
Ջերմուկ համայնքի բնակիչ Շիրակ Բունիաթյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրում է․
«Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել է, որ Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագիրն ամենանվազագույն ռիսկերն ու վնասներն ունեցող ծրագրերից է։
Ես վստահ եմ, որ Գևորգ Պապոյանը հանքարդյունաբերության կամ տնտեսագիտության մասին ունի այնքան գիտելիքներ, որքան, օրինակ, բնապահպանության, կրթության կամ սպորտի մասին։ Հա՛, հա՛, հենց սպորտի մասին։
Եթե վաղը Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նա նշանակվի սպորտի կամ մշակույթի նախարար, համոզված եմ՝ այդ ոլորտներում էլ կունենա նույնքան «խորքային» գիտելիքներ, որքան այսօր՝ հանքարդյունաբերության ոլորտում։
Ինչևէ, նրա այս հայտարարությանը լուրջ վերաբերվել չեմ կարող։ Բայց այստեղ մի շատ կարևոր հարց կա․ կամ նախարարը մոլորեցնում է հանրությանը, կամ իշխանությունները ժողովրդից թաքցրել են էական տեղեկություններ։
Չէ՞ որ հենց իրենց պատվիրած և հանրային միջոցներով իրականացված՝ միջազգային «Էլարդ» ընկերության փորձաքննության արդյունքների մասին կառավարության բաց նիստում հայտարարվեց, որ Ամուլսարի ծրագիրը լուրջ խնդիրներ ունի։ Այդ հայտարարությունից հետո, որքան ինձ հայտնի է, հանրությանը չի ներկայացվել որևէ նոր, համապարփակ մասնագիտական փորձաքննություն, որը կհիմնավորեր այդ եզրակացություններին հակասող՝ նախարարի այսօրվա պնդումը։
Ավելին՝ Ամուլսարի հնարավոր բնապահպանական վտանգների մասին տարիներ շարունակ բարձրաձայնել են բազմաթիվ միջազգային և տեղական մասնագետներ ու փորձագետներ։ Այդ մտահոգությունները չեն կարող պարզապես անտեսվել կամ մի կողմ դրվել քաղաքական հայտարարություններով։
Հիշեցնեմ նաև, որ երբ Գևորգ Պապոյանն ու «Lydian»-ի գործադիր տնօրենը ստորագրեցին հուշագիր, Հայկ Ալոյանը հստակ ընդգծեց, որ օգուտներն ու պատասխանատվությունը պետք է կիսվեն։
Եվ ես համոզված եմ՝ գալու է այն օրը, երբ Ամուլսարի ծրագրի իրականացման համար քաղաքական պատասխանատվություն կրող բոլոր անձինք ստիպված կլինեն պատասխանել իրենց որոշումների և դրանց հետևանքների համար։ Այդ պատասխանատվությունից չպետք է բացառություն կազմի նաև Գևորգ Պապոյանը։
Բնապահպանական ռիսկերը չեն վերանում նախարարական հայտարարություններով, իսկ հանրության առաջ պատասխանատվությունը չի ավարտվում հուշագիր ստորագրելով»։
