
Այսեր Ղազարյանի ֆեսյբուքյան գրառումը․
COP17-ի հեգնանքը.
Միջազգային ամբիոնից պաշտպանում ենք կենսաբազմազանությունը, իսկ «ներքին խոհանոցում նոր թխվող» օրենքի փոփոխության նախագծով քանդում ենք այն։
Երևանը հյուրընկալել է COP17-ը՝ ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի ամենահեղինակավոր համաժողովը։ Հայաստանը համաշխարհային ամբիոնից կոչ է անելու պահպանել կենսաբազմազանությունը/էկոհամակարգերը, հարգել տեղական համայնքների իրավունքները և ամրապնդել բնապահպանական ժողովրդավարությունը։
Մինչդեռ, զուգահեռաբար, մասնավորապես e-draft.am հարթակում շրջանառվում է մի օրենքի փոփոխության նախագիծ (https://e-draft.am/projects/10745/about ), որը ճիշտ հակառակն է անելու/կարգավորելու. համայնքներին զրկելու որոշումների վրա ազդելու իրավունքից, թուլացնելու է բնապահպանական փորձաքննության պահանջները և ճանապարհ է հարթելու անվերահսկելի հանքարդյունաբերության համար։
Սա պարզապես հակասություն չէ. սա ինստիտուցիոնալ կեղծավորություն է ամենաբարձր մակարդակով։
ՄԱԿ-ի ամբիոնից մինչև e-draft.am. երկու իրականություն
COP17-ի առանցքային թեմաներից է «Տեղաբնակ ժողովուրդներ և տեղական համայնքներ» (IPLCs) հարցը։ Միջազգային հանրությունը տասնամյակներ շարունակ պայքարում է, որ տեղական համայնքները ճանաչվեն որպես «իրավատերեր» (rights-holders)՝ լիարժեք որոշումներ կայացնելու իրավասությամբ, այլ ոչ թե պարզապես «շահագրգիռ կողմեր», որոնց կարելի է լսել և անտեսել։
Ի՞նչ է առաջարկում հայաստանյան նախագիծը։
Ճիշտ հակառակը. համայնքի ավագանու բացասական դիրքորոշումը դարձնում է պարտադիր ուժ չունեցող «խորհրդատվական կարծիք», իսկ FPIC սկզբունքը (ազատ, նախնական և տեղեկացված համաձայնություն) վերածում է դատարկ ձևականության։
Մինչ Հայաստանը COP17-ում կխոսի IPLCs-ի իրավունքների մասին, ներքին օրենսդրությամբ այդ նույն իրավունքները «ջնջում է» օրենքից։ Սա ոչ միայն կրկնակի ստանդարտ է, այլև միջազգային պարտավորությունների՝ Օրհուսի և մյուս առանցքային կոնվենցիաների ուղղակի խախտում։
Ինչպես ծնվեց այս նախագիծը. քաղաքական պատվեր՝ «օրենքի փաթեթավորմամբ»
Ժամանակագրությունը խոսուն է.
• 2026թ. հոկտեմբերի 14 – e-draft.am-ում հրապարակվում է նախագիծը,
• 2026թ. հոկտեմբերի 16-17 – «Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026»-ի ժամանակ պատգամավոր Բաբկեն Թունյանը հնչեցնում է դրա քաղաքական հիմնավորումը (https://cvmedia.am/page2-12976--88-): Շնորհակալություն Oleg Dulgaryan-ին այդ մասին բարձրաձայնելու համար:
Պարոն Թունյանի տրամաբանությունը ցինիկ է իր պարզությամբ.
..«Բազմամիլիոնանոց ներդրումը վտանգելը անթույլատրելի շռայլություն է» «Բնակիչները կարող են ապատեղեկացված լինել»..
Թարգմանաբար՝ ձեր կարծիքը կարևոր չէ, եթե խանգարում է ներդրումային պլաններին։ Համայնքի «ոչ»-ը պետք է դառնա մերժելի «խորհրդատվական կարծիք», որը լիազոր մարմինը կարող է անտեսել մեկ գրավոր պատասխանով։
Ի՞նչ է փոխում նախագիծը
Համայնքի ձայնը
ՆԱԽԿԻՆՈՒՄ Ավագանին կարող էր կասեցնել նախագիծը:
ԱՌԱՋԱՐԿՎՈՒՄ Է Դառնում է անատամ «խորհրդատվական կարծիք»:
Առարկությունների քննություն
ՆԱԽԿԻՆՈՒՄ Անկախ փորձաքննություն:
ԱՌԱՋԱՐԿՎՈՒՄ Է Շահագրգիռ մարմինն ինքն է «գնահատում»:
ՇՄԱԳ պահանջ
ՆԱԽԿԻՆՈՒՄ Որոշ ուսումնասիրություններ ենթակա էին ՇՄԱԳ-ի:
ԱՌԱՋԱՐԿՎՈՒՄ Է Ազատվում են ՇՄԱԳ-ից «դաշտային չեն» պատրվակով:
________________________________________
Սահմանադրական և իրավական հենք. ինչու է սա անօրինական.
ՀՀ Սահմանադրության 12-րդ հոդված. պետությունը պարտավոր է ոչ միայն պահպանել, այլև խթանել շրջակա միջավայրի պահպանությունը։ Հանքարդյունաբերական շահը բնապահպանական անվտանգությունից վեր դասելը ՀՀ Սահմանադրության տառի և ոգու խախտում է։
«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենք ՏԻՄ-երը ստեղծված են բնակիչների շահերն ապահովելու համար։ Համայնքի «ոչ»-ը մերժելի «կարծիքի» վերածելը ՏԻՄ-երին զրկում է իրենց սահմանադրական գործառույթից՝ դարձնելով կենտրոնական իշխանության կամքի կատարածուներ։
Միջազգային պարտավորություններ.
• Օրհուսի կոնվենցիա – երաշխավորում է հանրության մասնակցությունը բնապահպանական որոշումներին:
• FPIC սկզբունք – ազատ, նախնական և տեղեկացված համաձայնության միջազգային չափանիշ:
Նախագիծը համակարգված կերպով խախտում է վերոնշյալ և ՀՀ կողմից ստանձնված մյուս միջազգային պարտավորությունները։
Ամուլսար, Թեղուտ և այլն . երեկվա աղետները՝ վաղվա «օրենքով».
Այս նախագիծը, ինչպես որ մյուս զուգահեռ իրականացվող իրավական և ինստիտուցիոնալ բացասական գործընթացները զրոյից չեն ծնվել։ Այս ամենը արդեն իսկ տեղի ունեցած աղետների «օրինական» փաթեթավորումն է:
Ամուլսար - տարիների քաղաքացիական դիմադրությունը ապացուցեց մեկ բան. եթե իշխանությունը որոշել է հանք բացել, համայնքի և քաղհասարակության ձայնը հաշվի չի առնվելու։ Այս նախագիծը այն փայլուն օրինակներից մեկն է, որը պարզապես «օրինականացնում» է այդ անտեսումը։
Թեղուտ - հարյուրավոր հեկտար անտառների ոչնչացումը մինչ օրս, ջրային ռեսուրսների աղտոտում, համայնքների քայքայում. այս ամենը տեղի ունեցավ պետական լիազոր մարմինների «դրական եզրակացությունների» ներքո։
Ողջի գետ -հանքարդյունաբերական «կառավարելի ռիսկերի» հետևանքով առաջացած աղտոտման իրական աղետը (ծանր մետաղների կուտակում, գետի էկոհամակարգի փլուզում) :
Հերթական ապացույցներ, որ հանքարդյունաբերողների խոստումները՝ ռիսկերը «կանխելի են», չեն դիմանում իրականության փորձությանը։
Իսկ Հայաստանը խիտ բնակեցված, շատ փոքր երկիր է..
Triple Bottom Line. երեք հիմնասյուների համակարգված քանդում.
Բնական ռեսուրսների կայուն կառավարման միջազգայնորեն ճանաչված մոդելը՝ Triple Bottom Line (TBL), հենվում է երեք անբաժանելի հիմնասյուների վրա։ Նախագիծը թիրախավորում է բոլոր երեքը:
TBL Հիմնասյուն - Ի՞նչ է պահանջում - Ի՞նչ է անում նախագիծը.
PLANET (մոլորակ)
Պահանջը՝ էկոհամակարգերի պահպանություն, ՇՄԱԳ
Նախագիծը՝ ազատում է ՇՄԱԳ-ից «դաշտային չեն» պատրվակով
PEOPLE (մարդիկ)
Պահանջը՝ FPIC սկզբունք, մասնակցային որոշումներ
Նախագիծը՝ համայնքի «ոչ»-ը դարձնում է մերժելի կարծիք
PROFIT (շահույթ)
Պահանջը՝ կայուն զարգացում, երկարաժամկետ հեռանկար
Նախագիծը՝ կարճաժամկետ շահը գերակայում է անդառնալի վնասին
Շրջակա միջավայրի նախարարությունը՝ որպես հավասարակշռության երաշխավոր.
TBL-ի երեք հիմնասյուների միջև հավասարակշռության ապահովումը շրջակա միջավայրի նախարարության առանցքային ինստիտուցիոնալ դերն է։ Սա գիտականորեն հիմնավորված և միջազգայնորեն ընդունված մոտեցում է, որը հենվում է երեք գործառույթի վրա.
Արբիտրաժային դեր. նախարարությունը պետք է հանդես գա որպես «բնության և ապագա սերունդների ձայն»՝ հակակշռելով տնտեսական գերատեսչությունների կարճաժամկետ շահերին։ Սա պահանջում է քաղաքական կշիռ և ինստիտուցիոնալ անկախություն, ոչ թե ենթակայություն ներդրումային օրակարգին։
ՇՄԱԳ-ի անկախ համակարգ. ցանկացած խոշոր տնտեսական ծրագիր պետք է անցնի լիարժեք, անկախ էկոլոգիական փորձաքննություն, այլ ոչ թե ազատվի դրանից տեխնիկական պատրվակներով։
Սոցիալական երաշխիք. հանրային լսումների կազմակերպումը և տեղական համայնքների իրական, ոչ թե ձևական ներգրավումը որոշումների կայացման գործընթացում։
Մարտահրավերը. այս նախագիծը համակարգված կերպով քանդում է բոլոր երեք գործառույթները՝ շրջակա միջավայրի նախարարությունը դե յուրե «բնության պաշտպանից» վերջնականապես վերածելով «ներդրումային նախագծերի» սպասարկող գործակալության։ Առանց քաղաքական կշռի և անկախության՝ նախարարությունը չի կարող դիմակայել տնտեսական (հաճախ օֆշորային կապիտալով ապահովված) ճնշմանը, ինչի արդյունքում ծնվում են էկոլոգիական և սոցիալական ճգնաժամեր, որոնց վերացման ֆինանսական բեռը, երկարաժամկետ հեռանկարում, ընկնում է պետական բյուջեի և հարկատուի վրա։
