
«Ակտիվիզմը ճնշելու, լռեցնելու գործիքակազմը չի սահմանափակվում միայն դատական ճնշումներով, այն շատ ավելի բազմազան է և ընդգրկում է հանրային պատկերացնումներ, նարատիվներ ձևավորելուվ» ասուլիսի ժամանակ ասաց ռազմավարական հաղորդակցության փորձագետ, «Կանաչ խորհուրդների դաշնություն» էկո-ակտիվիստական շարժման համահիմնադիր Հայկ Աբրահամյանը, ներկայացնելով վերջին 2 տարում հանրային խոսույթում բնապահպանական ակտիվիզմի վերաբերյալ տարբեր օրիանչափություններ։
Ասաց՝ այն նարատիվները, որոնք տարիներ ընթացքում ձևավորում են հանրային մասնակցության, բնապահպանության, ակտիվիզմի վերաբերյալ, հանրային վերաբերմունք են ձևավորում ակտիվիստի նկատմամբ։ Դա դրսևորվում է համայնքում ակտիվություն դրսևորող քաղաքացու նկատմամբ վերաբերմունքով, նրա բարձրացրած հարցերին կարևորություն տալու առումով։
Հայկ Աբրահամյանը անդրադարձավ նաև լրատվամիջոցներում բնապահպանական ակտիվիզմի լուսաբանման վերաբերյալ դիտարկումներին։ Ամենատարածված դիսկուրսը բնապահպանությունը երկրի տնտեսական զարգացմանը հակադրելն է։
Արհեստական երկընտրանք. «Կամ հանք, կամ աղքատություն»
«Մենք շատ ենք լսում համայնքերում, որ հարցը դրվում է այսպես՝ կամ բնություն, կամ աղքատություն։ Կարծես թե կամ պետք է ունենալ հանք և որոշակի բարեկեցություն հեռանկար, կամ պետք է ապրել աղքատության մեջ զուտ բնությունը պահապանելու նպատակով։ Ակնհայտ է, որ այս հակադրությունը շատ արհեստական է ու դուրս է թողնում այն բազմաթիվ այլընտրանքային հնարավորությունները, որոնք հենց նույն բնապահպանների կողմից են ներկայացվում համայնքների կայուն զարգացման, նրանց սեփական առաջնահերթությունները որոշելու և որոշումների կայացմանը ռեալ մասնակցության տեսանկյունից», -ասում է Հայկ Աբրահամյանը։
Այս համատեքստում հեշտ է ակտիվիստին ներկայացնել որպես զարգացման դեմ պայքարող մարդու, երբ հանքը կամ խոշոր շինարարությունը արհեստականորեն հռչակվում են առաջընթացի միակ սիմվոլ, ակտիվիստը վերածվում է զարգացմանը դեմ պայքարող մարդու։
Անվտանգության դիսկուրսը և ակտիվիստների թիրախավորումը
Երկրորդ կարևոր և վտանգավոր դիսկուրսը անվտանգությանն է առնչվում։ Տարիներ շարունակ բնապահպան ակտիվիստները ներկայացվել են որպես պետական կամ տնտեսական անվտանգության սպառնալիք։
Երբ բնապահպանները բարձրաձայնում են տնտեսական ծրագրերի խնդրահարույց կետերը, նրանց գործունեությունը որակվում է որպես երկրի զարգացմանը վնասող կամ Հայաստանի միջազգային հեղինակությանը հարվածող գործոն։
«Հետաքրքիրն այն է, որ անվտանգության դիսկուրսում շրջակա միջավայրի խնդիրները երբեք չեն ներկայացվում որպես անվտանգության հարցեր։ Առողջ միջավայրում ապրելու իրավունքը և մարդկանց կյանքին ու առողջությանը սպառնացող ռիսկերը չեն դիտարկվում որպես հասցեագրման ենթակա անվտանգային խնդիրներ, փոխարենը՝ հենց ակտիվիստի գործունեությունն է ներկայացվում որպես սպառնալիք», — ընդգծում է Հայկ Աբրահամյանը։
Երբ ակտիվիստներին պիտակավորում են որպես «դրսի շահեր սպասարկողներ», «դրամաշնորհներով առաջնորդվողներ» կամ «թշնամու ջրաղացին ջուր լցնողներ», սա ունի երկարաժամկետ ազդեցություն։ Այս մեթոդը ոչ միայն լռեցնում է անհատին, այլև ամբողջությամբ ապալեգիտիմացնում է նրա բարձրացրած հարցերը՝ հանգեցնելով վերջինիս հանրային մեկուսացմանն ու հեղինակազրկմանը։
