
Հոկտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը սկսվել է կրպակների ապամոնտաժումը Երևանի Աջափնյակ վարչական շրջանում։ ԶԼՄ-ներում շարունակվում են տարածվել տեսանյութեր Շինարարների փողոցից՝ լարված իրավիճակի վերաբերյալ․ հնչում են փոխադարձ մեղադրանքներ ու վիրավորանքներ։ Գիշերվանից Երևանի քաղաքապետարանը շարունակում է քանդել կրպակները, ինչը առաջացրել է դրանց վարձակալների ու սեփականատերերի դժհոգություններն ու զայրույթը։
Նրանցից շատերը փաստաթղթերով փորձում են Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներին բացատրել, որ կրպակները օրինական են, բայց նրանց ձայնը լսելի չէ։
Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանի ղեկավարության պարզաբանմամբ՝ ապամոնտաժվում են այն կրպակները, որոնք կամ ապօրինի են տեղադրվել կամ լրացել են դրանց պայմանագրային ժամկետները։ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի պարզաբանմամբ՝ շատ տնտեսվարողներ տարիների ընթացքում ինքնակամ մեծացրել են իրենց հանձնված տարածքները։ Երևանի քաղաքապետարանից էլ պարզաբանել են, որ տարածքն ազատվում է՝ բնակիչներին վերադարձնելու և այնտեղ կանաչ գոտի հիմնելու նպատակով։
Երեկ գիշերվանից սկսված ապամոնտաժումն ընթանում լարված մթնոլորտում ու տնտեսվարողների դիմադրությամբ։ Որոշ կրպակատերեր պնդում են, որ ունեն սեփականության կամ վարձակալության գործող վկայականներ։ Շինարարների փողոցում կենտրոնացվել են նաև ոստիկանական մեծ ուժեր, մի շարք ընդդիմադիր պատգամավորներ նույնպես եղել են տարածքում, փորձել պաշտպանել տնտեսվարողների շահերը։
Վարչական շրջանի ղեկավարությունը հայտարարել է, որ կրպակների վարձակալներին կօգնեն այլ տարածքներ գտնելու հարցում, իսկ օրինական շինությունների սեփականատերերի հետ կքննարկվեն փոխհատուցման տարբերակները։
