Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
23/10/2026
share

«Այսօրվա ակտիվիստը սովորական գյուղացին է, ֆերմերն է, կին է, կանաչ տնտեսվար է, զբոսաշրջության ոլորտում աշխատողն է» Օլեգ Դուլգարյան

«Այսօրվա ակտիվիստը սովորական գյուղացին է, ֆերմերն է, կին է, կանաչ տնտեսվար է, զբոսաշրջության ոլորտում աշխատողն է»,- Երևանում անցկացված «COP17-ի ստվերում» խորագրով մամլո ասուլիսին հայտարարել է իրավապաշտպան-բնապահպան Օլեգ Դուլգարյանը։

«Այն մարդիկ, ովքեր պայքարում են իրենց համայնքի իրավունքների համար, հատկապես սոցիալ-էկոլոգիական ոլորտի, իրենց ակտիվիստ են զգում։ Երբ մի համայնքի վրա «ախորժակ է բացվում», անընդհատ, ինքը ստիպված իր պայքարի ընթացքում դառնում է ակտիվիստ։

 

Օլեգ Դուլգարյանը կարևոր է համարել համայնքային ակտիվիստների ու էկո-ակտիվիստների դերը և նկատում՝ «երբ ասում են, որ Հայաստանում ակտիվիզմ չկա, էկոպաշտպաններ չկան,  Հայաստանի մարզերում ամենօրյա ռեժիմով համայնքի բնակիչները պաշտպանում են մաքուր  շրջակա միջավայրում ապրելու իրենց իրավունքը։ Երբեմն դրանք տևում են ամիսներ, լինում են նաև շատ աղմկոտ ու հաճախ ԶԼՄ-ները նրանց չեն տեսնում։ Հիմա ակտիվիզմը, էկոակտիվիզմը Հայաստանում դարձել է ապակենտրոն և ավելի ակտիվ, քան եղել է բոլոր նախկին տասնամյակներում միասին վերցրած։

 

Դուլգարյանի դիտարկմամբ՝ խնդիրն այն է, որ շատ հաճախ այդ տեղական դերակատարները չեն երևում ԶԼՄ-ներում։ Համայնքային դերակատարները իրենք էլ պետք է խոսեն համայնքների անունից, որովհետև միայն այդպես է հնարավոր տեղական ժողովրդավարության պաշտպանությունը։

Տեղական ժողովրդավարության համատեքստում նա անդրադարձել է նաև օրենսդրական մեխանիզմներին։ Նրա խոսքով՝ տեղական մակարդակում մեր երկիրն ունի շատ լավ օրենքներ, ինչպես օրինակ «Շրջակա միջավայրի ազդեցության գնահատման մասին օրենքը», որն ունի շատ լավ մեխանիզմներ տեղերում  ապահովելու հանրային մասնակցություն ու որոշումներ կայացնելու համայնքի բնակչի կարծիքը հաշվի առնելով։ Սակայն, տպավորություն է, որ տեղական մակարդակում ժողովրդավարությունը վտանգված է։

 

COP17-ի օրերին Տարածքային կառավարման ենթակառուցվածքների նախարարությունը նաև նոր նախագիծ հրապարակեց իրավական նախագծերի առցանց հարթակում, որով առաջարկում է, որ այսուհետ, եթե համայնքը, ի դեմս ավագանու, տալիս է անհամաձայնություն է, դա խոչընդոտ չէ, այլ լիազոր մարմինը, տվյալ դեպքում Շրջակա միջավայրի նախարարությունն է որոշելու ընթացք տա գործընթացին, թե ոչ․

 

«Այսուհետ եթե համայնքը, ի դեմս ավագանու, տալիս է իր անհամաձայնություն, դա խոչընդոտ չէ, որ նախաձեռնողը փաստաթղթեր ներկայացնի լիազոր մարմին։ Այսինքն լիազոր մարմինն է որոշելու ընթացք տալ կամ չտալ, փորձաքննություն իրականացնել, թե չիրականացնել։ Ըստ էության փորձ է արվում համայնքի մասնակցությունը դարձնել սիմվոլիկ, իսկ իրական որոշումների կայացումը վերապահել լիազոր մարմնին։ Սա տեղական ժողովրդավարության հետընթաց է, որովհետև մենք ունեինք խնդիրներ, որ համայնքի բնակչության ձայնը հաշվի չէր առնվում և բնակիչները փորձում էին համախմբվել, ստորագրահավաք անել, որ իրենց ձայնը հաշվի առնվի, այս նախագծով առաջարկվում է այն, որ այլևս համայնքը խորհրդակցական ձայնի իրավունք ունի, իսկ որոշումը լիազոր մարմինն է իրականացնելու,- նկատում է իրավապաշտպանը։

facebook sharing button facebook