
Ամուլսարի հանքի շահագործման պաշտոնական մեկնարկի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել էր այն հանգամանքը, որ բացման արարողությունն անցնում է առանց բողոքի ակցիաների։ Մեկ շաբաթ անց իշխանական պատգամավոր Բաբկեն Թունյանն առաջարկում է վերանայել համայնքների անհամաձայնության իրավական ազդեցությունը հանքարդյունաբերական ծրագրերի իրականացման գործընթացում։ Այս երկու հայտարարությունները միասին դիտարկելիս տպավորություն է ստեղծվում, թե Հայաստանում հանրային մասնակցությունն աստիճանաբար ընկալվում է ոչ թե որպես ժողովրդավարական որոշումների կայացման անհրաժեշտ բաղադրիչ, այլ որպես տնտեսական ծրագրերի իրականացման խոչընդոտ։
Հոկտեմբերի 10-ին Ամուլսարի հանքի շահագործման պաշտոնական մեկնարկը Փաշինյանը ներկայացրեց որպես «հաջողության պատմություն»։ Իր խոսքում նա առանձնահատուկ ուշադրություն դարձրեց նաև այն հանգամանքին, որ բացման արարողության ժամանակ մոտակայքում բողոքի ակցիաներ չկային։ Այս դիտարկումը կարևոր էր ոչ միայն Ամուլսարի շուրջ տարիներ շարունակ ընթացած բնապահպանական պայքարի համատեքստում, այլև հանրային դիմադրության նկատմամբ իշխանության քաղաքական վերաբերմունքը հասկանալու տեսանկյունից։
Մեկ շաբաթ անց՝ ՀՀ հանքարդյունաբերական երրորդ ֆորումի ընթացքում, Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը խոսեց ներդրումային միջավայրի բարելավման անհրաժեշտության մասին՝ առաջարկելով վերանայել այն կարգավորումները, որոնց հետևանքով համայնքների անհամաձայնությունը կարող է սահմանափակել հանքարդյունաբերական ծրագրերի իրականացումը։ Թունյանը մասնավորապես առաջարկեց քննարկել համայնքների դիրքորոշմանը խորհրդատվական, այլ ոչ թե պարտադիր արգելող նշանակություն տալու հնարավորությունը։
Երկու հայտարարություններն ուղղակիորեն նույն հարցին չեն վերաբերում։ Առաջինը քաղաքական գնահատական է կոնկրետ հանքավայրի շահագործման մեկնարկի վերաբերյալ, երկրորդը՝ օրենսդրական կարգավորումների հնարավոր փոփոխության առաջարկ։ Սակայն դրանց համադրությունը թույլ է տալիս տեսնել ընդհանուր մտահոգիչ միտում. հանրային անհամաձայնությունը կարող է աստիճանաբար դիտարկվել որպես տնտեսական ծրագրերի իրականացման գործընթացում հաղթահարվելիք խնդիր, այլ ոչ թե որոշումների կայացման վրա ազդելու օրինական և անհրաժեշտ մեխանիզմ։
Երբ համայնքի անհամաձայնությունը ներկայացվում է որպես տնտեսական կորուստ
Բաբկեն Թունյանի հայտարարությունը հանրային մասնակցության շուրջ քննարկումը տեղափոխում է ավելի ինստիտուցիոնալ հարթություն։ Իշխանական պատգամավորը չի սահմանափակվում հանքարդյունաբերական ծրագրերի նկատմամբ հանրային դիմադրությունը քննադատելով։ Նա առաջարկում է վերանայել կարգավորումներ, որոնց միջոցով համայնքների դիրքորոշումը կարող է ունենալ պարտադիր իրավական հետևանք։
Նրա գնահատմամբ՝ համայնքների բնակիչները որոշ դեպքերում կարող են ապատեղեկացված լինել, իսկ այդպիսի հանգամանքների պատճառով բազմամիլիոնանոց ներդրումային ծրագիրը վտանգելը երկրի համար անթույլատրելի շռայլություն է։ Այս փաստարկը նաև բացահայտում է, թե ինչպես կարող է փոխվել հանրային մասնակցության ընկալումը պետական քաղաքականության մեջ։
Եթե համայնքի անհամաձայնությունը դիտարկվում է առաջին հերթին որպես ներդրումային ռիսկ, ապա առաջանում է այդ ռիսկը նվազեցնելու քաղաքական շահագրգռվածություն։ Իսկ եթե այդ անհամաձայնությունը բացատրվում է բնակիչների հնարավոր ապատեղեկացվածությամբ, ապա դրա իրավական ազդեցությունը նվազեցնելու առաջարկը կարող է ներկայացվել որպես ռացիոնալ կառավարման անհրաժեշտություն։
Ժողովրդավարական մասնակցության տրամաբանությունը, սակայն, հակառակն է։ Հանրային մասնակցությունը նախատեսված չէ միայն այն դեպքերի համար, երբ քաղաքացիների դիրքորոշումը համընկնում է պետության կամ ներդրողի նախընտրած որոշման հետ։ Դրա նշանակությունն առավել տեսանելի է հենց այն ժամանակ, երբ առաջանում է շահերի բախում։ Եթե հանրային մասնակցությունը գործնական ազդեցություն ունի միայն համաձայնության դեպքում, իսկ անհամաձայնության դեպքում դիտարկվում է որպես խոչընդոտ, ապա այն կորցնում է իր հիմնական ժողովրդավարական նշանակությունը։
Ո՞ւմ համար է նախատեսված «հավասարակշռությունը»
Հանքարդյունաբերական ֆորումի ընթացքում Թունյանն անդրադարձել է նաև Ամուլսարի շահագործման մեկնարկի և COP17-ի միջոցառումների համընկնմանը՝ խոսելով հակասական զգացողությունների և հավասարակշռված մոտեցում գտնելու անհրաժեշտության մասին։ Տնտեսական զարգացման և բնապահպանական պաշտպանության միջև հավասարակշռություն գտնելու անհրաժեշտությունը հաճախ է ներկայացվում որպես ողջամիտ քաղաքական դիրքորոշում։ Սակայն հավասարակշռությունն ինքնին դեռ քաղաքականության որակի չափանիշ չէ։ Կարևոր է հասկանալ, թե ինչ շահերի միջև է այն հաստատվում, ով է սահմանում այդ շահերի կշիռը և ում մասնակցությամբ են կայացվում վերջնական որոշումները։
Հանքարդյունաբերական ծրագրի դեպքում ներդրողի տնտեսական շահը սովորաբար արտահայտվում է ֆինանսական հաշվարկներով, ներդրումների ծավալով, ակնկալվող շահույթով և հարկային մուտքերով։ Մինչդեռ համայնքի շահերը կարող են ներառել այնպիսի արժեքներ, որոնք դժվար է ներկայացնել նույն չափման միավորներով՝ ջրային ռեսուրսների անվտանգություն, առողջ կենսամիջավայր, գյուղատնտեսական գործունեության շարունակականություն, տարածքի հետ ունեցած սոցիալական և մշակութային կապեր։ Սրանք երկրորդական շահեր չեն միայն այն պատճառով, որ դրանց տնտեսական արժեքը հաշվարկելը բարդ է։
Հավասարակշռված քաղաքականությունը պետք է ապահովի, որ տարբեր շահերը ոչ միայն ներկայացված լինեն քննարկմանը, այլև ունենան որոշման վրա ազդելու իրական հնարավորություն։ Հակառակ դեպքում հավասարակշռության մասին խոսքը կարող է քողարկել արդեն իսկ անհավասար պայմաններում ընթացող որոշումների կայացումը։
Եթե ներդրողը մասնակցում է ծրագրի նախագծմանն ու տնտեսական պայմանների ձևավորմանը, իսկ համայնքին առաջարկվում է միայն կարծիք հայտնել արդեն մշակված ծրագրի վերաբերյալ, ապա այդ կողմերը որոշումների կայացման գործընթացում հավասար դիրքեր չունեն։ Այդ անհավասարությունը չի վերանում միայն հանրային լսումներ կազմակերպելով։
COP17․ բնության պաշտպանության միջազգային օրակարգը և տեղական մասնակցության հարցը
Այս քննարկումները ծավալվում են մի ժամանակաշրջանում, երբ Հայաստանը հյուրընկալում է ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը՝ COP17-ը։ Համաժողովի օրակարգում կենսաբազմազանության պահպանությունը, էկոհամակարգերի վերականգնումը և բնապահպանական միջազգային պարտավորությունների իրականացումն են։
Բնության պահպանության քաղաքականությունն առաջին հերթին ստուգվում է ներպետական որոշումների մակարդակում՝ հատկապես այն դեպքերում, երբ տնտեսական ծրագրերը կարող են էական ազդեցություն ունենալ շրջակա միջավայրի և համայնքների կենսապայմանների վրա։
Հայաստանի համար այս համատեքստում առանձնահատուկ կարևորություն ունի հանրային մասնակցության նկատմամբ պետական մոտեցումը։ Մի կողմից՝ միջազգային մակարդակում կարևորվում են բնապահպանական պատասխանատվությունը, տեղական համայնքների ներգրավվածությունը և կայուն զարգացման սկզբունքները։ Մյուս կողմից՝ ներպետական քաղաքական քննարկումներում հնչում է առաջարկ, որը կարող է թուլացնել համայնքների անհամաձայնության իրավական ազդեցությունը։
Քաղաքական մակարդակում հակասությունն ակնհայտ է. ինչպե՞ս է պետությունը պատկերացնում համայնքների մասնակցությունը բնապահպանական որոշումներին, եթե միաժամանակ քննարկում է այդ մասնակցության արդյունքի իրավական կշիռը նվազեցնելու հնարավորությունը։
Հոկտեմբերի 16-ին Երևանում ընդունված «Գործելով հանուն բնության» հռչակագրում նույնպես կարևորվել է տեղական համայնքների և հասարակության տարբեր խմբերի լիարժեք ներգրավվածությունը։ Եթե միջազգային հարթակում տեղական համայնքների մասնակցությունը ճանաչվում է որպես բնության պահպանության կարևոր բաղադրիչ, ապա ներպետական մակարդակում ի՞նչ մեխանիզմներով է երաշխավորվելու այդ մասնակցության արդյունավետությունը։ Եվ արդյո՞ք այն պահպանելու է իր նշանակությունը նաև այն դեպքերում, երբ համայնքների դիրքորոշումը հակասում է խոշոր ներդրումային ծրագրերին։
Ի՞նչ է մնում հանրային մասնակցությունից, եթե անհամաձայնությունը հետևանք չունի
Բ. Թունյանի առաջարկը դեռ չի վերածվել հաստատված օրենսդրական փոփոխության։ Դրա կոնկրետ բովանդակությունն ու հնարավոր իրավական հետևանքները պետք է գնահատվեն այն դեպքում, երբ ներկայացվի համապատասխան նախագիծ։ Սակայն քաղաքական հայտարարություններն ինքնին կարևոր են, հատկապես երբ վերաբերում են այն սկզբունքներին, որոնց հիման վրա պետությունը պատրաստվում է վերանայել հանրային մասնակցության մեխանիզմները։
Ամուլսարի շահագործման մեկնարկը, դրա շուրջ վարչապետի հայտարարությունը և համայնքների անհամաձայնության իրավական ազդեցությունը նվազեցնելու վերաբերյալ պատգամավորի առաջարկը միասին կարևոր հարց են առաջացնում։ Ի՞նչ տեղ է հատկացվում հանրային դիմադրությանը Հայաստանի տնտեսական և բնապահպանական քաղաքականության մեջ։ Այն դիտարկվո՞ւմ է որպես պետական որոշումները ստուգելու, դրանց հիմնավորվածությունը բարձրացնելու և հնարավոր սխալները կանխելու մեխանիզմ, թե՞ որպես գործընթաց, որը պետք է հնարավորինս քիչ ազդեցություն ունենա ներդրումային ծրագրերի իրականացման վրա։
Պետությունը կարող է ունենալ հանքարդյունաբերության զարգացման քաղաքականություն։ Կարող է համարել, որ որոշ ծրագրեր տնտեսական կարևոր նշանակություն ունեն երկրի համար։ Կարող է նաև վիճարկել բնապահպանական շարժումների ներկայացրած փաստարկները՝ հիմնվելով գիտական և իրավական գնահատականների վրա։ Սակայն այդ ամենը չի վերացնում հանրության մասնակցության իրավունքը։ Առավել ևս չի նշանակում, որ համայնքի անհամաձայնությունը պետք է կորցնի իր իրավական նշանակությունը միայն այն պատճառով, որ հակասում է տնտեսական առաջնահերթություններին։
Բնապահպանական շարժումների արժեքը չի սահմանափակվում կոնկրետ հանքերի շահագործումը կանխելու հնարավորությամբ։ Դրանց նշանակությունը նաև այն է, որ քաղաքացիները կարողանում են հարցեր ուղղել իշխանությանը, պահանջել ապացույցներ, վիճարկել որոշումները և ստիպել պետական համակարգին հիմնավորել իր գործողությունները, և այդ գործառույթը չի վերանում նույնիսկ այն ժամանակ, երբ հանքը բացվում է։ Սակայն այն կարող է աստիճանաբար թուլանալ, եթե հանրային մասնակցությունը սկսի դիտարկվել որպես վարչարարական բեռ, իսկ անհամաձայնությունը՝ որպես ներդրումային կորուստ։
Հայաստանում COP17-ի անցկացումը հնարավորություն է ոչ միայն միջազգային հանրությանը ներկայացնելու բնապահպանական հանձնառությունները, այլև վերանայելու, թե ինչպես են այդ հանձնառություններն արտահայտվում երկրի ներսում։
