետևաբար երկարատև բացակայության կամ հաշվառման տվյալների անհամապատասխանության դեպքում այդ իրավունքը նույնպես սահմանափակվում է, մանավանդ որ քաղաքացու ներկայությունը ստուգվում է ոչ թե թղթային հայտարարություններով, այլ սահմանային անձնագրային հսկողության ավտոմատացված համակարգով, ինչը բացառում է ցուցակներում մեխանիկորեն հայտնվելը։
Խնդիրը շատ արդիական է Գեղաքունիքի մարզում որովհետև այս մարզը արտագնա աշխատանքի մեկնողների թվով առաջինն է, իսկ այսօր այնտեղի երեք խոշոր համայնքներում՝ Վարդենիսում, Մարտունիում և Գավառում, ՏԻՄ ընտրություններ են։
Այս օրենքի նախագիծը քննադատության է արժանցել Քաղհասարակության մի քանի կազմակերպությունների կողմից, որոնք այն որակել էին «որպես հակասահմանադրական և ընդհանուր և հավասար ընտրական իրավունքի անօրինական ու անհամաչափ սահմանափակում, ինչը վտանգում է ժողովրդավարական սկզբունքները և խախտում ՀՀ քաղաքացիների քաղաքական իրավունքները»։
