Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
21/10/2026
share

COP17-ի ստվերում․ Ինչպես են դատարաններով ու ապատեղեկատվությամբ լռեցնում բնապահպաններին․ Հոկտեմբերի 23-ին Երևանում տեղի կունենա քննարկում

Հոկտեմբերի 23-ին ժամը 16:00-ին Երևանի «Օպերա Սուիթ» հյուրանոցում տեղի կունենա մամուլի ասուլիս և բաց քննարկում, որը նվիրված է Հայաստանում էկոակտիվիստների, իրավապաշտպանների և բնապահպանական խնդիրներ բարձրաձայնող քաղաքացիների առջև ծառացած համակարգային ճնշումներին։

Միջոցառումը կազմակերպում է «Կանաչ խորհուրդների դաշնություն» էկոակտիվիստական շարժումը՝ «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի համակարգմամբ, «Հանրային ձայնի երաշխիք» արշավի շրջանակներում։

Քննարկումը ծավալվելու է երեք առանցքային ուղղություններով․

  1. SLAPP հայցեր և իրավական պաշտպանություն․ Ինչպե՞ս են դատական քաշքշուկներն օգտագործվում որպես լռեցման ու ֆինանսական/հոգեբանական ճնշման գործիք, և ինչպե՞ս հակազդել դրանց։

  2. Ապատեղեկատվություն և բնապահպանների վարկաբեկում․ Մեդիա-արշավների, կեղծ էջերի ու պիտակավորումների ազդեցությունը հանրային ընկալման և ակտիվիստների անվտանգության վրա։

  3. Տեղական ժողովրդավարություն և համայնքների ձայն․ ՏԻՄ ինքնավարության սահմանափակումները և բնակիչների իրական մասնակցությունը որոշումների կայացմանը։

COP17-ի ստվերում մնացած խնդիրները

Քննարկումն հատկապես հրատապ է դառնում այն ֆոնին, երբ Երևանում ընթացող COP17 համաժողովի շրջանակներում բարձր ամբիոններից քննարկվում են կենսաբազմազանության պահպանության միջազգային պարտավորություններն ու գլոբալ ռազմավարությունները։

Սակայն պաշտոնական ռեպորտաժներից ու  ելույթներից դուրս՝ Հայաստանի մարզերում պատկերն այլ է․ հանքարդյունաբերական ու բիզնես շահերի բախվող տեղական համայնքներում հանրային ձայնը պաշտպանող քաղաքացիները պարբերաբար հայտնվում են դատարաններում կամ ենթարկվում թիրախավորման։

Դատական հայցերն ու ապատեղեկատվությունը՝ որպես լռեցման գործիք

Վերջին տարիներին Հայաստանում էկոակտիվիստների, տեղացի բնակիչների և հետաքննող լրագրողների դեմ ավելի հաճախ են կիրառվում այսպես կոչված SLAPP հայցերը (Strategic Lawsuits Against Public Participation)։ Սրանք ռազմավարական դատական հայցեր են, որոնց նպատակը ոչ թե արդարադատության հասնելն է, այլ քաղաքացիներին ֆինանսական, ժամանակային ու հոգեբանական քաշքշուկների մեջ գցելն ու ինքնագրաքննության մղելը։

Բացի դատական ճնշումներից, բնապահպանների դեմ գործարկվում են նաև կազմակերպված ապատեղեկատվական արշավներ։ Սոցիալական ցանցերում բացվող կեղծ էջերի միջոցով թիրախավորվում են ակտիվիստների անձնական կյանքը, արտաքինն ու բարոյական կերպարը․ հատկապես թիրախային խմբում են հայտնվում կին բնապահպանները, որոնց դեմ կիրառվում են կարծրատիպային պիտակավորումներն ու հանրային ճնշումը։

Հոկտեմբերի 23-ի հանդիպման ընթացքում բանախոսներն ու մասնակիցները կքննարկեն, թե ինչպես է հնարավոր հակազդել այս մեխանիզմներին, պաշտպանել հանրային շահը բարձրաձայնող քաղաքացիներին և վերականգնել համայնքների ձայնը որոշումների կայացման հարթակներում։

facebook sharing button facebook