
Հոլիվուդի աստղ Լեոնարդո Դի Կապրիոն ընդգծել է Հայաստանի դերը վտանգված վայրի բնության պահպանմանն ուղղված նոր միջազգային արշավում՝ բարձր գնահատելով մի նախաձեռնություն, որը մեկնարկել է 17 երկրների կողմից ՄԱԿ-ի Կենսաբազմազանության համաժողովի (COP17) շրջանակներում՝ Երևանում,- գրում է thearmenianreport.com-ը։
Instagram-ի իր գրառման մեջ օսկարակիր դերասան և բնապահպան- ակտիվիստը առանձնացրել է «Վտանգված տեսակների վերականգնման գործողությունների կոալիցիան» (CARES), որը գլխավորում են Հայաստանն ու Կոլումբիան։ Այս կոալիցիան միավորում է կառավարություններին՝ ոչ միայն կանխելու վտանգված տեսակների անհետացումը, այլև օգնելու դրանց վերականգնմանը։
«Անհետացումը կանխելը բավարար չէ։ Մենք պետք է վտանգված տեսակներին հետ բերենք անհետացման եզրից և ապահովենք դրանց վերականգնումը», - գրել է Դի Կապրիոն։
Այս հայտարարությանը զուգահեռ՝ «Տեսակների վերականգնման դաշինքը» (Species Recovery Alliance) հայտարարել է զգալի ֆինանսական աջակցության մասին։ Սա առանձին նախաձեռնություն է, որը հիմնադրվել է 9 բարեգործական հիմնադրամների և կազմակերպությունների կողմից, այդ թվում՝ «Re» բնապահպանական խմբի, որը կապված է Դի Կապրիոյի հետ։
Դաշինքը նախատեսում է 5 տարում ավելի քան 500 միլիոն դոլար ուղղել աշխարհի ամենավտանգված վայրի կենդանական և բուսական աշխարհի պաշտպանությանն ու վերականգնմանը, ներառյալ այն տեսակները, որոնք դասակարգվում են որպես «վայրի բնության մեջ անհետացած», «ծայրահեղ վտանգված» կամ «վտանգված»։
Այս 2 նախաձեռնությունները կգործեն անկախ, բայց կունենան ընդհանուր նպատակ՝ օգնել վտանգված տեսակներին վերականգնել իրենց պոպուլյացիաները՝ երկարաժամկետ պահպանության ծրագրերի, միջազգային համագործակցության և ֆինանսական աջակցության միջոցով։
Դի Կապրիոն շնորհավորել է այս ջանքերի հետևում կանգնած կառավարություններին ու կազմակերպություններին՝ ողջունելով Երևանում հայտարարված պարտավորությունները։
Քանի որ Հայաստանն ու Կոլումբիան գլխավորում են նոր կոալիցիան, այդ հայտարարությունների ֆոնին միջազգային հանրության ուշադրությունը Երևանին է ուղղվել՝ անհետացման եզրին գտնվող տեսակների թվաքանակի նվազումը կասեցնելուն ուղղված ջանքերում։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 19-30-ը Հայաստանը հյուրընկալում է COP17-ը՝ Միավորված ազգերի կազմակերպության բնապահպանական խոշոր համաժողովներից մեկը, որի շրջանակներում կառավարությունների ներկայացուցիչները, գիտնականներն ու բնապահպանական կազմակերպությունները քննարկում են վայրի բնությունը պաշտպանելու և վնասված էկոհամակարգերը վերականգնելու ուղիները։
