Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
15/10/2026
share

Բնիկների իրավունքներից մինչև Ամուլսար. «Չկա կենսաբազմազանություն առանց մարդու իրավունքների»․ ակցիա՝ Կառավարության դիմաց

«Բնության պաշտպանությունն անբաժանելի է մարդու իրավունքներից», «Չկա կենսաբազմազանություն առանց մարդու իրավունքների ու արդարության», «Դադարեցրե՛ք Ամուլսարի հանքարդյունաբերությունը». այս և այլ կարգախոսներով այսօր՝ COP17-ի մեկնարկից առաջ, ՀՀ կառավարության շենքի դիմաց տեղի ունեցավ բողոքի ակցիա։ 

Հավաքված քաղաքացիներն ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները հայտարարեցին, որ COP17 համաժողովը չպետք է դառնա միջազգային ցուցափեղկ՝ տարածաշրջանի իրական խնդիրներն ու մարդու իրավունքների ոտնահարումները քողարկելու համար։ 

Խաղաղ ակցիայի մասնակիցները հիշեցրին Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի 22-րդ թիրախը, որն անդրադառնում է բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների իրավունքներին։ Այն սահմանում է, որ որոշումների կայացման գործընթացներում պետք է ապահովված լինի բոլորի մասնակցությունը: Մասնավորապես, բնիկ ժողովուրդները և տեղական համայնքները պետք է լիարժեք, արդար, ներառական, արդյունավետ և գենդերային հարցերի նկատմամբ զգայուն ներկայացվածություն ու մասնակցություն ունենան որոշումների կայացման գործընթացներում: Բացի այդ, կենսաբազմազանությանն առնչվող արդարադատությունն ու տեղեկատվությունը պետք է հասանելի լինեն բնիկ ժողովուրդներին ու տեղական համայնքներին, իսկ նրանց մշակույթները և հողերի, տարածքների, ռեսուրսների ու ավանդական գիտելիքների նկատմամբ նրանց իրավունքները պետք է հարգել: 
Ակցիայի մասնակիցները համարում են, որ այս բոլոր սկզբունքներն խախտված են, քանի որ Արցախի բնիկ հայ ժողովուրդը բռնի տեղահանվել է իր կենսատարածքից և զրկվել այնտեղ ապրելու ու իր ժառանգությունը պահպանելու հնարավորությունից։
Նրանց խոսքով՝ արցախցիների տեղահանումն ուղեկցվում է նաև պատմական հիշողության, մշակութային ժառանգության և ինքնության հետքերի ոչնչացման վտանգով․ Արցախի բնությունը արցախցիների ժառանգությունն է, որից հիմա զրկված են: Ակցիայի մասնակիցների պնդմամբ, հնարավոր չէ խոսել կենսաբազմազանության պաշտպանության մասին՝ անտեսելով այդ հողի վրա դարերով ապրած մարդկանց իրավունքներն ու նրանց ժառանգության ճակատագիրը։ Նրանք պահանջում են COP17-ի հարթակն օգտագործել նաև արցախցիների վերադարձի իրավունքի և մշակութային ժառանգության պաշտպանության հարցերը բարձրացնելու համար։
Ակցիայի կազմակերպիչներից Ալվարդ Զաքարյանն ուշադրություն հրավիրեց հենց այն փաստի վրա, որ համաժողովի առանցքային թեմաներից մեկը բնիկների իրավունքներն են․ 


«Այսօր Հայաստանում ապրում են բնիկ արցախցիներ, որոնք տեղահանվել են, զրկվել իրենց տնից, կենսատարածքում ապրելու և գործունեություն ծավալելու իրավունքից։ COP17-ի հիմնական թեմաներից մեկը հենց բնիկ ժողովուրդների իրավունքների մասին է, և մենք այստեղ հավաքվել ենք բարձրացնելու, որ այստեղ հանգրվանած բնիկները զրկված են ամեն ինչից»։
Անդրադարձավ նաև պատերազմի ընթացքում Արցախի անտառային հրդեհներին ու Ադրբեջանի կողմից ֆոսֆորային զենքերի կիրառմանը՝ ընդգծելով միջազգային հանրության անտարբերությունը․ 

«Մենք ձևացնում ենք, թե մեզ համար կարևոր են կլիմայական խնդիրները։ Եթե այդ ամենը կարևոր լիներ, աշխարհն աչքերը չէր փակի, երբ այրվում էին Արցախի անտառները, երբ Ադրբեջանը ֆոսֆոր էր լցնում արցախցիների վրա։ Դրանից տուժել են ոչ միայն մարդիկ, այլև բնությունը․ ինչպե՞ս կարող է մեկը վերացնել այն ամենը, ինչ պատկանում է բնությանը»։ Զաքարյանը հավելեց, որ հավաքի իմաստը հենց այդ մասին բարձրաձայնելն է և Կառավարությունից պահանջեց միջազգային հարթակն օգտագործել արցախցիների վերադարձի իրավունքը բարձրացնելու ու պաշտպանելու համար։ 

Հավաքի ընթացքում մասնակիցներն ահազանգեցին նաև հանքարդյունաբերության, մասնավորապես՝ Ամուլսարի ծրագրի վտանգների մասին։ Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ Գևորգ Սաֆարյանն ընդգծեց, որ համաժողովին ընդառաջ իշխանությունների քայլերը հակասում են բնապահպանական օրակարգին․


 «COP17-ը բնության պահպանության համաշխարհային ամենամեծ համաժողովներից մեկն է, և դրանից ընդամենը օրեր առաջ Հայաստանում բացվում է հանք և իշխանությունները մասնակցում են Ամուլսարի հանքի բացմանը։ Սա մի հանք է, որը սպառնում է մեզ բոլորիս, հանք, որի գործունեության հետևանքով Հայաստանը կարող է վերածվել տոքսիկ անապատի։ Ամուլսարի գեներացված թույնը կարող է  լցվել Սևան, քանի որ այն մոտ է ջրահավաք ավազանին, իսկ Սևանը տարածաշրջանի քաղցրահամ ջրի մեծ պաշարն է, որը կարող է թունավորվել։ Մենք այսօր այստեղից միջազգային հանրությանը ներկայացնում ենք, որ դրա հետ համերաշխ չենք»։


Նույն մտահոգությունը հայտնեց նաև բնապահպան Սիլվա Ադամյանը՝ հիշեցնելով տարիների մասնագիտական ահազանգերը․
«Երկար տարիներ խոսել ենք, ներկայացրել հիմքեր, որտեղ ասվում է, որ Ամուլսարի հանքի շահագործումը կործանիչ է Ջերմուկի համար։ Այդուհենադերձ, գործարկեցին կործանիչ ծրագիրը, որը ոչնչացնելում է բնությունը»։ 
Նա կոչ արեց կանգնեցնել նախագիծը՝ վանկարկելով․ «Ո՛չ Ամուլսարի ծրագրին»։


Մասնակիցները համաժողովի հյուրերին կոչ են անում Հայաստանի կառավարության դիրքորոշումից բացի լսել հավաքվածների պահանջներն ու մտահոգությունները։ Նրանք անվստահություն են հայտնում բնության պահպանության հարցում տարածաշրջանային համագործակցության առնչությամբ, քանի որ Ադրբեջանում պահվող գերիների ազատ արձակման և արցախցիների վերադարձի հարցերը մնում են չլուծված։
Ոստիկանությունը հավաքից առաջ փորձեց խոչընդոտել հավաքը, տեղեկացնելով, թե Կառավարության շենքի հարակից տարածքը փակ է։ Ավելի ուշ սակայն պարզվեց, որ փակ չէ։


Ակցիայի մասնակիցները քայլերթով գնացին դեպի Շվեյցարիայի հյուպատոսություն՝ նամակ հանձնելու Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար և ԵԱՀԿ գործող նախագահ Ինյացիո Կասիսին՝ ակնկալելով, որ իրենց առաջադրած հարցերը կհնչեն նաև COP17-ի ընթացքում։ Շվեյցարիային դիմելը կազմակերպիչները բացատրեցին նրանով, որ այդ երկիրը բազմիցս խոսել է արցախցիների խնդիրների մասին։ 

Ակցիայի մասնակիցները քաղաքացիներին կոչ արեցին մասնակցել COP17-ի միջոցառումներին, կանաչ գոտու հարթակներն օգտագործելով իրենց հուզող թեմաները  բարձրաձայնելու համար, ընդգծեցին, որ շարունակելու են ակցիաները՝ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելու համար։

facebook sharing button facebook