
Ինչպես նախապես հայտարարվել էր Կոնսերվատորիայի այգում ընթանում է Ամուլսարի հարցով հանրային քննարկումը։ Քննարկմանը մասնակցում են մտահոգ քաղաքացիներ, բնապահպաններ, իրավապաշտպաններ, լրագրողներ, տեղական ու միջազգային քաղհասարակության ներկայացուցիչներ, ինչպես նաև Ջերմուկի ու հարակից համայնքների բնակիչներ։
Ներկաները խորը մտահոգություն են հայտնել, որ լինելով COP17 համաժողովը հյուրընկալող երկիր, Հայաստանի իշխանությունները հանրությունից թաքուն պաշտոնապես շահագործել են Ամուլսարի հանքավայրը, որի բացման դեմ սկսած 2006-ից պայքարում է քաղհասարակությունն ու բնապահպանների համայնքը։
Բնապահպան Լևոն Գալստյանի դիտարկմամբ՝ Ջերմուկի կողքը, մոտ 70 տարվա առողջարանի կողքը նոր ոսկու հանք բացելը չի կարող համեմատվել մի հանքի հետ որը բացվել է 1950 թվականին։
Բժիշկ Հայկազ Հարությունյանը նշեց, որ մինչ օրեր առաջ Փաշինյանը հայտարարեց, որ մարտահրավեր է հանքարդյունաբերությունը բնապահպանական ստանդարտին համապատասխանեցնելը, այսօր կան ռիսկեր, որ թունավոր նյութերով՝ ցիանիդով բեռնված բեռնատարներն անցնելու են բնակավայրերով ու ցանկացած պահի դա ռիսկային է՝ գետը լցվելու, շրջակայքը թունավորելու առումով։ Ինչ կլինի այդ ցիանիդի, թթվային դրենաժների հարցը։ «Ինչպե՞ս է փոխվելու Վայոց Ձորը, Ջերմուկ քաղաքը․ լինելու մարմնավաճառության ու այլ արատավոր երևույթների աճ։ Ես խոսում եմ անպատասխանատու հանքարդյունաբերության մասին։ Ամուլսարը կրկին դարձրե՛ք սար, որի շրջակայքում կա առողջարան՝ մաքուր օդով։ Ոսկի՞, հայրենի՞ք, թե՞․․․ մեր ընտրությունը հայրենիքն է»։
Ամուլսարի հարցը շարունակում է մնալ Հայաստանի բնապահպանական և հանրային նշանակության կարևորագույն խնդիրներից մեկը և հանքի շահագործման հեռանկարը բազմաթիվ հարցեր է առաջացրել՝ կապված ջրային ռեսուրսների, կենսաբազմազանության, շրջակա միջավայրի և ազդակիր համայնքների ապագայի հետ․ Սևանն է վտանգված, Կեչուտի ջրամբարը։
«Ես դեմ եմ ամուլսարի շահագործմանը, Ամուլսարը պետք է մնա սար»,- ասաց ներկաներից մեկը։ Փաստաբան Նազելի Վարդանյանն էլ իր ելույթում կիսվեց մտահոգությամբ, որ Ամուլսարի շահագործումն առաջինը վնասելու է մեր երկրի ջրային պաշարներին, հատկապես Սևանին․ «Ես համոզված եմ, որ Ամուլսարը սար է մնալու, չի կարող այնտեղ հանք լինել,- ասաց Նազելի Վարդանյանը՝ կոչ անելով քաղհասարակությանը լինել ակտիվ և շարունակել պայքարը՝ հանուն Ամուլսարի պաշտպանության»։
Հանրային քննարկմանը ներկա էին մեծաթիվ կանայք ու երրիտասարդներ։
Նրանցից մեկը կոչ արեց երիտասարդներին համախմբվելու, որովհետև իրենց ձայնը որոշիչ է։ «Չպիտի թույլ տանք, որ սեփական երկրում մեր ձայնն անտեսված լինի, այլ պիտի մտածենք մեր վաղվա օրվա ու հայրենիքի մասին, հուսահատությունը տեղ չունի մեր պայքարում, վստահ քայլերով շարժվելու ենք առաջ»։
