Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
28/10/2022
share

Ուրասարում դեմ էին, Պուշկինոյում մարդիկ չէին եկել հանրային լսման

Լոռու մարզի Ստեփանավան խոշորացված համայնքի Ուրասար և Գյուլագարակ խոշորացված համայնքի Պուշկինո բնակավայրերում 2022 թ․ հոկտեմբերի 28-ին «ՀԱՅԱՍԱ ՌԵՍՈՈՒՐՍԻՍ ՔՈՐՓ» ՍՊԸ-ը հանրային լսումներ էր նախաձեռնել։

Ուրասարում հանրային լսման եկած բնակիչները դեմ արտահայտվեցին նախագծին, հայտարարելով, որ ցանկանում են շարունակել զբաղվել անասնապահությամբ, ապրել մաքուր միջավայրում, օգտվել լեռների բնական աղբյուրներից։ Նրանք արդեն տեսել են Արմանիսի հանքավայրի ազդեցության հետևանքները․ «Մի քանի տարի առաջ Չքնաղ գետից կարող էիր ձեռքերով կարմրախայտ որսալ, այնքան շատ էին, իսկ հիմա ձուկը համարյա թե վերացել է։ Եթե աղտոտման շեմը լինի 12 տոկոս, բայց ձեր գործունեության արդյունքում աղտոտվի  5 տոկոս, միևնույնն է աղտոտվելու է, մենք դա չենք ուզում»,- հայտարարեց բնակիչներից մեկը։

Որքան էլ, որ ընկերության ներկայացուցիչները փորձեցին համոզել, որ իրենց նախագիծը վերաբերվում է միայն հետախուզական աշխատանքներին, ուրասարցիները մնացին իրենց կարծիքին։ Նրանք դեմ են ցանկացած գործընթացի, որը կարող է վտանգել իրենց բնությանը, ջրերին։ Ուրասարի վարչական ղեկավարը հանրային լսման վերջում հայտարարեց, որ ինքը եզրակացության մեջ կներկայացնի միմիայն իր գյուղի բնակիչների կարծիքը, բայց հավելեց, որ ինքը մաքուր շրջակա միջավայրի կողմնակից է, ու չի ցանկանա, որ իր բնակավայրի որևէ ռեսուրս ռիսկի տակ հայտնվի։ 

Իսկ Պուշկինոյում բնակիչները ընդհանրապես չէին եկել հանրային լսման։ Հանրային լսումը մեկնարկեց միայն վարչական նստավայրի աշխատակիցների և բուժքրոջ ներկայությամբ։ Համայնքապետը և նախաձեռնողները հայտարարեցին, որ մեկ մարդն էլ բավական, է, որ հանրային լսումները համարվեն կայացած։ Մինչ նախաձեռնողները իրենց ծրագիրն էին ներկայացնում համայնքապետարանի երկու աշխատակիցներին և բուժքրոջը, համայնքապետի զանգերից հետո և երկու-երեք բնակիչ եկան հանրային լսման։ Թե ի՞նչ գրություն կուղարկի ՀՀ ՇՄ նախարարություն, Գյուլագարակ համայնքի ղեկավարը այդպես էլ չասաց, խոստանալով, որ «Քաղաքացու ձայնը» մեդիա հարթակին ևս կուղարկի օրինակը։ 

cvmedia.am

facebook sharing button facebook