Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
22/10/2026
share

Պաշտպանենք հանրային մասնակցությունը․ պահանջում ենք հակա-SLAPP օրենսդրություն

«Կանաչ խորհուրդների դաշնություն» էկոակտիվիստական շարժման հայտարարություն-պահանջը ՀՀ կառավարությանը և Արդարադատության նախարարությանը
Մեր համայնքների բարեկեցությունը մեծապես կախված է այն հոգատար և պատասխանատու քաղաքացիներից, որոնք նկատում և բարձրաձայնում են հանրային խնդիրները։ Լինի դա աղտոտված օդը, վտանգված ջրային ռեսուրսները, ապօրինի շինարարությունը, թե կոռուպցիան՝ ակտիվ քաղաքացիների մասնակցությունն օգնում է պաշտպանել հանրային շահը և հաշվետու պահել իշխանություն ունեցողներին։


Սակայն այսօր Հայաստանում այդ մասնակցությունը լիարժեք պաշտպանված չէ։ Որոշ ազդեցիկ ընկերություններ և պաշտոնյաներ դատական հայցերն օգտագործում են ակտիվիստների, բնապահպանների, լրագրողների և հանրային շահի համար պայքարող քաղաքացիների գործունեությունը սահմանափակելու նպատակով։ Դրանք հայտնի են որպես հանրային մասնակցության դեմ ռազմավարական հայցեր՝ SLAPP։
Այդ լռեցման հայցերի թիրախ դարձած քաղաքացիները հայտնվում են տարիներ տևող, ծախսատար և հյուծող դատական գործընթացներում։ Դրանք զսպող ազդեցություն են ունենում նաև մյուս քաղաքացիների վրա, որոնք կարող են խուսափել հանրային խնդիրների մասին բարձրաձայնելուց։ Արդյունքում թուլանում է հանրային վերահսկողությունը և տեղական ժողովրդավարությունը, իսկ մեր համայնքները
կորցնում են իրենց ակտիվ քաղաքացիների ներուժը։


Հանրային շահի համար պայքարող քաղաքացիները պետք է պաշտպանված լինեն դատական գործընթացների չարաշահումից։
Դրա համար անհրաժեշտ է հակա-SLAPP օրենսդրություն, որը թույլ կտա վաղ փուլում դադարեցնել չարաշահող դատական գործընթացները, նվազեցնել քաղաքացիների վրա դրվող անհամաչափ ֆինանսական բեռը և ապահովել նրանց իրավունքների պաշտպանության գործուն երաշխիքներ։


Հայաստանում այս խնդիրը տարիներ շարունակ բարձրաձայնել են տեղական և միջազգային քաղաքացիական հասարակության կազմակերպություններն ու փորձագետները։ Առկա են հետազոտություններ, փաստագրված դեպքեր և արդեն մշակված օրենսդրական առաջարկություններ։

 

2026 թվականի հուլիսի 27-ին «Կանաչ խորհուրդների դաշնություն» էկո-ակտիվիստական շարժումը կոչ էր արել ՀՀ կառավարությանը մինչև COP17-ը նախաձեռնել հակա-SLAPP օրենսդրության մշակման գործընթաց։ Սակայն մինչ օրս գործուն քայլեր չեն ձեռնարկվել ընթացող քննարկումները հստակ քայլերով և ժամկետներով հրապարակային գործընթացի վերածելու ուղղությամբ։
Այսօր, երբ Հայաստանի Հանրապետությունը բարձր ամբիոններից հայտարարում է իր եվրաինտեգրման վճռականության մասին, հնարավորություն կա նաև օրենսդրական բարեփոխումները համապատասխանեցնել Եվրոպայի խորհրդի՝ SLAPP-ների դեմ պայքարի CM/Rec(2024)2 հանձնարարականին և Եվրոպական միության համապատասխան իրավական չափանիշներին՝ ապահովելով դրանց արդյունավետ կիրառումը նաև ներպետական դատական գործընթացներում։


Ուստի պահանջում ենք ՀՀ կառավարությունից և Արդարադատության նախարարությունից՝ 


1. Նախաձեռնել հակա-SLAPP օրենսդրության մշակման և ընդունման գործընթացը՝ հիմնվելով առկա առաջարկությունների և միջազգային չափանիշների վրա։
2. Հրապարակել բարեփոխման հստակ ժամանակացույցը՝ սահմանելով պատասխանատու մարմիններն ու առաջիկա քայլերը։
3. Ապահովել քաղաքացիական հասարակության, իրավական փորձագետների, համայնքային ակտիվիստների և դատական գործընթացներից տուժած անձանց իրական մասնակցությունը օրենսդրության
մշակմանը։


Մենք կանգնած ենք այն համարձակ և հոգատար քաղաքացիների կողքին, որոնք բարձրաձայնում են հանրային խնդիրները և նպաստում մեր երկրի զարգացմանը։
Հանրային մասնակցությունը պետք է լինի պաշտպանված և գնահատված։ 


«Կանաչ խորհուրդների դաշնություն»

22.10.2026 թ.

facebook sharing button facebook