
«Մեր երկրի համար առանձնահատուկ մարտահրավեր է հանքարդյունաբերությունը բնապահպանական ժամանակակից ստանդարտներին համապատասխանեցնելը, և մենք դժվար քայլերով, բայց այնուամենայնիվ շարժվում ենք այդ ուղղությամբ»,— «Առաջնորդները հանուն բնության» գագաթնաժողովում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Կենսաբազմազանության COP17 համաժողովին ընդառաջ Հայաստանի բնապահպանական խնդիրներին ու ձեռքբերումներին։
Գործադիրի ղեկավարն ընդգծեց, որ 1990-ականների սկզբի ճգնաժամային տարիներին Հայաստանի բնությունը փրկել է բնակչությանը, ինչի հետևանքով շրջակա միջավայրին ծանր վնաս է հասցվել, և այսօր պետությունն ու հասարակությունը «պարտք ունեն վերադարձնելու բնությանը»։
Որպես բնապահպանական խախտումները կանխելու գործիք՝ Փաշինյանը նշեց Էկոպարեկային ծառայության ներդրումը, որն այժմ գործում է 4 մարզում և շուտով կտարածվի ամբողջ հանրապետությունում։ Անդրադառնալով կենսաբազմազանության վերականգնմանը՝ նա ներկայացրեց որոշակի տվյալներ․ Հայաստանում վերացած համարվող կովկասյան ընձառույցի պոպուլյացիան այժմ հասնում է 6-7 առանձնյակի (որից 2-ը ծնվել են 2024-ին), իսկ բնություն բաց թողնված 22 կովկասյան ազնվացեղ եղջերուներից վայրի պայմաններում արդեն ծնվել է 8 ձագ։
Վարչապետը հիշեցրեց նաև 2018 թվականին ապօրինի անտառահատումների արգելքը՝ որպես դրական օրինակ նշելով Տավուշի մարզի Հաղարծին գյուղի բնակիչներին, որոնք փայտահատությունից անցում են կատարել էկոտուրիզմի։ Ելույթի ավարտին նա շեշտեց, որ 2022թ․ Կունմին-Մոնրեալի գլոբալ շրջանակով սահմանված 2030 թվականի թիրախներին հասնելու համար անհրաժեշտ է ստանձնած պարտավորությունները վերածել իրական գործողությունների, ինչի համար COP17-ը լավագույն հարթակն է։
Հայտարարություններ՝ հանքի բացման ֆոնին
Չնայած այս ամենին ու բնապահպանական հայտարարություններին՝ COP17 համաժողովից ընդամենը օրեր առաջ՝ 2026 թվականի հոկտեմբերի 10-ին, պաշտոնապես տրվեց Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը։
Միջոցառման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ավարտին է հասցվում Ամուլսարի երկարամյա պատմությունը՝ այն անվանելով «միանշանակ հաջողություն»։ Իր ելույթի սկզբում նա առանձնահատուկ կարևորեց այն հանգամանքը, որ հանքի բացման հանդիսավոր արարողությունն անցկացվում է առանց բողոքի ակցիաների։
Սակայն այն, ինչ այսօր կառավարությունը ներկայացնում է որպես «տնտեսական զարգացման և ներդրումային հաջողության օրինակ», տարիներ շարունակ Հայաստանի ամենախոշոր բնապահպանական դիմադրություններից մեկի կենտրոնում էր։ Այդ դիմադրության ընթացքում բնապահպաններն ու էկոակտիվիստները անհավասար պայքար են մղել՝ պարբերաբար ենթարկվելով ռազմավարական SLAPP դատական հայցերի, ճնշումների ու թիրախավորման։
Արդյունքում, միջազգային բնապահպանական գագաթնաժողովին ընդառաջ, Հայաստանը մի կողմից խոսում է կենսաբազմազանության պահպանման գլոբալ թիրախներից, մյուս կողմից՝ ազդարարում ռիսկային հանքի շահագործումը։
