Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
21/10/2026
share

Թրամփի վարչակազմի հետ սերտ կապեր ունեցող Կոնստանտին Սոկոլովը մտադիր է ընդլայնել Թեղուտի հանքավայրն ու մատակարարումներ ապահովել դեպի ԱՄՆ

Գործարար, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ մտերիմ կապեր ունեցող  Կոնստանտին Սոկոլովը, ծրագրում է ընդլայնել Հայաստանի խոշորագույն պղնձի հանքավայրերից մեկը և արտահանման հիմնական ուղղությունը Չինաստանից փոխել դեպի Միացյալ Նահանգներ՝ այդպիսով հայկական հանքանյութերի խոշոր աղբյուր ներգրավելով ամերիկյան մատակարարման շղթաներում,-գրում է thearmenianreport․com-ը։

 

Ռուսաստանում ծնված Կոնստանտին Սոկոլովը՝ ԱՄՆ-ում գրանցված «Dynamic Frontier Holdings» ընկերության սեփականատերը, Bloomberg-ին հայտնել է, որ իր ընկերությունը 228,5 միլիոն դոլար է վճարել Հայաստանի հյուսիսում՝ Լոռու մարզում գտնվող Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի համար։ Հուլիսին Հայաստանի մրցակցության պաշտպանության մարմնի կողմից հաստատված այս գործարքով ավարտվել է ռուսական «ՎՏԲ բանկ»-ի (VTB Bank) տիրապետության շրջանը. բանկը հանքավայրի նկատմամբ վերահսկողությունը ստանձնել էր 2019 թվականին՝ այն բանից հետո, երբ նախորդ սեփականատերը չէր կատարել 400 միլիոն դոլարի վարկային պարտավորությունները և գրավադրված ընկերությունը մնացել էր բանկին։

 

Սոկոլովը նախատեսում է հանքավայրի տարեկան արտադրական հզորությունը մոտ 80․000 մետրիկ տոննա պղնձի խտանյութից հասցնել 120.000-130.000 մետրիկ տոննայի, ինչը նշանակում է առնվազն 50% աճ։ Ընդլայնված արտադրության արդյունքում տարեկան կստացվի խտանյութ, որը կպարունակի մոտավորապես 26.000-28.000 մետրիկ տոննա պղինձ։

 

Սոկոլովը Bloomberg-ին հայտնել է, որ նոր արտադրական հզորությունները նախատեսվում է գործարկել 2030 թվականին, իսկ 2031 թվականին հանքավայրը կաշխատի լրիվ հզորությամբ։ Գործարարը նաև մտադիր է Թեղուտի արտահանման հիմնական մասը, որն այժմ ուղղվում է Չինաստան, վերաուղղորդել դեպի Միացյալ Նահանգներ.«Այս գործարքի հիմնական նպատակներից մեկը Հայաստանի կարևորագույն հանքային ռեսուրսները ԱՄՆ մատակարարման շղթաների համար հասանելի դարձնելն էր», - ասել է Սոկոլովը։

Այս ծրագրերն իրականացվում են այն ժամանակ, երբ Վաշինգտոնը ձգտում է նվազեցնել Չինաստանից իր կախվածությունը՝ կապված արտադրության, էլեկտրոնիկայի և պաշտպանական սարքավորումների ոլորտներում օգտագործվող հանքանյութերի մատակարարման հարցում։ Հայաստանի համար այս ներդրումը կարող է նոր շուկա բացել նրա ամենակարևոր արտահանվող ապրանքներից մեկի համար՝ միաժամանակ նվազեցնելով ռուսական մասնաբաժինը հանքարդյունաբերական խոշոր ձեռնարկությունում։ Անցյալ տարի այն երկրի խոշորագույն կորպորատիվ հարկատուների ցանկում զբաղեցրել է 22-րդ տեղը՝ պետական ​​բյուջե վճարելով մոտ 14,4 միլիարդ դրամ (40 միլիոն ԱՄՆ դոլար)։ 2022 թվականի դրությամբ հանքավայրում աշխատում էր ավելի քան 1100 մարդ։

 

Ռուսաստանի հետ կապեր ունեցող ներդրողները դեռևս զգալի դիրքեր են զբաղեցնում Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում։ Երկրի խոշորագույն հանքարդյունաբերական ընկերությունը՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը, հիմնականում պատկանում է ռուս միլիարդատեր Ռոման Տրոցենկոյի հետ կապված կառույցներին։ Այն ունի շուրջ 4600 աշխատակից, իսկ 2025 թվականին վճարել է ավելի քան 52 միլիարդ դրամ (140 միլիոն ԱՄՆ դոլար) հարկ։

 

Սոկոլովը Հայաստանում ունի նաև այլ գործարար հետաքրքրություններ, այդ թվում՝ զգալի մասնաբաժին երկրի 3 բջջային օպերատորներից մեկում։ Նրա գործունեությունը տարածվում է նաև Հայաստանում իրականացվող՝ ԱՄՆ-ի կողմից աջակցվող տրանսպորտային նախագծի վրա։ Այս տարվա սկզբին ԱՄՆ Պետդեպարտամենտը նրան նշանակել է 200 միլիոն դոլար արժողությամբ հիմնադրամի նախագահ. հիմնադրամը հիմնականում նախատեսված է աջակցելու երկրի տարածքով անցնող՝ ԱՄՆ-ի կողմից կառավարվող տարանցիկ ` TRIPP միջանցքի զարգացմանը։

 

Սոկոլովը նաև հանդես է գալիս որպես Հանրապետական ​​կուսակցության խոշոր նվիրատու։ Ըստ տեղեկությունների՝ նա Թրամփի՝ Սպիտակ տան պարահանդեսային դահլիճի նախագծին աջակցած 36 մասնավոր նվիրատուներից մեկն է, իսկ նախագահի 2-րդ ժամկետի ընթացքում ավելի քան 12 միլիոն դոլար է նվիրաբերել հանրապետականների նախընտրական արշավներին և քաղաքական խմբավորումներին։

 

«Թեղուտ»-ի ձեռքբերումը ամերիկյան ընկերությանը հնարավորություն է տալիս վերահսկել հայաստանյան խոշոր հանքարդյունաբերական ձեռնարկությունը, որը նախկինում պատկանում էր ռուսական բանկի։ Նախատեսվում է, որ արտադրանքը կմատակարարվի ԱՄՆ շուկա՝ Չինաստանի փոխարեն։

facebook sharing button facebook