Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
16/10/2026
share

Բնության պահպանումը պետք է դառնա կայուն զարգացման քաղաքականության առանցքը․Վահագն Խաչատուրյան

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հայտարարել է, որ բնության պահպանությունը պետք է ոչ թե բնապահպանական քաղաքականության առանձին ուղղություն, այլ կայուն զարգացման անբաժանելի մաս լինի։ Այս մասին նա ասել է Երևանում՝ «Առաջնորդները՝ հանուն բնության» գագաթնաժողովի շրջանակում անցկացված «Ֆինանսավորելով ապագան. ֆինանսական հոսքերի ուղղորդումը դեպի բնության պահպանությանն ու վերականգնմանն ուղղված զարգացում» կլոր սեղանի ժամանակ։

Նախագահի խոսքով՝ Հայաստանի ջրային պաշարները, անտառները, լեռնային և այլ էկոհամակարգերը ոչ միայն ազգային հարստություն են, այլև կայուն զարգացման ու հանրային բարեկեցության հիմք։

Որպես օրինակ՝ Խաչատուրյանը նշել է Սևանա լճի պատմությունը։ Նրա խոսքով՝ տասնամյակներ շարունակ մարդու միջամտությունն ու ջրային պաշարների ինտենսիվ օգտագործումը հանգեցրել են ջրի մակարդակի զգալի նվազման և էկոհամակարգի խաթարման։ Հետագա վերականգնման համար պահանջվել են տարիների աշխատանք, զգալի ֆինանսական միջոցներ և պետական քաղաքականության վերանայում։

«Բնական պաշարների օգտագործման վերաբերյալ որոշումները չեն կարող գնահատվել միայն դրանց անմիջական տնտեսական արդյունքներով։ Պետք է հաշվի առնել նաև երկարաժամկետ հետևանքները՝ երկրի տնտեսության, մարդկանց կենսապայմանների և բնության համար», - ընդգծել է նախագահը։

 

Խաչատուրյանի խոսքով՝ տնտեսական աճը, նոր ներդրումները և աշխատատեղերի ստեղծումը պետք է համատեղելի լինեն բնական պաշարների պատասխանատու օգտագործման և էկոհամակարգերի պահպանության հետ։ Այդ նպատակով բնության արժեքն ու դրա կորստի ռիսկերը պետք է հաշվի առնվեն պետական բյուջետային քաղաքականության, ֆինանսական կարգավորումների և ներդրումային որոշումների ժամանակ։

Նախագահն ընդգծել է պետության առանձնահատուկ պատասխանատվությունը։ Պետությունը պետք է ձևավորի կանխատեսելի քաղաքական միջավայր, վերանայի բնությանը վնասող տնտեսական խթանները և խրախուսի երկարաժամկետ արժեք ստեղծող ներդրումները։ Միաժամանակ, միայն պետական ֆինանսավորումը բավարար չէ. անհրաժեշտ են նաև բիզնեսի մասնակցությունը, մասնավոր ներդրումները, միջազգային ֆինանսական կառույցների աջակցությունն ու նորարարական ֆինանսական գործիքները։

Նա նշել է նաև, որ բնապահպանական քաղաքականությունը պետք է հաշվի առնի տնտեսական փոփոխությունների սոցիալական հետևանքները և նոր հնարավորություններ ստեղծի մարդկանց ու համայնքների համար՝ անցման ծախսերը անհամաչափ չծանրացնելով առավել խոցելի խմբերի վրա։

Խաչատուրյանը հիշեցրել է, որ 2022 թվականին ընդունված Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակը նպատակ է սահմանում մինչև 2030 թվականը կասեցնել կենսաբազմազանության կորուստը, իսկ մինչև 2050 թվականը հասնել բնության հետ ներդաշնակ համակեցության։ Նրա խոսքով՝ ձեռնարկված քայլերը դեռևս բավարար չեն, իսկ ֆինանսավորումը շարունակում է մնալ շրջանակի իրականացման գլխավոր մարտահրավերներից մեկը։

Հայաստանը, որպես Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի համաժողովի 17-րդ նախագահող երկիր, COP17-ը դիտարկում է որպես արձանագրված առաջընթացը գնահատելու, խոչընդոտները բացահայտելու և մինչև 2030 թվականը նպատակներին հասնելու գործնական քայլերը համաձայնեցնելու հնարավորություն։

Նախագահը նշել է, որ Երևանի հռչակագիրը կարող է արտացոլել գործնական գործողությունների, փոխադարձ պատասխանատվության և միջազգային համագործակցության կարևորությունը։ Նրա խոսքով՝ ֆինանսական հոսքերն ու տնտեսական քաղաքականությունը պետք է ծառայեցվեն այնպիսի զարգացմանը, որը միաժամանակ կապահովի մարդկանց բարեկեցությունը, կամրապնդի կայունությունը և կպահպանի բնությունն ու կենսաբազմազանությունը։

facebook sharing button facebook