
Երեխաների պաշտպանության ցանցը մտահոգություն է հայտնում երեխաների նկատմամբ իրականացվող կինեզոլոգիական միջամտությունների և դրանց հանրային խրախուսման առնչությամբ
Երեխաների պաշտպանության ցանցը, որը միավորում է երեխաների պաշտպանության ոլորտում գործող շուրջ 60 կազմակերպություն, մտահոգությամբ հետևում է սոցիալական տարբեր ցանցերում և հարթակներում տարածվող տեսանյութերին, որոնցում ներկայացվում են երեխաների նկատմամբ իրականացվող մերսման և, ըստ հրապարակումների, կինեզիոլոգիական միջամտություններ։
Հրապարակված տեսանյութերում երևում է, որ միջամտությունների ընթացքում երեխաները բարձրաձայն լացում են, արտահայտում ակնհայտ անհանգստություն, զգում ցավ, մինչդեռ միջամտությունները շարունակվում են։ Նման բովանդակության լայն տարածումը կարող է ծնողների շրջանում ձևավորել թյուր պատկերացում ներկայացված գործելակերպի մասնագիտական հիմնավորվածության և անվտանգության վերաբերյալ։ Ավելին՝ երեխայի նման ռեակցիան կարող է թյուրիմացաբար ընկալվել որպես մերսման դեպքում համաչափ արձագանք, ինչը խիստ վտանգավոր է։
Այս հարցի առնչությամբ Երեխաների պաշտպանության ցանցը 2026 թվականի հուլիսի 9-ին պաշտոնական նամակով դիմել էր ՀՀ առողջապահության նախարարությանը՝ խնդրելով ուսումնասիրել հրապարակումներում ներկայացված գործունեությունը, պարզել դրա համապատասխանությունը ոլորտը կարգավորող օրենսդրությանն ու մասնագիտական չափորոշիչներին, ինչպես նաև ուշադրություն դարձնել երեխաների անվտանգության ապահովմանը և իրավունքների իրականացման իրավաչափությանը։
Հարցին նախարարության կողմից որոշակի անդրադարձ է եղել, սակայն մեզ մտահոգում է այն հանգամանքը, որ տվյալ անձի գործունեությունը ոչ միայն չի կասեցվել, այլև վերջինս արժանացել է «Տարվա հայուհի» անվանակարգի։
Մեզ համար անընդունելի է, երբ երեխաների ցավի և անհանգստության տեսանելի դրսևորումներով ուղեկցվող միջամտությունների վերաբերյալ բարձրացված մտահոգությունները չեն հանգեցնում խնդրի լիարժեք և թափանցիկ պարզաբանման, մինչդեռ տվյալ գործունեությունը կարող է հանրային ճանաչում և խրախուսում ստանալ։
Հատկապես մտահոգիչ է այն, որ նման ճանաչումը կարող է հանրության շրջանում ընկալվել որպես տվյալ գործունեության մասնագիտական հիմնավորվածության և անվտանգության անուղղակի հաստատում։
Երեխայի լավագույն շահը, առողջությունն ու անվտանգությունը պետք է լինեն ցանկացած միջամտության իրականացման առաջնահերթություն։ Երեխայի ցավը, վախը և անհանգստությունը չպետք է անտեսվեն։ Երեխաների հետ իրականացվող ցանկացած միջամտություն պետք է հիմնված լինի գիտականորեն հիմնավորված մոտեցումների վրա, համապատասխանի մասնագիտական էթիկայի պահանջներին, լինի իրավաչափ ու համաչափ և իրականացվի «մի՛ վնասիր» սկզբունքի պահպանմամբ։
Երեխաների պաշտպանության ցանցը վերահաստատում է իր մտահոգությունը և կոչ է անում ՀՀ առողջապահության նախարարությանը, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանին՝
ապահովելու տվյալ գործունեության պատշաճ, ամբողջական և թափանցիկ ուսումնասիրությունը,
հրապարակայնորեն պարզաբանելու՝ արդյոք իրականացված ուսումնասիրության շրջանակում գնահատվել են միջամտությունների անվտանգությունը, մասնագիտական հիմնավորվածությունն ու համապատասխանությունը գործող օրենսդրությանը,
տեղեկացնելու ձեռնարկված կամ նախատեսվող քայլերի մասին՝ երեխաների իրավունքների և անվտանգության պաշտպանության նպատակով։
Միաժամանակ, կոչ ենք անում հանրային ճանաչում շնորհող կազմակերպություններին և նախաձեռնություններին երեխաների հետ աշխատանքին առնչվող գործունեությունը գնահատելիս առաջնորդվել երեխայի լավագույն շահով, պատասխանատու մոտեցմամբ և հաշվի առնել երեխաների իրավունքների, առողջության ու անվտանգության պաշտպանության առաջնահերթությունը։
Երեխաների պաշտպանությունը չի կարող կրել դեկլարատիվ բնույթ, իսկ անվտանգությունը չի կարող մնալ միայն հայտարարությունների մակարդակում։ Այն պահանջում է հետևողական վերահսկողություն, մասնագիտական պատասխանատվություն և իրավասու մարմինների հստակ գործողություններ։
Երեխաների պաշտպանության ցանցը շարունակելու է հետևել խնդրին և կարևորել դրա պատշաճ լուծումը՝ հանուն յուրաքանչյուր երեխայի առողջության, արժանապատվության և անվտանգության։
