
Հայաստանի ամերիկյան համալսարանի ուսանողները մասնավորապես մարզաբնակ ու ծայրամասերում ապրողները լուրջ խնդրի առաջ են կանգնել։ Մինչ սպասվում էր, որ ԿԳՄՍ-ի հայտարարության համաձայն COP17 համաժողովի երկշաբաթյա ամբողջ ընթացքում դասերը կանցկացվեն հեռավար՝ օնլայն ձևաչափով, բուհը բոլորովին այլ որոշում է կայացրել։ Ստացված նոր ծանուցման համաձայն՝ հեռավար դասեր կլինեն ընդամենը չորս օր, մինչդեռ մնացած ամբողջ ժամանակահատվածում ուսանողներից պահանջվելու է ֆիզիկապես ներկա լինել լսարաններում։
Մինչդեռ մայրաքաղաքում մեկնարկող միջազգային միջոցառման պատճառով Երևանի առանցքային փողոցներն ու տրանսպորտային հանգույցները փակվելու են։ Արդյունքում, մարզերից եկող երիտասարդները հասկանում են որ ֆիզիկապես հնարավորություն չեն ունենալու ժամանակին հասնել բուհ։
Արմավիրի մարզից համալսարան հասնող ուսանողը մանրամասնում է ստեղծված իրավիճակն ու տրանսպորտային կոլապսը, ով արդեն հասցրել է բախվել խնդրին, քանի որ արդեն Հայաստան են ժամանում համաժողովի մասնակիցները
«Որ ժամը 4-ին տաքսո՞վ դուրս գամ, 10 000 դրամ ծախսեմ, հասնեմ համալսարան որ փակ փողոցներ չլինռն ու հասնեմ համալսարան ժամը 5-ին, սպասեմ մինչև 10-11-ը, որ դասս սկսվի, հետո՞ էլ սպասեմ մինչև գիշերվա 11-ը, որ ճանապարհները բացվե՞ն, որ գնամ տուն։ Օդանավակայանի հարակից խաչմերուկն էլ, որով պիտի անցնեմ, փակվելու է առավոտյան ժամը 6-ից։ Անհասկանալի է՝ ինչպես ենք հաղթահարելու այս հեռավորությունն ու սահմանափակումները, Cop17 ի շրջանակներում ինչպես գիտենք փակ են լինելու Երևանի կենտրոնը ու կարևոր նշանակության փողեցներից շատերը: Դա անհնարա դարձնում իմ համալսարան հասնելն ու դասերին մասնակցելը, ինչի մեղմ ասած այդքան էլ չի հուզում Ամերիկյան համասլարանի ղեկավարությանը: Ինչպես նշված ա պետք ա համապատասխան փաստաթղթերը ներկայացնել, բայց նույնիսկ չի նշվում արդյոք բացակաները կհամարվեն հարգելի թե ոչ: Ու նույնիսկ եթե ես չեմ մասնակցում COP17ին, մեկ է ես հնարավորությունը չունեմ հասնելու համալսարան»։
Նմանատիպ խնդրի առաջ է նաև Արագածոտնի մարզից եկող ուսանողուհին, ում երթուղին անցնում է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մոտով, որը համաժողովի օրերին գտնվելու է հատուկ վերահսկողության գոտում։
«Ես չեմ պատկերացնում, թե ինչպես ենք անցնելու։ Մարզային միակ տրանսպորտը առավոտյան ժամը 7-ին կամ 8-ին է աշխատում։ Եթե բոլորը որոշեն մեկ ժամ շուտ դուրս գալ, միևնույն է՝ փոքրիկ միկրոավտոբուսները ֆիզիկապես չեն կարողանալու բոլորին տանել, ու համակարգը պարզապես կոլապսի մեջ է հայտնվելու, »։
Ուսանողների խոսքով՝ բուհին ուղղված իրենց մտահոգություններին ի պատասխան՝ պարզապես արձանագրել են իրավիճակի բարդությունը, բայց որևէ գործուն լուծում չեն տվել։
«Մեզ ասել են, որ իրենք էլ գիտեն, թե շատ մարզերից եկողների համար է դժվար, բայց նորից են քննարկել, ու հնարավոր չի եղել փոխել, որ ասենք այդ օրերին օնլայն լինի։ Բայց ամեն դեպքում ասացին, որ մեր կոնկրետ բաժնի դեկանը տեղեկացրել է, թե հուսով են՝ ավելի զգայուն կլինեն, հատկապես մարզերից եկող ուսանողների հարցում։ Ու հավելենք, որ այդ օրերին մագիստրատուրայի դասերը մեկ է օֆլայն են լինելու․ ես, օրինակ, մագիստրոսական դասերից մեկն ունեմ, և միևնույն է՝ պետք է գամ, անգամ եթե մյուս դասերը այդ նույն օրը օնլայն լինեն», — բացատրում են նրանք։
«Քաղաքացու Ձայն»-ի զանգերին բազմաթիվ համարներից միայն ուսանողների ընդունելության բաժնից պատասխանեցին, այն էլ պարզապես նշեցին, թե իրենք տեղյակ չեն և չեն կարող որևէ կերպ օգնել կամ ուղղորդել ու տրամադրել հեռախոսահամար, թե այս խնդրով ում հետ կարող ենք խոսել։
Դասախոսների հետ կապված ամեն ինչ կախված է զուտ անհատական մոտեցումներից։ Թեև որոշ դեկաններ խոստացել են մարդկային վերաբերմունք ցուցաբերել, համակարգային հրահանգ առ այն, որ ճանապարհների փակ լինելու պատճառով ուշացումներն ու բացակաները հարգելի են համարվելու, պարզապես չկա։
«Ցանկացած դասախոս ունի իր սահմանափակումը. ամբողջ կիսամյակի ընթացքում թույլատրվում է առավելագույնը երեք բացակայություն։ Եթե ճանապարհների փակ լինելու պատճառով այդ շեմը գերազանցվի, հարցականի տակ կդրվի միջանկյալ քննություններին մասնակցելու իրավունքը», — ահազանգում են ԱՄԱ-ի ուսանողները՝ հույս ունենալով, որ բուհը վերջապես կլսի իրենց ձայնը։
Թե ի՞նչ է լինելու, ոչ մեկ չգիտի։
