Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
21/10/2026
share

60 տարվա աղբավայրի փակում, գործարանների բացում ու աշխատատեղեր․ ի՞նչ են խոստանում Ստեփանավանի համայնքապետի աթոռին հավակնող ուժերը

Հոկտեմբերի 25-ին Հայաստանի մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրություններ են։

«Վարչատարածքային բաժանման մասին» օրենքի վերջին փոփոխությամբ, Լոռու մարզի Ստեփանավան համայնքի հետ միավորվել են Գյուլագարակ և Լոռի Բերդ համայնքները։

Մինչ 2026 թվականի հոկտեմբերի 15-ը միավորված համայնքի ղեկավարի պաշտոնի և ավագանի ձևավորելու համար պայքարում էր 5 քաղաքական ուժ՝ «Հայրենիք», «Ուժեղ Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր», «Գործարար» և «Հանրապետություն» կուսակցությունները։

Հոկտեմբերի 15-ին ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցությունն ինքնաբացարկի դիմում է ներկայացրել թիվ 25 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով։ Վերջինիս որոշմամբ՝ կուսակցության գրանցումն ուժը կորցրած է ճանաչվել։ Ընտրապայքարում մնացել են 4 քաղաքական ուժեր։

ՔՊ-ի մրցակից ուժերից երկուսի՝ «Հանրապետություն» և «Գործարար» կուսակցությունների մասին ի սկզբանե լուրեր շրջանառվեցին, թե վերջիններիս ընդդիմադիր պետք չէ դիտարկել, որովհետև ընտրություններից հետո նրանք միավորվելու են ՔՊ-ի հետ։

Ովքե՞ր են պայքարում Ստեփանավանի համայնքապետի աթոռի համար

Քվեաթերթիկում 9 համարի ներքո հանդես եկող ու  Երևանում իշխող ուժի կոալիցիոն գործընկեր «Հանրապետություն» կուսակցության ցուցակը գլխավորում է Արտակ Ալեքսանյանը, 14 համարի  ներքո իշխող «Քաղաքացիական Պայմանագիր»-ն է՝ 50 հոգանոց ցուցակով, որի թեկնածուն Լոռի Բերդի համայնքապետ Արայիկ Ներսիսյանն է։ Ներսիսյանը ամենաերկարակյաց համայնքապետերից է՝ շուրջ 36 տարվա փորձով։ 1990-2016 թթ․-ին եղել է Կողես գյուղի ղեկավարը, անդամակցել «Հայաստանի Հանրապետական» կուսակցությանը։ 2017թ. նոյեմբերի 5-ին ընտրվել է Լոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար: Վերընտրվել է 2022թ. սեպտեմբերի 25-ին՝ արդեն որպես ՔՊ կուսակցության անդամ։

55 հոգանոց ցուցակով և 17 համարի ներքո հանդես եկող  «Ուժեղ Հայաստան»-ի ցուցակը գլխավորում է Արսեն Գևորգյանը։ Նա աշխատել է Ստեփանավանի քաղաքապետարանում և անտառտնտեսությունում, զբաղեցնելով պատասխանատու պաշտոններ։ 2023 թվականից անհատ ձեռներեցությամբ է զբաղվում։ Քվեաթերթիկում 2-րդ համարն է «Գործարար» կուսակցությունը՝ 35 հոգանոց ցուցակով։

Ուշագրավ է, որ եթե այլ համայնքներում «Գործարար» կուսակցությունը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ «Համերաշխություն» դաշինք կազմած է մասնակցում ընտրություններին, Ստեփանավանում առանձին ընտրացուցակով է ընտրապայքարի մեջ մտել։ Ցուցակը գլխավորում է Ստեփանավանի գործող ղեկավար Արմեն Գրիգորյանը։

 

Պակաս ուշագրավ չէ այն, որ Գրիգորյանը 6 տարի ՔՊ-ի թիմում էր, բայց այս ՏԻՄ ընտրություններին, լինելով ՔՊ անդամ, չի վայելում հարազատ թիմի աջակցությունը, և այլ քաղաքական ուժի  ցուցակով է մասնակցում, թեև բազմիցս է հայտարարել, որ չի պատրաստվում ընդդիմադիր դառնալ։

Ի՞նչ են խոստանում 5 քաղաքական ուժերը

Պաշտոնական քարոզարշավը մեկնարկել է սեպտեմբերի 30-ից։ Թեկնածուները շրջում են Ստեփանավանով և վերջինիս միավորվող գյուղերով, ներկայացնում արվածն ու խոստումներ շռայլում։ «Քաղաքացու Ձայն»-ը փորձել է ուսումնասիրել նախընտրական ծրագրերն ու ի մի բերել քաղաքական ուժերի խոստումները։  ԿԸՀ կայքում հայտնաբերեցինք, որ բացի իշխող ուժը, այլ ուժերի ի նախընտրական ծրագրերը չկան։ Ստիպված ենք բավարարվել նախընտրական բուկլետներով։

 

Քվեաթերթիկ 17 Փոփոխությունը սկսվում է Ստեփանավանից

Ուշագրավ է «Ուժեղ Հայաստան»-ի նախընտրական բուկլետների բովանդակությունը։ Դրանցում անընդհատ ընդգծվում է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի դերն ու անմիջական դերակատարությունը՝ Ստեփանավանի ապագա զարգացման հարցում․ «Արսեն Գևորգյանը ձեզանից մեկն է, աշխատասեր մարդ է, որի նպատակն է Նարեկ Կարապետյանի առաջնորդությամբ զարգացնել Ստեփանավանը» կամ «Փոփոխություն բերող բոլոր ծրագրերի երաշխավորը Նարեկ Կարապետյանն է»,- գրված է բուկլետի դիմերեսին։

«Եթե ցանկանում եք նոր գործարաններ, զբոսաշրջային կենտրոն և լավ վարձատրվող աշխատատեղեր, կա ընտրություն՝ «Ուժեղ Հայաստան» թիմը և Արսեն Գևորգյանը՝ ընտրողներին կոչ է անում քաղաքական ուժը՝ «Ընտրե՛ք փոփոխությունը, կա՛ նոր այլընտրանք» կարգախոսով։

Ի դեպ, ԱԺ-ում ամենամեծ ընդդիմադիր խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը ակտիվորեն սատարում է իրենց թեկնածունին, նրա հետ  քարոզարշավների գնում։ Ստեփանավանի կազմի մեջ մտնող գյուղերում մարդկանց հետ զրուցելիս Կարապետյանն ասել է. «Դռները բացվում են, մենք ունենք մի քանի ծրագրեր, որոնք կարող ենք այստեղ իրականացնել»՝ չհստակեցնելով, թե կոնկրետ ինչ բացված դռների մասին է խոսքը։

Ստեփանավանցիների խոսքերով՝ ընդհանուր առմամբ աշխատատեղ բացելու, համայնքը զարգացնելու շռայլ խոստումներով «Ուժեղ Հայաստան»-նն է աչքի ընկնում։ Խոստացել են բացել կաթի ու կարի գործարաններ։

Քվեաթերթիկ 9 Հույս, հավատ, սեր  

Երևանում իշխող ուժի կոալիցիոն գործընկեր «Հանրապետություն» կուսակցությունը ներկայացնող Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն Արտակ Ալեքսանյանն է։  Նա ունի բիզնեսներ, նախկինում նաև մաքսային ծառայությունում է աշխատել, 2000-ականների սկզբին եղել Ստեփանավանի ավագանու անդամ։

Արտակ Ալեքսանյանի ֆեյսբուքյան պաշտոնական էջի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ  Ալեքսանյանը եղբոր հետ միասին է գնում քարոզարշավների։ Դա պատահական չէ։ Արտակ Ալեքսանյանի եղբայրը՝ Արմեն Ալեքսանյանը ավագանու ցուցակում 2-րդ համարն է։ Նրանք երկվորյակներ են։ Ստեփանավանում հայտնի են «Ջխտոներ» մականունով։ Նախընտրական բուկլետներին Ալեքսանյան եղբայրների լուսանկարն է։ Նրանց  չճանաչողները հաճախ են շփոթության մեջ հայտնվում։

20-րդ հորիզոնականով «Հանրապետություն» կուսակցության ավագանու ցուցակը եզրափակում է  Արտակ Ալեքսանյանի տղան՝ Միքայել Ալեքսանյանը։ Թեկնածու եղբայրները Ստեփանավանում  ու գյուղերում հանդիպումներ են ունենում։ Թեև քարոզարշավի մասին նախապես չեն հայտարարում, ֆեյսբուքյան էջում տեսահոլովակներ են տեղադրում։ Հանդիպումներում մշտապես շեշտադրում են համայնքից երբեք չբացակայելն ու ժողովրդի բողոքներով ու անարդար վերաբերմունքով պայմանավորված՝ առաջադրվելը։ Թե ինչ անարդար վերաբերմունքի մասին է խոսքը, երկվորյակ եղբայրները չեն մասնավորեցնում։ Ուշագրավ ու զավեշտալի է, որ Ալեքսանյաններն իրենց  մասին հոգնակիով են խոսում՝ «մեր թեկնածուն», «մենք»՝ նույնացնելով իրար։ Քննադատության խոսքեր ուղղվում են միայն նախկիններին։ Ընտրվելու դեպքում Ալեքսանյան եղբայրները խոստանում են ծառայել ժողովրդին, որովհետև 5 տարի է՝ ժողովուրդը խաբված է։ Խոստանում են կանգնել թույլի ու գյուղացու կողքը․  «Մեր թեկնածությունը, որ մենք առաջադրել ենք ժողովրդի բողոքներից, անարդար վերաբերմունքից է, նաև մեր հանդեպ է եղել այդ անարդար վերաբերմունքը։ 30 տարի այդ մարդիկ ապրում են ժամանակավոր կացարաններում, բայց մարդիկ խոսում են այնպես, ուր որ է Շվեյցարիա են սարքելու (Ստեփանավանը նկատի ունի)։ Շվեյցարիա սարքողները 30 տարի մենակ ստեցին մարդկանց։ Կուզեմ, որ բոլորը արդար ձևի ընտրության մասնակցեն։ Բոլոր գյուղերը անմխիթար վիճակում են, մարդիկ սովորական խմելու ջուր չունեն։ Պետք է ժողովուրդը ինքը որոշի։ Այս մեծ ծախսերը, որ այսօր անում են, ժողովրդից են էլի հանելու։ Այսքան թեկնածու ինչո՞ւ է այս փոքր քաղաքում առաջացել, որովհետև միշտ ստել են մարդիկ։ 5 տարի չեն աշխատել, դրա համար այսքան թեկնածու կա։  Նույն մարդիկ ջանքեր են գործադրում, որ էլի մնան իրենց պաշտոններին։ Պետական ապարատը ստիպողաբար բերում են քարոզարշավի։ Անհավասար պայմաններ ստեղծում։ Եթե չգան քարոզարշավի, իրենց աշխատանքից կհեռացնեն։ Այդ մարդիկ ահաբեկված են։ Մենք այդ մարդկանց դեմ բան չունենք, այդ մարդկանց ստիպողների դեմ բան ունենք։ Սա մեր տունն է ու պետք է ոչ մեկը չբռնանա մարդկանց կամքի վրա։ Կապ չունի մարդը, ինչ քաղաքական հայացքներ ունի կամ ում հետ է աշխատում։ Եթե արդարություն ունեք, թողեք մարդիկ ընտրության գնան, վերջում էլ կտեսնենք, ով է ժողովրդի վստահության քվեին արժանանում»,- Ստեփանավանում քարոզարշավի ժամանակ հայտարարել է Արտակ Ալեքսանյանը։

Գրեթե նույնանման քարոզարշավ են իրականացնում «Գործարար» կուսակցության թեկնածու Ստեփանավանի նախկին համայնքապետ Արմեն Գրիգորյանը և իշխող «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցության 50 հոգանոց ցուցակը գլխավորող թեկնածուն Լոռի Բերդի համայնքապետ Արայիկ Ներսիսյանը։ Միմյանց չեն խանգարում ու չեն քննադատում։ Նրանք երկուսն էլ խոսում են արված աշխատանքների ու դրանք շարունակելու պատրաստակամության մասին, այն տարբերությամբ, որ Արմեն Գրիգորյանն այդ ամենը վերագրում է իր 5 տարվա հետևողական ջանքերին, Արայիկ Ներսիսյանը՝ իր քաղաքական թիմի աշխատանքին ու որպես համայնքի ղեկավար իր անցած ուղուն։

Քվեաթերթիկ 14  Հանուն խաղաղ զարգացման

50+1 տոկոսի գնացող Ներսիսյանին սատարելու գործին ակտիվորեն լծվել են Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը, ԱԺ պատգամավորներ Արփի Դավոյանը, Հասմիկ Հակոբյանը, Նոնա Հովհաննիսյանը։  Ներսիսյանի քարոզարշավը լուսաբանվում է նաև իշխանական լրատվամիջոցներով՝ փաստացի առավելություն ստեղծելով նրա համար՝ մյուս թեկնածուների նկատմամբ։ Ներսիսյանն ու քաղաքական թիմակիցները բնակիչների հետ շփումներում հիմնականում բավարարվում են ձեռքսեղմումներով ու բուկլետներ բաժանելով։ Ներսիսյանը խոստումներ չի տալիս, առաջարկում է ընտրել իրեն՝ հաշվի առնելով Կողեսի ու Լոռի Բերդի ղեկավար լինելու հանգամանքն ու արված աշխատանքները։

Լոռու մարզպետի էջում հրապարակված տեսանյութերից մեկում մարզպետը թեկնածուի հետ քայլում ու խոսում է Ագարակում հիմնանորոգված մանկապարտեզից, որը գյուղը չի ունեցել, նաև կառավարության 1 մլրդ․ 350 մլն դրամ ներդրմամբ ագարակցիներին 24-ժամյա ջրամատակարարմամբ ապահովելուց։

 

Օրերս ուշագրավ տեսանյութ հայտնվեց Արփի Դավոյանի ֆեյսբուքյան էջում՝ կից գրառմամբ՝ «Ստեփանավանում բոլորը փորձում են շրջանցել աղբավայրի հարցը, իսկ մենք վստահեցնում ենք, որ այն լուծելու ենք»։ Տեսանյութում Դավոյանը՝ Արայիկ Ներսիսյանի և ավագանու թեկնածուներից մեկի հոր հետ քայլում են դեպի Ստեփանավանի աղբավայր և խոստանում, որ լուծելու են վերջինիս խնդիրը, որովհետև այն անհամատեղելի է զբոսաշրջային հեռանկարի հետ․ «Կլուծվի 60 տարի առաջացած խնդիրը»,- խոստանում է Արայիկ Ներսիսյանը, Արփի Դավոյանն էլ իր հերթին վստահեցնում, որ պարտավորվում են այստեղ ունենալ նոր սանիտարական աղբավայր, իսկ գործող աղբավայրը կծածկվի հողաշերտով, տեղում ծառեր կտնկվեն՝ վերացնելով ներկա տխուր պատկերը։

Ուշագրավ է նաև, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում աղբահանության մասով խոստումները բավարարվում են միայն աղբահանության համակարգի բարելավմամբ և համայնքային տեխնիկական պարկի համալրմամբ ու ոչ մի խոսք՝ Ստեփանավանում նոր սանիտարական աղբավայր ստեղծելու մասին։

Պակաս ուշագրավ չէ և այն, որ իշխող ուժի թեկնածուի ու նրա թիմակցի խոստումը հաջորդում է տեսանյութին, որ օրեր առաջ հրապարակել էր «Ուժեղ Հայաստան»-ի անդամներից մեկը՝ Ստեփանավանի աղբավայրի մոտից՝ բարձրաձայնելով այն որպես լուրջ բնապահպանական խնդիր ու չլուծված հարց։

Հարկ է նշել, որ բոլոր 4 ուժերից ԿԸՀ կայքում միայն իշխող ուժի նախընտրական ծրագիրն է տեղադրված։ 2026- 2031թթ․ նախընտրական ծրագրում 20 բնակավայր միավորող Ստեփանավանը դառնալու է «Ոչ մի բնակավայր՝ երկրորդական» սկզբունքով զարգացած համայնք, տեսլականում մինչև 2031 թվականն ունենալով միասնական Ստեփանավան։ Սոցիալ-մշակութային աշխույժ կյանքից, գյուղատնտեսական ծրագրերից ու արժանապատիվ գերեզմաններից մինչև «Միասնական Ստեփանավան» զբոսաշրջային բրենդ ու «Արտադրված է Ստեփանավանում» տեղական արտադրանքի միասնական բրենդավորում։ Ուշագրավ է, որ նախընտրական ծրագրում ոչ մի խոսք չկա այն մասին, ինչպես է ՏԻՄ-ը պատրաստվում դիմակայել համայնքի զարգացման ռիսկերին, մասնավորապես, հանքարդյունաբերությանը, որի հետ կապված մտահոգությունները պարբերաբար ստեփանավանցիներին համախմբվելու առիթներ են տալիս։ Հիշեցնենք՝ համայնքի ավագանին զարգացման առաջնահերթություն է հռչակել տուրիզմն ու կանաչ գյուղատնտեսությունը։

 

Քվեաթերթիկ 2  Դու որոշի՛ր, կհաղթի համայնքդ

Գրիգորյանի քարոզարշավային հանդիպումներն առանձնապես չեն տարբերվում Ներսիսյանի հանդիպումներից։ Միայն թե, եթե ամիսներ առաջ Գրիգորյանն էր իշխող ուժի ներկայացուցիչների ուղեկցությամբ խորհրդարանական ընտրարշավ անցկացնում՝ վստահ լինելով,  որ ՏԻՄ ընտրություններին վայելելու է հարազատ թիմի աջակցությունը, այժմ հայտնվել է հակառակ ճամբարում՝ թեև իրեն ընդդիմադիր չի համարում։

Ի տարբերություն Արայիկ Ներսիսյանի, «Գործարար» կուսակցության թեկնածու Ստեփանավանի  համայնքապետ Արմեն Գրիգորյանը հանդիպումներում խոստանում է շարունակել իր ղեկավարման օրոք սկսած աշխատանքները, նրան պարբերաբար իրենց աջակցությունն են հայտնում տարբեր բարերարներ ու գործարարներ, ովքեր ընդգծում են Գրիգորյանի գործոնը՝ հենց Ստեփանավանում ներդրումներ անելու։

«Գործարար» կուսակցության նախընտրական ծրագրի բացակայությունը ԿԸՀ կայքում ավագանու թեկնածու Նազելի Ավագյանը «Քաղաքացու Ձայն»-ին այպես մեկնաբանեց․ «Ծրագիրը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացվել է։ Չգիտենք, ինչ պատճառով այն կայքում տեղ չի գտել, հավանաբար տեխնիկական խնդիր է»։  

Գրիգորյանի բուկլետում ընդհանուր անդրադարձ կա Ստեփանավանի զարգացման հեռանկարներին, նաև հանրային մասնակցության կարևորությանը․ «Քո համայնքում համայնքապետի թեկնածու Արմեն Գրիգորյանի աննախադեպ և հեղափոխական որոշմամբ հենց դո՛ւ ես որոշում, թե որ խնդիրները պետք է լուծի մեր թիմը՝ վստահության արժանանալուց հետո։ Ստորև բաց թողնված տողերում գրեք համայնքի բնակչության նվազագույնը 30 %-ի պահանջները։ Ընտրություններից հետո առաջնահերթությունը կտրվի հենց ձե'ր նախընտրական ծրագրին։ Եվ այն կիրականացվի հնարավորինս սեղմ ժամկետներում։ Մեր ծրագիրը նաև քո ծրագիրն է որոշելու քո հնարավորությունը»,- գրված է բուկլետի առանձնացված հատվածում։ Ստեփանավանի հանքարդյունաբերական ռիսկերին դիմակայելու վերաբերյալ ոչ մի կետ չգտանք նաև Գրիգորյանի բուկլետում։ Հիշեցնենք՝ 2026 թվականի փետրվարի 13-ի ավագանու նիստում հենց Գրիգորյանն էր, որ «կանաչ լույս» էր վառել Արմանիսի ոսկու հանքը շահագործող ընկերության համար՝ 15 մլն․ դրամ ներդրման դիմաց։ Բարեբախտաբար, հետագայում ծրագիրը մերժվեց։

Բուկլետում նաև հատուկ հիշեցում կա այն մասին, որ Արմեն Գրիգորյանն իր ստացած ձայները չի տալու ոչ մի քաղաքական թիմի և կրելու է պատասխանատվություն վստահության յուրաքանչյուր քվեի համար։

Հ․Գ․ Նյութը պատրաստ էր, երբ տեղեկացանք, որ հոկտեմբերի 21-ի վաղ առավոտյան ձերբակալվել է Ստեփանավանի «Ուժեղ Հայաստանի» համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը և ևս 13 մարդ: Հակակոռուպցիոն կոմիտեն նրանց մեղադրում է խմբի կազմում ընտրակաշառք տալու, դրան օժանդակելու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու համար:

 

facebook sharing button facebook