Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
16/10/2026
share

Համայնքային մանկապարտեզների հնարավոր օգտագործումը կուսակցական քարոզչության նպատակներով մտահոգիչ է.Ականատես

Հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզարշավի դիտարկման ընթացքում «Ականատես» դիտորդական առաքելությունը տեղեկություններ է ստացել Արաքս համայնքի 2 մանկապարտեզների տարածքները «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզչական միջոցառումների կազմակերպմանն աջակցելու նպատակով օգտագործելու վերաբերյալ։

Արաքս բնակավայրում առաքելությունն արձանագրել է, որ հոկտեմբերի 3-ին ոչ աշխատանքային օրը մանկապարտեզի տնօրենը բացել է հաստատությունը, որտեղ ՔՊ-ի քարոզչական քայլերթի մասնակիցները ժամանակավորապես թողել են իրենց անձնական իրերը՝ միջոցառումից հետո դրանք վերցնելու նպատակով։

Գրիբոյեդով բնակավայրում, ըստ առաքելությանը փոխանցված տեղեկությունների,հոկտեմբերի 11-ին ոչ աշխատանքային օրը բացվել է համայնքային ենթակայության «Գրիբոյեդովի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ը։ Հաստատության խոհանոցն ու ճաշասենյակն օգտագործվել են ՔՊ-ի քարոզչական միջոցառման մասնակիցների համար նախատեսված հյուրասիրության նախապատրաստման նպատակով։

Հաղորդվել է նաև, որ քարոզչական հավաքին ներկա են եղել մանկապարտեզի ամբողջ անձնակազմը և դպրոցի ուսուցիչներ։

«Ականատես» դիտորդական առաքելությունը մտահոգիչ է համարում համայնքային ենթակայության հաստատությունների տարածքները և ռեսուրսները կուսակցական քարոզչության կազմակերպմանը ծառայեցնելու վերաբերյալ տեղեկությունները։

ՀՀ ընտրական օրենսգրքի 23-րդ հոդվածով սահմանված է նախընտրական քարոզչության ընթացքում վարչական ռեսուրսների օգտագործման արգելքը։

Հատկապես խնդրահարույց է, երբ հանրային հաստատությունները, որոնք պետք է ծառայեն համայնքի բնակիչների կարիքներին, կարող են օգտագործվել առանձին քաղաքական ուժի ընտրական առավելությունն ապահովելու նպատակով։

 «Ականատես» դիտորդական առաքելությունը հորդորում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին և իրավասու այլ մարմիններին ուսումնասիրել ներկայացված հանգամանքները, պարզել մանկապարտեզների տարածքները տրամադրելու հիմքերը, ինչպես նաև դրանց նյութական և մարդկային ռեսուրսների հնարավոր օգտագործման ծավալը։

Հանրային ռեսուրսները պետք է ծառայեն հանրային, ոչ թե կուսակցական շահերին։

facebook sharing button facebook