
Ֆեյսբուքյան օգտատեր Տաթևիկ Թադևոսյանն իր էջում գրառում է արել․
«Կառավարության բերած օրենքի նախագծով առաջարկվում է քաղաքացիներին հնարավորություն տալ իրենց եկամտային հարկի հաշվին ֆինանսապես աջակցել ՀԿ-ներին, լրատվամիջոցներին ու կուսակցություններին։ Թե որքան գումար հնարավոր կլինի ուղղել և որ կազմակերպություններին՝ պետք է սահմանի կառավարությունը։ Ստացվում է՝ եթե նախագիծն ԱԺ-ում ընդունվի և սահմանվեն կիրառման անհրաժեշտ կանոնները, մենք կկարողանանք ընտրել, թե մեր եկամտային հարկի մի մասն այս շահառուներից ում ուղղվի։
Նման մեխանիզմ Մոլդովայում գործում է դեռևս 2017 թվականից և հայտնի է «2%-ի օրենք» ոչ պաշտոնական անվամբ։ Այնտեղ քաղաքացիները կարող են իրենց եկամտային հարկի մի մասն ուղղել համապատասխան ցանկում ընդգրկված ոչ առևտրային կամ կրոնական կազմակերպություններին։ Էական տարբերությամբ՝ կուսակցություններն ու լրատվամիջոցներն այստեղ առանձին շահառու խմբեր չեն։ Առաջին հայացքից սա ՀԿ ոլորտի տեղական ֆինանսավորման լավ հնարավորություն է։ Մեր ՀԿ-ների համար սա կարող է կարևոր լրացուցիչ աղբյուր դառնալ՝ նվազեցնելով արտաքին, այդ թվում՝ եվրոպական ու ամերիկյան ֆինանսավորումից կախվածությունը։
Բայց նախագիծն ինձ մոտ հարցեր է առաջացնում։ Մի ունքս ակամա բարձրացավ, երբ տեսա «կուսակցություններ» ու «լրատվամիջոցներ» բառերը։
Հիմնական հարցերս սրանք են․
Կուսակցությունների դեպքում ո՞վ ավելի շատ կշահի։ Կարո՞ղ է լավ կազմակերպված կուսակցությունը, հատկապես՝ իշխանություն ունեցողը, իր ազդեցությունն ու կապերն ավելի հեշտ վերածել ֆինանսավորման։ Չի՞ ստացվի, որ մեծերն ավելի կմեծանան՝ այս անգամ նաև պետբյուջեի հաշվին։ Ավելի տեղական ֆինանսավորումը կնշանակի՞ ավելի անկախ ՀԿ-ներ, թե՞ պարզապես կփոխվի կախվածության աղբյուրը։ Ու ո՞ր կազմակերպություններն ավելի հեշտ կհասնեն այս գումարներին։
Մեր ընտրությունը գաղտնի՞ է լինելու։ Ո՞վ կիմանա՝ ում ենք աջակցել, և ինչպե՞ս ենք պաշտպանվելու աշխատավայրում կամ այլ տեղերում հնարավոր ճնշումներից։ Սա հատկապես պետական աշխատողներին է վերաբերում։ Ինչպե՞ս են ընտրվելու շահառուները։ Որո՞նք են լինելու ՀԿ-ների, մեդիաների ու կուսակցությունների մասնակցության չափանիշները, և ո՞վ է վերահսկելու ստացված միջոցների օգտագործումը։
Նրանք նույն գումարի համա՞ր են մրցելու։ Եթե ընտրեմ կուսակցության կամ լրատվամիջոցի, դրանով կպակասեցնե՞մ ՀԿ-ին ուղղելու իմ հնարավորությունը։ Սա մաս 1-ն էր։ Հաջորդ հրապարակումներում հերթով կխորանամ այս հարցերի մեջ՝ նախագծի դրույթներով, այլ երկրների փորձով ու հասանելի թվերով։ Վերջիվերջո, այս փոփոխությունների ուղիղ հասցեատերերը մենք ենք՝ որպես հարկ վճարողներ, ՀԿ-ների աջակիցներ ու քաղաքացիներ»։
